Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/493

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


ՄԵՐԿՈՒՐԻ 493

կուտակման միջոց էր համարում պետ․ իշխանությունը։ Տարբերում են վաղ և ուշ (զարգացած) Մ․։ Վ ա ղ Մ–ի (XV դ․ վերջ–XVI դ․ կես) գլխավոր դրույթը «դրամական հաշվեկշռի» տեսությունն էր, որը հիմնավորում էր զուտ օրենսդրական ուղիով դրամական հարստությունն ավելացնելու քաղաքականությունը։ Դրամը երկրում պահելու նպատակով արգելվում էր այն արտահանել, վալյուտայով առևտուրը համարվում էր պետության մենաշնորհը, վաճառքից ստացված դրամական բոլոր միջոցներն օտարերկրացիները պարտավոր էին ծախսել տեղական ապրանքներ գնելու վրա։ Վաղ Մ–ի ներկայացուցիչները (Ու․ Սթաֆորդ, Դ․ Սկառուֆի և այլք) դրամը համարում էին միայն կուտակման միջոց, չէին կռահում առևտրի և դրամաշրջանառության կապը։ Ուշ Մ–ի (XVI դ․ 2-րդ կես–XVII դ․) տեսական հիմքը ակտիվ «առևտրական հաշվեկշռի» գաղափարն էր, ըստ որի պետությունն այնքան հարուստ է, որքան մեծ է արտահանվող և ներմուծվող ապրանքների արժեքների տարբերությունը։ Վերջինն ապահովվում էր երկրից ապրանքներն արտահանելու և միջնորդական առևտրի միջոցով, մի երկրից էժան գնելու, մյուսում՝ թանկ վաճառելու սկզբունքով։ Առևտրական ակտիվ հաշվեկշիռ ապահովելու և արտաքին շուկաներ զավթելու նպատակով կառավարությունը հարկային համակարգի օգնությամբ կարգավորում էր օտարերկրյա ապրանքների ներմուծումը, խթանում արտահանումը։ Ուշ Մ–ի տեսաբանները (Թ․ Մեն, Ա․ Սեռա, Ա․ Մոնկրետիեն) դրամը համարում էին ապրանք, բայց չէին ըմբռնում, թե ապրանքն ինչպես և ինչու է դառնում դրամ, շրջանցում էին ապրանքի արժեքի պրոբլեմը, շահույթի գլխավոր աղբյուրը համարում էին արտաքին առևտրում ապրանքների անհամարժեք փոխանակությունը ևն։ Մ–ի քաղաքականությունը դրսևորվում էր արդյունաբերության խթանման, ակտիվ պրոտեկցիոնիզմի (տես Հովանավորման համակարգ), առևտրական կապիտալի էքսպանսիան սատարելու, հարկային դրույքները կտրուկ բարձրացնելու մեջ։ Կապիտալիզմի զարգացմամբ Մ–ի հիմնական դրույթները սպառեցին իրենց, բուրժուազիան առաջադրեց տնտ․ նոր տեսություններ, որոնց հիմքում ընկած էր առևտրի և ձեռնարկատիրության ազատության պահանջը (տես Ֆրիթրեդերականություն
ՄԵՐԿԱՉՔԵՐ (Ablepharus), մողեսների ենթակարգի, սցինկայիների ընտանիքի սողունների սեռ։ Մարմնի երկարությունը մինչև 13 սմ է։ Վերջավորությունները թույլ են, որոշ տեսակներինը՝ թերզարգացած։ Կոպերը սերտաճած են և առաջացնում են թափանցիկ անշարժ թաղանթ (այստեղից՝ «Մ․» անվանումը)։ Ականջի փոքր անցքերը հաճախ ծածկված են մաշկով կամ թեփուկներով։ Ապրում են չոր, քարքարոտ, լեռնային տափաստաններում։ Ակտիվ են ցերեկը։ Սնվում են հիմնականում միջատներով և այլ անողնաշարավորներով։ Բազմանում են ձվադրությամբ, մեկ տեսակը ձվակենդանածին է։ Հայտնի է մոտ 30 տեսակ՝ տարածված Աֆրիկայում, Հարավ–Արևելյան Եվրոպայում, Միջին և Առաջավոր Ասիայում, Ավստրալիայում, Խսղաղ օվկիանոսի կղզիներում, ՍՍՀՄ–ում՝ 6 տեսակ։ ՀՍՍՀ–ում հանդիպում են շերտավոր և եվրոպական Մ․։ Վերջինս գրանցված է ՍՍՀՄ Կարմիր գրքում։
