Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/429

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Ուրֆաներ»։ Ուրֆայի հայության կոտորածի կազմակերպմանը ևս մասնակցեցին գերմ․ պաշտոնյաները և մասնավորապես սպա Էքհարդը (տես՝ Bryce Viscount, The Treatment of Armenians in the Ottoman Empire 1915–1916․ Documents Presented to Wiscount Grey of Fallodon, Secretary of State for Foreign Affairs, L․, 1916, p․ 530)։
Թուրք. բռնակալության ցեղասպանության քաղաքականությունն ընդգրկեց Օսմանյան կայսրության բոլոր հայաբնակ վայրերը։ Հայերի բնաջնջումը իրականացվեց թե՛ տեղերում, թե՛ բռնագաղթի ճանապարհներին և թե՛ աքսորավայրերում՝ Միջագետքի անապատներում, հատկապես Դեր Զորում (տես Դեյր Էզ–Զորի կոտորած 1915–1916) ու Ռաս Էլ–Այնում (Ռես ուլ–Այն)։ Ընդհանուր առմամբ 1915-ին տեղահանվեց շուրջ 1,5 մլն հայ, որոնց մեծ մասը (800 հզ․) ոչնչացվեց բռնագաղթի ճանապարհներին, շատերն իրենց գերեզմանը գտան Տիգրիս ու Եփրատ գետերում, իսկ 400 հզ․ հոգի տանջամահ եղան անապատներում։ Այդ ամենը կատարվում էր թուրք. կառավարության կարգադրությամբ։ Թալեաթը հրամայել էր սպանել բոլոր աքսորյալ հայերին՝ ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց ու երեխաներին։ Ահա նրա բազմաթիվ հեռագրերից երկուսը՝ Հալեպի կուսակալին․ «Վրա հասավ արտաքսումների վերջը։ Սկսեք գործել նախկին հրամանների համաձայն, և դա կատարեցեք որքան կարելի է շուտ», «Ձեզ արդեն հաղորդվել է, որ Ջեմիյեթի ցուցումով որոշվել է լիովին ոչնչացնել Թուրքիայում ապրող հայերին։ Նա, ով դուրս կգա այդ որոշման դեմ, չի կարող մնալ պաշտոնական դիրքում։ Ինչքան էլ դաժան լինեն ձեռնարկվող միջոցները, պետք է վերջ տրվի հայերի գոյությանը։ Որևէ ուշադրություն մի դարձրեք ո՛չ տարիքին, ո՛չ սեռին և ո՛չ էլ խղճմտանքին» («The Memoirs of Naim Bey․ Turkish Official Documents Relating to the Deportations and Massacres of Armenians․ Compiled by Aram Andonian․, L․, 1920, p․ 64)։ Հալեպի կուսակալ Զելալ բեյը հրաժարվեց այդ կարգադրությունները կատարել՝ ասելով․ «Ես այս նահանգի վալին եմ և չեմ կարող նրա դահիճը լինել»։ Նա անմիջապես հեռացվեց պաշտոնից և նոր կուսակալ նշանակվեց կատաղի հայատյաց Մուստաֆա Աբդուլհալիք բեյը, որը հայտնի ջարդարար Աբդուլլահաթ Նուրի բեյի հետ միասին անմիջապես գործի անցավ՝ գլխովին ոչնչացնելով հայ աքսորյալներին։ Դեր Զորում հրեշավոր գազանություններ էր անում նրա կառավարիչ Սալեհ Զեքին, որն ասում էր․ «Եթե գիտնայի, որ սա կուրծքիս տակ բաբախող սրտիս մեջ հայերու կարեկցություն ցույց տվող կաթիլ մը արյուն գոյություն ունի, անողոքորեն պիտի պոկեի սիրտս և շուներուն պիտի նետեի» (Գալֆայան Կ․, Դիրք ելից հայոց, Բեյրութ, 1955, էջ 518)։ Նրա օգնականն էր Մահմուդ բեյը, որն անձամբ սպանեց ավելի քան 500 հոգու և մասնավորապես կազմակերպում էր հայ երեխաների ոչնչացման խրախճանք։ Ինչպես ամենուրեք, այնպես էլ այստեղ թուրք. ջարդարարներին օգնում էին գերմ․ պաշտոնյաներն ու զինվորականները, այդ թվում Մոսուլի շրջանի գերմանացի հրամանատար Շումանը։ Միայն փոքրաթիվ հայ աքսորյալներ պահպանեցին իրենց գոյությունը, այն էլ արաբ աշխատավորության օգնությամբ։
