Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/446

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


446 ՄԵՂՄԻՉ
միջոցով (օրինակ՝ ճիշտ չեք ասում, փոխանակ՝ սուտ եք ասում, ոչ գեղեցիկ, փոխանակ՝ տգեղ)։ Որպես ոճաբանական դարձույթ Մ․ գործադրվում է գրավոր խոսքում և հարում շրջասությանը։ Մեղմասական խոսքը հաճախ աչքի է ընկնում քաղաքավարական, հորդորական, մեղմական բնույթի բառերի առատությամբ, չէի՜ք բարեհաճի փոխանցել այս տոմսակը, փոխանակ՝ փոխանցեցե՛ք։ Մ․ հատուկ է նաև ժող․ լեզվամտածողությանը, օրինակ՝ սիրտ թափել, փոխանակ՝ փսխել։ Մ․ կարող է արգելաբասության (տաբու) հետևանք լինել, երբ սնոտիապաշտական, ավանդական կամ այլ պատճառով արգելքի ենթարկված որևէ առարկայի կամ երևույթի անվան փոխարեն գործածվում է մեղմասական ձևը՝ էծերը եկան, փոխանակ՝ սատանաները եկան, պարան, փոխանակ՝ օձ։Ֆ․ Խլղաթյան ՄԵՂՄԻՉ, մեքենաների և կառույցների կոնստրուկցիաներում տատանումների մարման և հարվածների մեղմման համար ծառայող սարք։ Տարբերում են մեխանիկական, հիդրավլիկական և պնևմատիկ Մ–ներ։ Մ․ կիրառում են անհարթ ճանապարհով ավտոմոբիլի շարժման ժամանակ տատանումների մարման, ինքնաթիռի վայրէջքի ժամանակ հարվածի մեղմման համար ևն։ Մ–ի կոնստրուկցիաներում օգտագործում են զսպաններ, ռետինե տարրեր, ինչպես նաև հեղուկներ և գազեր։
ՄԵՂՄՈՑ, սուրդին (ֆրանս․ sourdine, իտալ․ sordina, < լատ․ surdus – խուլ, խուլ հնչող), երաժշտական գործիքների հնչումը խլացնող և երանգը մասնակիորեն փոխող հարմարանք։ Լարային աղեղնավոր գործիքների համար փայտից, մետաղից կամ պլաստմասսայից պատրաստված սեղմիչ է, որ հագցվում է «իշուկի» վրա, փողային մունդշտուկավոր գործիքների համար՝ մետաղից, փայտից կամ ստվարաթղթից պատրաստված տանձաձև անոթ, որ տեղադրում են փողաբերանում։
ՄԵՂՎԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ, մեղվապահություն, գյուղատնտեսության ճյուղ, զբաղվում է մեղրատու մեղուների բուծմամբ՝ մեղր, մեղրամոմ, ակնամոմ, մեղվակաթ, ծաղկափոշի, մեղվաթույն ևն ստանալու, ինչպես նաև գյուղատնտեսական բույսերի խաչաձև փոշոտումն ապահովելու համար։ Մ․ հայտնի էր դեռևս նախնադարում։ Զարգացել է մի քանի փուլով․ վայրի Մ․ (մեղրը և մոմը մարդիկ հայթայթում էին վայրի մեղուների բներից), փչակափեթակային Մ․ (մեղուներին պահում էին փչակներում, չքանդվող փեթակներում), կոճղափեթակային Մ․ (մեղուներին պահում էին կոճղերում), շրջանակավոր Մ․ (մեղուներին բուծում են հանվող շրջանակներով հավաքվող փեթակներում)։ Ռուս մեղվաբույծ Պ․ Ի․ Պրոկոպովիչի շրջանակավոր հավաքովի