աշխատողների հեղափոխական սինդիկատը»։ 1922-ին Ռիվերան, Օրոսկոն, Սիկեյրոսը սկսել են Մեխիկոյի Ազգային նախապատրաստական դպրոցի որմնանկարները, ապա անցել նաև այլ քաղաքներ։ 1950–60-ական թթ․ Մ–ի մոնումենտալ գեղանկարչության մեջ գերակշռել են ճարտ․ նոր կառույցների հետ սինթեզված ստեղծագործությունները (Օ’Գորմանի և Խ․ Չավես Մորադոյի դեկորատիվ խճանկարները, Սիկեյրոսի խճանկարային թեմատիկ ռելիեֆները, Ռիվերայի և Օ’Գորմանի որմնանկարները)։ Ճարտարապետության, քանդակագործության և գեղանկարչության սինթեզի օրինակ է Սիկեյրոսի «Պոլիֆորում» մոնումենտալ–դեկորատիվ կառույցը (1971) Մեխիկոյում։ 1930-ական թվականներից Մ–ում տարածվել է նաև մոդեռնիստական հաստոցային և մոնումենտալ գեղանկարչությունը (Ռ․ Տամայո և ուրիշներ)։ Նույն թվականների վերջից սկսվել է քաղ․ հրապարակախոսականությամբ ներթափանցված մեքս․ գրաֆիկայի ծաղկումը (հիմնականում լինոփորագրություն ու վիմագրություն)։ «Ժողովրդական գրաֆիկայի արվեստանոցում» միավորված նկարիչները հանդես են եկել հակաֆաշիստական և հակաիմպերիալիստական աշխատանքներով (Լ․ Մենդես, Պ․ Օ’Հիգգինս, Ա․ Բելտրան, Ա․ Գարսիա Բուստոս և ուրիշներ)։ Ժամանակակից քանդակագործությունը Մ–ում զարգացած է ավելի քիչ, քան գեղանկարչությունն ու գրաֆիկան, նրանում նկատելի է աբստրակտ ձևերով հրապուրվելը (Խ․ Կուետո), բայց առանձնապես հատկանշական է հին մեքս․ արձանագործության ավանդույթներին դիմելը (Կ․ Բրաչո, Ֆ․ Սունյիգա)։ Առավել արտահայտիչ են ճարտարապետության հետ կապված քանդակագործական աշխատանքները (Ռ․ Արենաս Բետանկուր, Ֆ․ Սունյիգա)։ Մ–ի ժող․ արվեստում միահյուսված են հնդկացիների և իսպ․ արվեստի ավանդույթները։
XV․ Երաժշտությունը
Երաժշտությունը մեծ տեղ է գրավել Մ–ի բնիկների, մասնավորապես հին ացտեկների կյանքում։ Մի շարք քաղաքներում գոյություն են ունեցել հատուկ դպրոցներ, ուր երաժշտություն են սովորեցրել։ Երգերը կապված են եղել ծեսերի, աշխատանքի հետ։ Երաժշտական գործիքներից էին բազմազան թմբուկները, զանգակները, քսիլոֆոնները, ծովային խեցիները։ Ժամանակակից Մ–ի տարածքի մեծ մասում կենցաղավարում է հնդկացիական երաժշտությունը, որը կրել է իսպանական և կրեոլական երաժշտական մշակույթի ներգործությունը։ Կրեոլական ֆոլկլորի առավել տարածված երգ–պարային ձևերն են՝ սոնը, խարաբեն, ուապանգոն, հաբաներան, երգայինները՝ կանսիոնը, կոռիդոն։ Ավանդական ժող․ նվագարանը կիթառն է (տարբերակները՝ կիթառոնը և խարանիտան), մասսայական են ջութակն ու տավիղը։ XVI դ․ սկզբից զարգացել է պրոֆեսիոնալ երաժշտությունը։ 1523-ին վանական Պ․ դե Գանտեն Տեսկոկոյում հիմնել է երկրում առաջին երաժշտական դպրոցը, ուր հնդկացիներին սովորեցրել են եկեղեցական երաժշտություն։ 1527-ին երաժշտական դպրոց է բացվել Մեխիկոյում։ XIX դ․ սկզբից