շրջանում, Հրազդանի ձախ ափին, շրջկենտրոնից 6 կմ հյուսիս–արևմուտք։ Բանջարաբուծական–սերմնաբուծական (փորձարարական տնտեսություն) սովետական տնտեսությունն զբաղվում է նաև անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, կուլտուրայի տուն, գրադարան, կապի բաժանմունք, կինո, մանկապարտեզ, բուժկայան։
ՂՈՒԿԱՍՅԱՆ Արամ Գրիգորի (14․8․1901, Թիֆլիս – 27․9․1972, Մոսկվա), հայ սովետական թերապևտ։ Բժշկ․ գիտ․ դ–ր (1938), պրոֆեսոր (1938), ՌՍՖՍՀ գիտ․ վաստ․ գործիչ (1961), ՍՍՀՄ ԲԳԱ թղթ․ անդամ (1965)։ ՍՄԿԿ անդամ 1918-ից։ 1926-ին ավարտել է Մոսկվայի համալսարանի բժշկ․ ֆակուլտետը, այնուհետև՝ Կարմիր պրոֆեսուրայի, փիլիսոփայության և բնագիտության ինստ–ը։ Բժշկ․ գործունեության հետ միաժամանակ ղեկավարել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստ–ի դիալեկտիկական և պատմական մատերիալիզմի ամբիոնը։ 1938-ից՝ Մոսկվայի I բժշկ․ ինստ–ի սանիտարա–հիգիենային ֆակուլտետի ֆակուլտետային թերապիայի ամբիոնի վարիչ։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1947-ից եղել է ՍՍՀՄ առողջապահության մինիստրության բժշկ․ ուս․ հաստատությունների գլխավոր վարչության պետ, կոլեգիայի անդամ, իսկ 1961–68-ին՝ 4-րդ գլխավոր վարչության գլխավոր թերապևտ։ 1963–1972-ին ղեկավարել է Մոսկվայի 1 բժշկ․ ինստ–ի բուժական ֆակուլտետի ֆակուլտետային թերապիայի ամբիոնը։ 1964–1972-ին եղել է «Տերապեվտիչեսկի արխիվ» («Терапевтический архив») ամսագրի գլխավոր խմբագիր։ Ղ–ի գիտական աշխատությունները նվիրված են մարսողության օրգանների ախտաբանությանը․ մշակել է գաստրոգեն սակավարյունությունների կլինիկական ընթացքը, հետազոտել է երիկամների, սիրտ–անոթային համակարգի ևն հիվանդությունները: Ղ․ զբաղվել է նաև հայրենական թերապիայի պատմության հարցերով։ Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային կարմիր դրոշի 2, Հայրենական պատերազմի I և II աստիճանի շքանշաններով։
Երկ․ Болезни кишечника, М․, 1964; Хронический алькоголизм и состояние внутренних органов, М․, 1968; Эволюция отечественной терапевтической мысли, М․, 1973․
ՂՈՒԿԱՍՅԱՆ Զվարթ Հովհաննեսի (15․10․1911, գ․ Դալիբաբա, Էրզրումի նահանգի Բասեն գավառում–6․12․1980, Երևան), հայ սովետական գրականագետ, գրող։ Բանասիրական գիտ․ դ–ր (1971)։ ՍՄԿԿ անդամ 1938-ից։ Եղել է ՀԿԿ Երևանի քաղկոմի քարտուղար (1951–53, 1954–55), ՀԿԿ Կենտկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչի տեղակալ (1956–58)։ 1958–80-ին աշխատել է ՀՍՍՀ ԳԱ Մ․ Աբեղյանի անվ․ գրականության ինստ–ում։ Հրատարակել է «Պատմվածքներ» (1958), «Ոտնահետքերը ցանկապատի մոտ» (1974) ժողովածուները, «Ռուս–հայ գրական կապերը նախառևոլյուցիոն շրջանում» (1961), «Ժամանակակից սովետահայ վեպը (1953–1963)» (1964), «Գրականության կուսակցականության լենինյան ուսմունքը և հայ գրականագիտությունը» (1970) աշխատությունները։ ՀՍՍՀ III–IV գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։