փեթակի (1814) և չեխ Ֆ․ Գրուշկայի մեղրաքամ մեքենայի (1865) գյուտերից հետո շրջանակավոր փեթակային Մ․ շատ երկրներում դարձավ գյուղատնտեսության բարձրապրանքային ճյուղերից մեկը։ Մ–յան գիտական հարցերի մշակմամբ գբաղվեւ են Ա․ Մ. Բուտլերովը, Մ․ Ա․ Դերնովը, Ի․ Ա․ Կաբլուկովը, Ն․ Մ․ Կուլագինը ևն։ Մեծ ավանդ են ներդրել նաև արտասահմանյան գիտնականներ Ֆ․ Յուբերը (Շվեյցարիա), Լ․ Լանգստրոտը (ԱՄՆ), Ի․ Մերինգը, Է․ Ցանդերը (Գերմանիա) ևն։
ՍՍՀՄ–ում 1979-ին կար մոտ 9,2 մլն մեղվաընտանիք, արտադրվել է մոտ 100 հզ․ տ մեղր։ Մեղվաբուծական խոշոր տնտեսություններ են (մինչև 20 հզ․ մեղվաընտանիք) կազմակերպված ՌՍՖՍՀ–ում (հատկապես Բաշկիրիայում, Հեռավոր Արևելքում, Սիբիրում), Ուկր․, Ադրբ․, Հայկ․, Ղազախ․ ՍՍՀ–ներում։ 1975-ին աշխարհում հաշվվում էր մոտ 40, այդ թվում ԱՄՆ–ում՝ 4,7, Մեքսիկայում՝ 1,8, Թուրքիայում՝ 1,7, Լեհաստանում՝ 1,4, Ֆրանսիայում՝ 1,0 մլն մեղվաընտանիք։ Հայաստանը Մ–յան հնագույն կենտրոն է։ Դեռևս Քսենոփոնը (մ․ թ․ ա․ 430–355) հիշատակել է, որ Հայաստանի լեռնային գյուղերում եղել են բազմաթիվ փեթակներ։ Մ–յան զարգացման մասին են վկայել նաև հայ պատմիչները (Մովսես Խորենացի, Հովհաննես Դրասխանակերտցի և ուրիշներ)։ Հայաստանում տարածված են եղել մեղվի դեղին ու գորշ գույնի պոպուլյացիաները (դրանք պահպանվել են նաև ներկայումս), առաջնությունը արվել է դեղին մեղվին։ Ձեռագրերում հիշատակվում են նաև բույսերի փոշոտման գործում մեղուների դերի մասին։ 1904-ին մեղվաընտանիքների թիվը Հայաստանում (8 հզ․ էր, 1912-ին՝ 25 հզ․, 1918–1920-ին՝ 15–16 հզ․։ Սովետական իշխանության հաստատումից հետո Մ․ սկսեց բարձր տեմպերով զարգանալ։ 1931-ին Երևանում կազմակերպվեց Անդրկովկասյան մեղվաբուծական զոնալ կայան (1933-ին վերանվանվեց Մեղվաբուծական հայկ․ զոնալ կայան), որը 1937-ին միացվեց ՀՍՍՀ անասնապահական փորձակայանին։ Այստեղ մշակվել են մեղվաընտանիքների բազմացման և մեղուների մթերատվության բարձրացման համալիր միջոցառումներ։ 1944-ին Անասնապահական փորձակայանը վերածվեց Անասնապահության ԳՀԻ–ի, որտեղ ստեղծվեց մեղվաբուծության բաժին։ 1958-ին վերջինիս բազայի վրա կազմակերպվեց Մեղվաբուծության փորձակայան։ 1966-ին Մեղրու շրջանում հիմնվեց մեղվաբուծության հատուկ տոհմային տնտեսություն, որտեղ բուծվում են հայկական դեղին մեղուներ (շրջանը 1966-ից հայկ․ դեղին մեղուների արգելանոց է)։ 1979-ին, 1000 շնչին ընկնող մեղվաընտանիքների քանակով, ՀՍՍՀ աշխարհում առաջինն էր (մեղվաընտանիքների ընդհանուր քանակը 150 հզ․)։