մայրաքաղաքում և խոշոր քաղաքներում բեմադրվել են իտալացի կոմպոզիտորների օպերաներ։ 1825-ին Մեխիկոյում կոմպոզիտոր և դիրիժոր Մ․ Էլիսագան հիմնել է երկրում առաջին երաժշտական ակադեմիան, 1826-ին՝ սիմֆոնիկ նվագախումբ։ 1866-ին բացվել է կոնսերվատորիա (1877-ից՝ Ազգային կոնսերվատորիա)։ XIX դ․ կեսից, առավելապես օպերայի ժանրում, ստեղծագործել են ազգային կոմպոզիտորներ Ս․ Պանիագուա ի Վասկեսը, Ա․ Օրտեգան, Մ․ Մորալեսը, որոնց ստեղծագործությունը կրում էր եվրոպական օպերային արվեստի ուժեղ ազդեցությունը։ Եվրոպական կողմնորոշում ունեին նաև XIX դ․ վերջի – XX դ․ 1-ին կեսի կոմպոզիտորները՝ Ռ․ Կաստրոն, Ռ․ Տելիոն, Խ․ Կարիլիոն, Խ․ Ռոլոնը։ Մ․ Պոնսեն մեքսիկացի կոմպոզիտորներից առաջինը դիմեց ազգային երաժշտական ֆոլկլորին։ Ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրներն են Ս․ Ռևուելտասը և Կ․ Չավեսը (XX դ․ 1-ին կես)։ Մեքս․ երաժշտական մշակույթի զարգացման գործում նշանակալի ավանդ ունեն կոմպոզիտորներ Մ․ Բ․ Խիմենեսը, Պ․ Մոնկայոն, երաժշտագետներ Վ․ Գ․ Մենդոսան, Օ․ Մայեր Սեռան։ Երաժշտական առաջատար գործիչներից են (1973) կոմպոզիտորներ Լ․ Մանդին, Դ․ Այալան, Բ․ Գալինդոն, Ռ․ Ալֆտերը, դիրիժոր Լ․ Էռերա դե լա Ֆուենտեն, ջութակահար Գ․ Շերինգը, դաշնակահարներ Կ․ Բարախասը և Մ․ Տ․ Կաստրիլիոնը, կիթառահար Ա․ Բրիբիեսկան, երգչուհի Խ․ Աբայան, ժող․ երգերի կատարող Է․ Կասանովասը։ Մեխիկոյում գործում են Ազգային սիմֆոնիկ նվագախումբը, համալսարանի սիմֆոնիկ նվագախումբը, Ազգային օպերան, համալսարանին առընթեր Բարձրագույն երաժշտական դպրոցը։ Սիմֆոնիկ նվագախմբեր կան մի շարք քաղաքներում։ Մեծ մասսայականություն են վայելում ժող․ երաժշտություն կատարող բազմաթիվ վոկալ–գործիքային անսամբլներ։
XVI․ Բալետը
Մ–ի պարարվեստի հիմքում պարային ֆոլկլորն է, որը զուգակցում է հնդկացիների հնագույն պարերը և իսպանական պարարվեստի ավանդույթները։ Ժամանակակից բեմական պարը սկսել է ձևավորվել 1930-ական թթ․՝ ամերիկյան «մոդեռն» պարի ազդեցությամբ։ Ֆոլկլորի և «մոդեռն» պարի զուգորդման հետևանքով առաջացել են յուրօրինակ ազգային ձևեր։ 1947-ին կոմպոզիտոր Կ․ Չավեսը Գեղեցիկ արվեստների ազգային ինստ–ին առընթեր կազմակերպել է Մեքսիկական պարի ակադեմիա (որը գլխավորել է Ա․ Մերիդայի և Գ․ Բրավոյի հետ միասին)։ 1947–63-ին գործել է Գեղեցիկ արվեստների բալետ խումբը (ֆինանսավորվել է պետության կողմից)։ 1947-ից գոյություն ունի Ազգային բալետը, որ ստեղծել են Բրավոն և Խ․ Լավալիեն։ 1970-ական թթ․ սկզբի կոլեկտիվներից են Մեքսիկական պարի ակադեմիայի ժամանակակից բալետը (բալետմայստեր՝ Բ․ Խենկել), Անկախ բալետ խումբը (հիմնադրվել է 1966-ին) ևն։ Ֆոլկլորային բալետ կոլեկտիվը հիմնադրվել է 1952-ին (բալետմայստեր՝ Ա․ Էռնանդես, 1965-ին հյուրախաղերով հանդես է եկել ՍՍՀՄ–ում, 1968-ից կոչվել է Հինգ մայր ցամաքների բալետ, 1971-ից՝ Միջազգային ֆոլկլորային բալետ)։ 1966-ից Մեխիկոյում անց են կացվում պարի ամենամյա մրցույթներ։ Եվրոպական բալետի նկատմամբ հետաքրքրություն առաջացել է միայն 1950-ական թթ․։ 1952–1968-ին գործել է Համերգային բալետ խումբը (1970-ական թթ․ սկզբից կոչվել է «Դասական բալետ»)։
