Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/523

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


ՄԻԱՊՏՂԱԲԵՐ 523

է արտահայտչական զգալի կարողություն։
ՄԻԱՄՈԼԵԿՈՒԼԱՅԻՆ ՌԵԱԿՑԻԱՆԵՐ, տես Քիմիական ռեակցիայի կարգ։

ՄԻԱՆԴԱՄ, հանրահաշվական արտահայտությունների պարզագույն տեսակ, որ դիտարկվում է տարրական հանրահաշվում։ Մ․ անվանում են թվային բազմապատկիչից (գործակցից) և դրական ամբողջ ցուցիչով մեկ կամ մի քանի տառերից կազմված արտադրյալը, ինչպես նաև առանձին թիվը և տառը, օրինակ՝

:


ՄԻԱՆՁՆՅԱ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ, կառավարման սկզբունք, երբ սոցիալիստական տնտեսության տարբեր օղակների ղեկավարներին տրվում են ֆունկցիաների իրականացման լայն լիազորություններ, իսկ աշխատանքի արդյունքների համար սահմանվում է անձնական պատասխանատվություն։ ՍՍՀՄ պետ․ մարմիններում, հիմնարկ–ձեռնարկություններում աշխատանքային կարևորագույն հարցերի քննարկման ժամանակ Մ․ ղ․ զուգակցվում է կոլեգիալ ղեկավարության սկզբունքի հետ։ Տես նաև Դեմոկրատական ցենտրալիզմ հոդվածում։
ՄԻԱՆՍԱՐՅԱՆՑ Միքայել Մեսրոպի [1830, Տփղիս (այժմ՝ Թբիլիսի) – 5․2․1880, Պետերբուրգ (այժմ՝ Լենինգրադ)], հայ գիտական մատենագիտության հիմնադիր–լրագրող, հասարակական գործիչ։ Սովորել է Ներսիսյան դպրոցում, Լազարյան ճեմարանում, ավարտել Պետերբուրգի կայսերական հեծելազորային բարձրագույն ուսումնարանը (1857)։ Եղել է փոխգնդապետ։ Աշխատակցել է «Հյուսիսափայլ», «Մեղու Հայաստանի», «Кавказ» և այլ պարբերականների։ Կազմել է «Քնար հայկական» (1868) երգարանը, որի վերջաբանում, ինչպես նաև «Կանոնավոր և վայելուչ գրության պատմությունը և տեսությունը» (1872) աշխատության մեջ, ամփոփել է իր մանկավարժական հայացքները։ 1873-ին Լայպցիգում հայկ․ դպրոցների համար որպես ձեռնարկ հրատարակել է իր կազմած «Հայերեն կանոնավոր և վայելուչ գրության» վարժությունների 5 և տողանցների 4 պրակ։ Կազմել է հայ տպագիր արտադրանքի ընդհանուր մատենագիտություն (անտիպ)։ 1874–76-ին լույս է ընծայել «Կովկասի և Անդրկովկասի մատենագիտություն» աշխատության առաջին հատորը, որտեղ հայերեն, ռուս․, ֆրանս․, գերմ․, վրացերեն և այլ լեզուներով ներկայացված են մոտ 6000 գիրք, հոդված, քարտեզ, տպագիր ու ձեռագիր նյութեր։ Գերակշիռ մասը կազմում է հայերեն, ինչպես և տարբեր լեզուներով հայագիտական գրականությունը։
Գրկ․ Իշխանյան Ռ․ Հայ մատենագիտության պատմություն, պր․ 2, Ե., 1968։Ռ․ Իշխանյան ՄԻԱՆՍԱՐՈՎ Էդուարդ Արսենի (ծն․ 24․10․1933, Երևան), սովետական դաշնակահար։ Սովորել է Երևանի Չայկովսկու անվ․ և Բելոռուսիայի կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցներում։ 1958-ին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան, 1963-ին՝ կից ասպիրանտուրան (Լ․ Ն. Օբորինի դասարան)։ Երաժիշտ–կատարողների միջազգային մրցույթի դափնեկիր է (1958, Մոսկվա)։ 1959-ից համերգներ է տալիս ՍՍՀՄ քաղաքներում և արտասահմանում։ Համերգացանկում են՝ Շումանի, Շուբերտի, Լիստի, Շոպենի, Բրամսի, Սկրյաբինի, Պրոկոֆևի, Շոստակովիչի, Խաչատրյանի, Սվիրիդովի, Բաբաջանյանի, Շչեդրինի երկերը։Շ․ Ափոյան ՄԻԱՆՍԱՐՈՎ Սերգեյ Արկադիի (3․5․1916, Թիֆլիս – 7․2․1966, Թբիլիսի), գեներալ–մայոր (1953)։ ՍՄԿԿ անդամ 1942-ից։ Սովետական բանակում ծառայել է 1936-ից։ 1940-ին ավարտել է Բաքվի հետևակային ուսումնարանը։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին․ 1941–43-ին եղել է հրաձգային դիվիզիայի շտաբի բաժնի պետի օգնական, ապա՝ պետ։ 1943-ի դեկտեմբերին գլխավոր շտաբին կից բարձրագույն հատուկ դպրոցն ավարտելուց հետո նշանակվել է կորպուսի շտաբի հետախուզության պետի տեղակալ, հետագայում՝ պետ և 1-ին Ուկրաինական ռազմաճակատում՝ բանակի շտաբի հետախուզության պետ։ Մասնակցել է ռազմաճակատի հարձակողական բոլոր գործողություններին։ Ետպատերազմյան տարիներին Մ․ ծառայել է դիվիզիայում որպես շտաբի պետ, դիվիզիայի հրամանատար, միավորման հրամանատարի