ՄԵՐԿԱՊՏԱՖՈՍ, սիստոկս, դեմետոն, միջատասպան նյութ, ֆոսֆորօրգանական միացություն։ Սովորական պայմաններում բաց շագանակագույն հեղուկ է։ Միջատասպան հատկությունը պայմանավորված է օրգանիզմի կենսագործունեության համար անհրաժեշտ ֆերմենտները, հատկապես խոլինէսթերազները, ապաակտիվացնելու կարողությամբ։ Խիստ թունավոր է։ Քիմիապես անկայուն է, արագ քայքայվում է և բույսի վրա երկար չի մնում։ Օգտագործվում է բամբակենու և դեկորատիվ բույսերի վնասատուների դեմ պայքարելու համար։
ՄԵՐԿԱՍԵՐՄԵՐ (Gymnospermae, Pinophytata), բարձրակարգ բույսերի հնագույն խումբ (բաժին)։ Միջանկյալ տեղ է գրավում պտերանմանների և ծածկասերմերի միջև։ Պտերանմաններից տարբերվում են սերմնաբողբոջների առկայությամբ, ծածկասերմերից՝ պտղաթերթիկների բացակայությամբ։ Բազմանում են սերմերով, որոնք զարգանում են ձևափոխված մեգասպորանգիումում՝ սերմնաբողբոջում։ Սերմնաբողբոջը և սերմերը բաց կերպով տեղավորված են սպորոֆիլներում։ Մ․ հիմնականում ծառեր կամ թփեր են։ Մ–ի մեծ մասի ջրատար անոթներին փոխարինում են տրախեիդները։ Միկրոսպորոֆիլները և մակրոսպորոֆիլները խիստ տարբերվում են չափերով, կառուցվածքով և ձևով։ Հայտնի են դևոնյան դարաշրջանի վերջից։ Ենթադրվում է, որ Մ․ առաջացել են Archaepteardales կարգի անհետացած պտերանմաններից։ Հայտնի է Մ–ի մոտ 600 տեսակ՝ տարածված ամբողջ աշխարհում։ Մ–ի մեծամասնությունը պատկանում է փշատերևազգիներին, մոտ 100-ը՝ սագոենիներին, 45-ը՝ էֆեդրա, 40-ը՝ գնետում ցեղերին։ Հատկապես մեծ տարածություն են զբաղեցնում փշատերև անտառները։ Շատ Մ․ ունեն տնտ․, մելիորատիվ և դեկորատիվ նշանակություն։
ՄԵՐԿԱՏՈՐ [Mercator, Կրեմերի (van Kremer) լատինացված ազգանունը], Գերհարդ (1512–1594), ֆլամանդական քարտեզագիր։ Զբաղվել է ճշգրիտ օպտիկական (գեոդեզիական) գործիքների, գլոբուսների, քարտեզների պատրաստումով։ Հանույթային աշխատանքներ է կատարել Լոթարինգիայում ու Բավարիայում, կազմել այդ շրջանների առաջին տեղագրական քարտեզները։ Իր կազմած քարտեզների ժողովածուն անվանվել է «Ատլաս», որը մտել է համաշխարհային գրականության մեջ և օգտագործվում է աշխարհի բոլոր լեզուներով։ Հաշվել է քարտեզագրական գլանային հավասարանկյուն պրոյեկցիան (Մերկատորի պրոյեկցիա), որը ծովային քարտեզների համար մինչև այժմ էլ անփոխարինելի է։ Այդ պրոյեկցիայի վրա լոքսոդրոմիան պատկերված է ուղիղ գծով, որը հնարավորություն է տալիս արագ ու հեշտ որոշելու նավի կուրսը։ Մեծ արժեք է ներկայացնում Մ–ի կազմած և նրա մահվանից հետո՝ 1595-ին որդիների կողմից հրատարակած աշխարհի ատլասը, որը մաթեմատիկական ճշտությամբ և կատարման գեղեցկությամբ իր ժամանակին հավասարը չի ունեցել և օրինակ է ծառայել ուրիշ ատլասներ կազմելու համար։