XVII․ Թատրոնը
Մ–ի թատերարվեստի հիմքը հին հնդկացիների պաշտամունքային ծեսերն են։ 1597-ից Մեխիկոյում գոյություն է ունեցել «Կոմեդիայի տուն» թատրոնը, 1670-ին բացվել է «Կոլիսեո» առաջին մշտական թատրոնը, 1735-ին կառուցվել «Նուևո Կոլիսեո»-ն։ Մշտական թատրոններ են ստեղծվել նաև Գվադալախարա (1758), Վերակրուս (1787) և այլ քաղաքներում։ Բեմադրվել են միայն իսպանացի հեղինակների երկեր, ելույթ ունեցել իսպանացի դերասաններ։ Անկախության համար մղվող պայքարի շնորհիվ XIX դ․ Մ–ի թատրոնը աստիճանաբար ազատագրվել է իսպանական ազդեցությունից, ձեռք բերել ազգային գծեր։ 1823-ին բացվել է «Տեատրո դել պալենկե դե լոս գալիոս» առաջին թատրոնը ժողովրդի համար։ Դերասաններ են պատրաստել Ազգային կոնսերվատորիայի դրամատիկական բաժանմունքը (1877-ից), «Մեխիկոյի լիցեյ»-ը (հիմնադրվել է 1867-ին), Երաժշտության և ասմունքի կոնսերվատորիան (1875)։ 1910–17-ի Մեքսիկական հեղափոխությունը նպաստել է ազգային թատրոնի զարգացմանը։ Բեմադրվել են XIX դ․–XX դ․ սկզբի դրամատուրգներ Մ․ Է․ Գորոստիսայի, Ֆ․ Գամբոայի, Խ․ Խ․ Ռուեդայի, Մ․ Դավալոսի և այլոց պիեսները։ Թատերական կյանքի ակտիվացմանը նպաստել է դերասանուհի և ռեժիսոր Վ․ Ֆաբրեգասի 1917-ին կազմակերպած թատերախումբը։ 1923-ին հիմնվել է Դրամատուրգների միությունը, 1946-ին՝ Գեղեցիկ արվեստների ազգային ինստ–ը (Մեխիկոյում), որին կից բացվել է դերասաններ և ռեժիսորներ կրթող դպրոց։ 1950-ական թվականներից մեծ տարածում է գտել համալսարանական թատրոնների շարժումը։ Մեխիկոյում գործում են «Խիմենես Ռուեդա», «Հիդալգո», «Խոլա», «Ռեֆորմա», «Ինսուրխենտես», մանկական, ինչպես և տիկնիկային «Գինյոլ» թատրոնները, Ազգային թատերական թանգարանը։ Բեմադրվում են ազգային դրամատուրգների և համաշխարհային դասականների պիեսներ։ Թատերական գործիչներից են Մ․ Դուգլասը, Ի․ Լոպես Տարսոն, Դ․ դել Ռիոն, Ի․ Ռետեսը, Սեկի Սանոն և ուրիշներ։
XVIII․ Կինոն
1905-ին ստեղծվել է առաջին գեղարվեստական ֆիլմը։ Հնչուն կինոյի երևան գալուց հետո, 1930-ական թթ․ թողարկվել են բազմաթիվ շահութաբեր երաժշտական ֆիլմեր՝ հանրահայտ երգիչների մասնակցությամբ։ Մեքս․ կինոգործիչների կյանքում մեծ երևույթ էր 1931–32-ին սովետական կինեմատոգրաֆիստների Մ–ի մասին ֆիլմի նկարահանման աշխատանքը
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/513
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ
ՄԵՔՍԻԿԱ 513