տեղակալ և բանակի շտաբի պետ։ 1958-ին ավարտել է Գլխավոր շտաբի ռազմ. ակադեմիան։ Եղել է ՀՍՍՀ IV գումարման Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է Կարմիր դրոշի, Ալեքսանդր Նևսկու, Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի, Կարմիր աստղի 2 շքանշաններով ու մեդալներով։Ա․ Ղազարյան ՄԻԱՆՑՔԱՆԻՆԵՐ (Monotremata), կլոակավորներ, ձվածիններ, կաթնասունների կարգ, ընդգրկում է 2 ընտանիք՝ եխիդնաներ և բադակտուցներ, 5 տեսակ։ Կաթնասունների մեջ միակ ձվածին խումբն է։ Ձվերը հարուստ են սննդանյութերով և պատված ամուր (եղջերացած) թաղանթով։ Կառուցվածքի բազմաթիվ գծերով նման են սողուններին, ազդրոսկրերը թիակների հետ ձուլված չեն, աղիքները և միզասեռական ծոցը բացվում են կլոակայի մեջ։ Մարմնի ջերմաստիճանը համեմատաբար ցածր է (26–35°C), խիստ տատանվող։ Կաթնագեղձերը պարզ են, խողովակային կառուցվածքով։ Հասուն անհատներն ատամներ չունեն։ Տարածված են Ավստրալիայում, Տասմանիայում, Նոր Գվինեայում։
ՄԻԱՇԱՔԱՐՆԵՐ, տես Ածխաջրեր։
ՄԻԱՇԱՔԻԼԱՎՈՐՆԵՐ (Monocotyledoneae կամ Monocotyledones), ծածկասերմ բույսերի դաս․ բնորոշվում է միաշաքիլ սաղմով (այստեղից՝ Մ․ անվանումը), գլխավոր արմատի փոխարեն հավելյալ արմատների գերակշռող զարգացմամբ, տերևների զուգահեռ կամ աղեղնային ջղավորությամբ։ Ի տարբերություն երկշաքիլավորների, Մ–ի փոխադրող խրձերը սովորաբար անկանոն են դասավորված, փակ են, կամբիումից զուրկ, որի հետևանքով ցողունը և արմատը հիմնականում հաստությամբ չեն աճում։ Մեծ մասի սերմնարանը վերնադիր է, ծաղկի առանցքը՝ կոնաձև, մասամբ՝ ուռուցիկ կամ հարթ։ Ցողունները թույլ են ճյուղավորված, տերևները սովորաբար պարզ են, ամբողջական։ Ենթադրվում է, որ Մ․ առաջացել են երկշաքիլավորներից՝ նախակավճի շրջանում կամ զարգացել են դրանց զուգահեռ։ Հայտնի է Մ–ի 65 հզ․, ՍՍՀՄ–ում՝ 2600 տեսակ (բարձրակարգ բույսերի մոտ 15%-ը)։ Աճում են ամենուրեք։ Հս․ և բարեխառն լայնություններում ներկայացված են գլխավորապես խոտաբույսերով․ ծառատեսակներ, հատկապես ցողունի երկրորդային աճով, հանդիպում են մերձարևադարձային, ավելի հաճախ՝ արևադարձային շրջաններում։ Մ․ կազմում են մարգագետինների, տափաստանների, սավաննաների խոտածածկի նշանակալի մասը։ Մ–ից են՝ հացազգիները, շաքարեղեգը, արմավենիները, սիզախոտը, շյուղախոտը, վարդկակաչը, շուշանը, ինչպես նաև որոշ թելատու բույսեր, դեղաբույսեր։
ՄԻԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, միիշխանություն, ինքնակալություն, կառավարման ձև շահագործողական հասարակարգերում, որի դեպքում պետության գերագույն իշխանությունը լրիվ կամ մասնակիորեն տնօրինում է նրա միանձնյա գլուխը՝ միապետը (թագավոր, կայսր, ցար, շահ, սուլթան ևն)։ Տարբերում են անսահմանափակ (տես Բացարձակ միապետություն, Բռնապետություն, Կրոնապետության) և սահմանափակ (սահմանադրական Մ․, Միապետություն դասային) Մ–ներ։ Արդի դարաշրջանում սահմանադրական Մ–ներ են Մեծ Բրիտանիան, Նորվեգիան, Դանիան, Շվեդիան ևն (տես այդ պետությունների մասին հոդվածների Պետական կարգը բաժինը)։ Ասիայի որոշ երկրներում դեռևս պահպանվում են կրոնապետական Մ–ներ։ Մ–ներ են եղել հայկ․ բոլոր թագավորությունները։ Տես նաև Պետություն։
ՄԻԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԴԱՍԱՅԻՆ, դասային ներկայացուցչական միապետություն, դասային ներկայացուցչությամբ ֆեոդալական միապետություն, ֆեոդալական պետության ձև, որի դեպքում թագավորի (կամ խոշոր ֆեոդալների) իշխանությունն իրականացվում է դասային–ներկայացուցչական հիմնարկների հետ համատեղ։ Ձևավորվել է XIII– XIV դդ․, Եվրոպայում, համապետական դասերի և դասային ներկայացուցչական մարմինների (Անգլիայում՝ պառլամենտ, Ֆրանսիայում՝ գլխավոր շտատներ, Իսպանիայում՝ կորտեսներ ևն) ստեղծման ընթացքում։ Ռուսաստանում դասային ներկայացուցչական մարմինները զեմստվային (տես Զեմստվո) ժողովներն էին (XVI–XVII դդ․)։
ՄԻԱՊՏՂԱԲԵՐ ԲՈՒՅՍԵՐ, մոնոկարպ բույսեր, բույսեր, որոնք կյանքում