Մ․ որոշել է երկրի մագնիսական բևեռների աշխարհագրական կոորդինատները։
ՄԵՐԿԵԼ, Մերկևլիս, Գառլիբ (1769-1850), լատվիական լուսավորիչ։ Ազգությամբ գերմանացի։ 1793–96-ին գրել է «Լատիշներ․․․» գիրքը (1797-ին գերմ․ հրատարակել է Լայպցիգում), որտեղ հանդես է եկել ճորտատիրության ու եկեղեցու սուր քննադատությամբ, պաշտպանել Լատվիայի գյուղացիությանը հողի հետ ազատագրելու գաղափարը։ 1870-ին գիրքը լույս է տեսել ռուս․, 1905-ին՝ լատվիերեն, Պետերբուրգում, վերջին հրտ․՝ 1953-ին, Ռիգայում։ «Լիվոնիան հին դարերում» (հ․ 1–2, 1798–99) գրքում Մ․ առաջին անգամ տվել է XI–XII դդ․ լատիշների և էստոնացիների կյանքի ու մշակույթի պատմության տեսությունը։ Մ․ Գերմանիայում (ուր տեղափոխվել է 1796-ին) դարձել է հայտնի հրապարակախոս ու գրաքննադատ։
ՄԵՐԿԵՐ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Գելիեգուզանի գավառում։ 1909-ին ուներ 13 ընտանիք հայ բնակիչ, զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Մ–ի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին։ Փրկվածները բնակություն են հաստատել տարբեր երկրներում։
ՄԵՐԿՈՒԶԱԼ, սնդիկային միզամուղ դեղանյութ։ Օգտագործվում է (միջմկանային) սիրտ–անոթային համակարգի հիվանդությունների, լյարդի ցիռոզի ևն հետևանքով առաջացած այտուցները վերացնելու նպատակով։
ՄԵՐԿՈՒՐԻ, հայկական անվանումը՝ Փայլածու, Արեգակնային համակարգի Արեգակին ամենամոտ մոլորակը։ Աստղագիտական նշանը ☿: Շարժվում է էլիպսով, միջին հեռավորությունն Արեգակից 58 մլն կմ է (արևամերձ կետում՝ 46 մլն կմ, արևահեռ կետում՝ 70 մլն կմ)։ Իր առանցքի շուրջը պտտվում է 58, 65, Արեգակի շուրջը՝ 88 երկրային օրում։ Պտտման առանցքը և ուղեծրային հարթությունը կազմում են 83° անկյուն։ Տրամագիծը 4865 կմ է (0,38 երկրային տրամագիծ), զանգվածը՝ 3,304․1023 կգ (0,055 երկրային զանգված), միջին խտությունը՝ 5,52 գ/սմ3։ Շարժման ընթացքում Մ–ի առավելագույն անկյունային հեռավորությունը Արեգակից (էլոնգացիան) 28°-ից չի անցնում։ Այդ պատճառով դժվար դիտելի է, դիտումները հնարավոր են միայն արևամուտից անմիջապես հետո կամ արևածագից անմիջապես առաջ՝ քառորդ փուլում։
Մ–ի հեռավորությունը Երկրից փոփոխվում է 82–217 մլն կմ սահմանում։ Անդրադարձնում է իր վրա ընկած լույսի (ալբեդո) 7%–ը։ Երևում է –0,3-ից 0,6 աստղային մեծությամբ։ Մ–ի մակերևույթի վրա կան օղակաձև լեռներ, խոր ընկած հարթավայրեր («ծովեր»)։ Մթնոլորտային ճնշումը մակերևույթի վրա կես մլրդ անգամ