Մ–յան ղեկավարությունն իրականացնում է ՀՍՍՀ գյուղատնտեսության մինիստրության մեղվաբուծության վարչությունը։ Գիտական աշխատանքներ են տարվում Երևանի անասնաբուծական–անասնաբուժական ինստ–ի մանր անասնաբուծության ամբիոնում, գյուղատնտեսության մինիստրության մեղվաբուծության փորձակայանում։
Գրկ. Կոթողյան Ա․ Մ․, Վարդանյան Հ․ Հ․, Թումանյան Ջ․ Ի․, Մեղվաբուծություն, Ե․, 1961։Ա․ Կոթողյան ՄԵՂՎԱԹՈՒՅՆ, ապիտոքսին (լատ․ apis – մեղու և հուն․ τοξικός – թույն), աշխատավոր մեղվի խայթող օրգանի թելանման գեղձի արտազատուկ։ Անգույն, թանձր, յուրահատուկ հոտով դառնահամ հեղուկ է։ Քիմ․ բաղադրությունը դեռևս լրիվ ուսումնասիրված չէ։ Պարունակում է կենսաբանորեն ակտիվ սպիտակուց (մելիտին), ֆերմենտներ (հիալուրոնիդազ, լեցիտինազ A), ազատ ամինաթթուներ, հիստամին, մրջնաթթու և այլ թթուներ, ճարպեր, ցնդող յուղեր, որոշ միկրոտարրեր ևն։ Մ–ի ազդող նյութերից են հիստամինի գլիկոզիդը, լիպիդները և սապոնինանման (կենդանական ծագման) նյութերը։ Խտությունը 1,1313 գ/սմ3 է, օդում արագ պնդանում է։ Հեշտ լուծվում է ջրում, ավելի դժվար՝ մրջնաթթվում և 60% սպիրտում։ Ջերմակայուն է (սառեցումը և տաքացումը մինչև 115°C չեն փոխում նրա հատկությունները)։ Մեղուն խայթելիս արտադրում է 0,2–0,3 մգ թույն, մահացու քանակը՝ մոտ 0,2 գ (500–1000 խայթոց)։ Մ․ ունի հակաբորբոքային և խոլինոլիտիկ ազդեցություն։ Մ–ի պատրաստուկները (վենապիոլին, տոքսապին, ապիզարտրոն, վիրապին) օգտագործվում են լուծույթներում, քսուքներում, էլեկտրաֆորեզի միջոցով մի շարք հիվանդությունների՝ հոդացավերի, մկանաբորբերի, նյարդացավերի, ռադիկուլիտի, տրոֆիկ (սնուցողական) խոցերի, թրոմբոֆլեբիտի ևնի բուժման համար։ Հակացուցված է վարակիչ, լյարդի, երիկամների, արյան, սիրտ–անոթային համակարգի, հոգեկան հիվանդությունների, շաքարախտի և հատկապես Մ–ի նկատմամբ անհատական գերզգայունության դեպքում։Ա. Կոթողյան ՄԵՂՎԱԹՈՒՓ (Laburnum), ոսկե անձրև, թիթեռնածաղկավորների ընտանիքի տերևաթափ ծառերի կամ թփերի (մինչև 5 մ բարձրությամբ) ցեղ։ Տերևները եռմասնյա են, հերթադիր, երկար տերևակոթունով։ Ծաղիկները երկսեռ են, վառ դեղին, կախվող ողկույզներով (այստեղից՝ «ոսկե անձրև» անվանումը)։ Պտուղը բազմասերմ ունդ է։ Հայտնի 3 տեսակները վայրի վիճակում աճում են Հարավային Եվրոպայում, Փոքր Ասիայում։ Առավել տարածված է անագիրատերև Մ․ (Լ․ anagyroides), որն ունի բարձր դեկորատիվ նշանակություն և լայնորեն օգտագործվում է կանաչապատման մեջ: ՀՍՍՀ–ում մշակվում է Երևանում, Դիլիջանում, Կիրովականում, Ստեփանավանում: Մեղրատու է, պարունակում է ցիտիզին՝ թունավոր ալկալոիդ։