Ընդհանուր առմամբ թուրք. կառավարությունը 1915–16-ին կազմակերպեց արևմտահայության մեծ մասի բնաջնջումը, իսկ մնացածին արտաքսեց, կողոպտեց ու ավերեց նրա հինավուրց երկիրը, այնպես որ «Փոքր Ասիայում համարյա հայեր չմնացին։ Նրանք կամ կոտորված էին, կամ աքսորված» (ЦГВИА, ф․ 2000, оп․ 1, ед․ хр․ 3892, с․ 28)։ Թուրք. բռնակալներն այդպես վարվեցին նաև ասորիների նկատմամբ, կազմակերպեցին հույների ու արաբների ջարդեր, հետո՝ քրդական կոտորածներ։ Հայ ժողովուրդն առաջին աշխարհամարտում բոլորից շատ զոհեր տվեց։ Եթե 1914-ին՝ պատերազմի նախօրյակին, Օսմանյան կայսրությունում ապրում էր մոտ 2,5–3 մլն հայ, ապա դրանցից ավելի քան 1,5 մլն բնաջնջվեց, իսկ մնացածը տառապելով գաղթեց Անդրկովկաս ու Ռուսաստան, Մերձավոր Արևելքի երկրներ, Եվրոպա ու Ամերիկա, և միայն մի փոքր մասը մնաց Թուրքիայում, բայց նա էլ հետագայում զոհ դարձավ քեմալականներին։ Քիչ թվով հայեր մնացին Կ․ Պոլսում, իսկ վիլայեթներում հայության մազապուրծ բեկորները բռնի մահմեդականացվեցին։ Եթե պատերազմի ժամանակաշրջանի հայկ․ կոտորածներին ավելացվեն XIX դ․ վերջից Թուրքիայում տեղի ունեցած ջարդերը և 1917–22-ի զանգվածային սպանությունները Թուրքիայում ու Հայաստանում, ապա այդ ամբողջ ժամանակաշրջանում գենոցիդի հայ զոհերի թիվը կհասնի ավելի քան 2 մլն։
Երիտթուրք․ ու քեմալական ջարդարարների հանցանքով 1918–20-ին արևելահայությունը ևս կանգնեց լիակատար ֆիզիկական բնաջնջման վտանգի առաջ, և նրան փրկեց միայն Հոկտեմբերյան հեղափոխությունը, որի հաղթական երթը հասավ Հայաստան․ «Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հաղթանակը, Հայաստանում սովետական իշխանության հաղթանակը հայ ժողովրդին բերեցին իսկական սոցիալական ու ազգային ազատագրություն, արմատական շրջադարձ նշանավորեցին նրա ճակատագրում․․․ Սովետական իշխանության հաղթանակը փրկեց հայ ազգի հնամենի մշակույթը, սոցիալիզմի հաղթանակը վերածնեց այդ տաղանդավոր ժողովրդի հոգևոր կյանքը, լավագույն պայմաններ ստեղծեց նրա բազմակողմանի ծաղկման համար» (Բրեժնև Լ․ Ի․, Սովետական Հայաստանի 50 տարին, Ե․, 1970, էջ 10–11, 20)։
Վիթխարի չափերի հասան նաև հայ ժողովրդի նյութական վնասները, պատերազմի ժամանակ արևմտահայությանը պատճառած նյութական վնասները, որոնք հրապարակվեցին 1919–20-ի Փարիզի խաղաղության կոնֆերանսում, կազմեցին 14 մլրդ 598 մլն 510 հզ․ ֆրանկ, իսկ արևելահայությանը՝ 4 մլրդ 532 մլն 472 հզ․ ֆրանկ։ Ոչնչացվեցին ու հրո ճարակ դարձան նյութական ու մշակութային հազարավոր հուշարձաններ ու կոթողներ, հարուստ գրականություն ու ձեռագրեր։
Իրենց պապենական հողերից արտաքսված բազմահոծ հայ գաղթականները ենթարկվեցին դաժան փորձությունների ու անլուր զրկանքների արտասահմանյան երկրներում։ Իսկական փրկության դուռ բացեց միայն սովետական պետությունը, որը օգնության ձեռք մեկնեց տարաբախտ սփյուռքահայությանը։ Կազմակերպվեց մասսայական հայրենադարձություն դեպի մայր հայրենիք՝ Սովետական Հայաստան (տես Հայրենադարձություն հայերի
Մ․ ե–ի գլխավոր հանցավորը թուրք. բռնակալությունն էր։ Հայ ժողովրդի դահճապետ Թալեաթը մարդասպանի գոռոզամտությամբ դեռևս 1915-ի օգոստ․ 31-ին գոչեց․ «Հայկական հարցը լուծելու տեսակետից ես երեք ամսում ավելի շատ գործ կատարեցի, քան Աբդուլ Համիդը երեսուն տարում» (Morgenthau H., Ambassador