ՂՈՒԿԱՍՅԱՆ Հովհաննես Արամի (ծն․ 29․12․1919, Թավրիզ), հայ սովետական գրող։ Ավարտել է ծննդավայրի Հայոց կենտրոնական դպրոցը։ 1946-ին փոխադրվել է Սովետական Հայաստան։ 1944-ին Թավրիզում լույս են տեսել նրա «Առակներ և բանաստեղծություններ» գիրքը, «Հեքիաթներ և բալլադներ»-ը, «Բերդի հիշատակարան», «Զոյա» պոեմները, այնուհետև՝ «Ռուբայիներ» (1945) և «Հայրենադարձ» (1947) բանաստեղծությունների ժողովածուները։ Արձակ գործերից են «Վիպակներ» (1957), «Փոքրիկ վրիժառուներ» (1950), «Գարնանային պատմություն» (1955), «Անհանգիստ պատանեկություն» (1959) վիպակները, «Կարճատեսի արկածները» (1964) և «19 պատմվածք» (1966) ժողովածուները։ Ղ․ հայտնի է իր պատմավեպերով («Ոսկան Երևանցի», 1962, «Դեռ սպասում են», 1969, «Բոգդան Սալթանով», 1980)։ Գրել է «Սոնա» և «Մարմար» բալետների լիբրետոները։ Ղ–ի ստեղծագործությունները թարգմանվել են շատ լեզուներով։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։
Երկ․ Երկ․ ժող․, հ․ 1–3, Ե․, 1972–76։
ՂՈՒԿԱՍՅԱՆ Ղուկաս Հովհաննեսի [20․5․1899, գ․ Քալարա (Մասիսի շրջանի գ․ Ղուկասավան)–14․5․1920, Արգինա (Կարսի մարզում)], հայ հեղափոխական, կուսակցական գործիչ։ ՌՍԴԲ(բ)Կ անդամ 1917-ից։ Սովորել է Երևանի տարրական և թեմական դպրոցներում։ Հեղափոխական պայքարի մեջ ընդգրկվել է դպրոցական
տարիներից։ Ղ–ի մարքսիստական աշխարհայացքի ձևավորմանը մեծ չափով նպաստել է նրա շփումը պրոֆեսիոնալ հեղափոխական Ա․ Մելիքյանի հետ։ 1919-ի ապրիլին Ղ․, մի քանի այլ երիտասարդ կոմունիստների հետ, ստեղծել է «Սպարտակ» կոմունիստական երիտասարդական կազմակերպությունը։ Սեպտեմբերին մասնակցել է Բաքվում կայացած երիտասարդական կոմունիստական կազմակերպությունների անդրկովկասյան առաջին անլեգալ կոնֆերանսին, որտեղ ընտրվել է Անդրկովկասի կոմունիստական երիտասարդական միության ղեկավար կազմում։ 1920-ի հունվարին Ղ․ ընտրվել է Արմենկոմի կազմում։ 1920-ի գարնանը կազմակերպական ու պրոպագանդիստական լայն գործունեություն է ծավալել Երևանում և Հայաստանի գավառներում։ Մասնակցել է 1920-ի մայիսի 7-ին «Վարդան զորավար» զրահագնացքում տեղի ունեցած Արմենկոմի և մի շարք ապստամբ շրջանների ներկայացուցիչների նիստին։ Նիստից հետո Արմենկոմի հանձնարարությամբ մեկնել է Կարս։ Ընտրվել է Կարսի ռազմահեղափոխական կոմիտեի կազմում և ղեկավար մասնակցություն ունեցել Կարսի զինված ապստամբությանը։ Զոհվել է դաշնակցական զորքերի դեմ մղված մարտերից մեկում։
Ղ–ի հուշարձանը կանգնեցված է Երևանի նույնանուն պուրակում։
Նրա անունով են կոչվում ՀՍՍՀ շրջաններից մեկը, նախկին Ղզլղոչ գյուղը, ծննդավայրը, Երևանի պիոներների պալատը, փողոցներ ու դպրոցներ Երևանում, Լենինակասում և ՀՍՍՀ այլ բնակավայրերում։
ՂՈՒԿԱՍՅԱՆ, լեռնագագաթ Եղնախաղի լեռնաշղթայի հարավում, Հայկական ՍՍՀ–ի և Թուրքիայի պետական սահմանի վրա։ Բարձրությունը 3042 մ է։ Կազմված է անդեզիտա–բազալտային լավաներից։ Վերին անթրոպոգենում ենթարկվել է սառցապատման։ Լանջերին տարածված են ալպյան մարգագետիններ։
ՂՈՒԿԱՍՅԱՆ (մինչև 1956-ը՝ Վերին Ղուկասյան), գյուղ, Հայկական ՍՍՀ համանուն շրջանի վարչական կենտրոնը, Ախուրյան գետի ափերին։ Ղ–ով է անցնում Երևան–Ախալքալաք ավտոխճուղին։ Անասնապահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Գործում են միջնակարգ և երաժշտական դպրոցներ, պրոֆտեխնիկական ուսումնարան, կուլտուրայի տուն, ակումբ, գրադարան, կինոթատրոն, կապի բաժանմունք, հյուրանոց, կենցաղսպասարկման կոմբինատ, առևտրի և հասարակական սննդի օբյեկտներ, մսուր–մանկապարտեզ, հիվանդանոց (75 մահճակալով), դեղատուն, պոլիկլինիկա, սանիտարահակահամաճարակային կայան։ Ղ–ում է ժողովրդական սպառման ապրանքների գործարանը։ Ղ–ում պահպանվել է եկեղեցի և
գերեզմանոց (XIX դ․)։
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/52
Արտաքին տեսք
Այս էջը հաստատված է