համեմատության համար։ Այդ մեթոդի հետագա կատարելագործումը թելադրվում է զարգացած սոցիալիզմի փուլում պլանավորման համակարգի առջև դրված կարևոր խնդիրների կենսագործման պահանջով։ ՍՍՀՄ–ում Մ․ հ–ներ են կազմվել 1959-ի, 1966-ի, 1972-ի և 1977-ի, իսկ ՀՍՍՀ–ում՝ 1963-ի, 1966-ի, 1972-ի և 1977-ի համար։ Այժմ խոշորացված Ճյուղերի Մ․ հ–ներ են կազմվում նաև յուրաքանչյուր տարվա համար։
Գրկ․ Կոստանյան Ռ. Հ․, Միջճյուղային բալանսը և ընդլայնված վերարտադրության համամասնությունները, Ե․, 1972։ Эйдельман М. Р․, Межотраслевой баланс общественного продукта․ (Теория и практика его составления), М., 1966․
ՄԻՋՃՅՈՒՂԱՅԻՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ, տես Մրցակցություն։
ՄԻՋՃՅՈՒՂԱՅԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՊԵՐ, հասարակական ամբողջական արդյունքի արտադրության ու իրացման ընթացքում նյութական արտադրության ճյուղերի միջև առաջացող փոխկապակցություններ։ Դրսևորվում են նյութական արժեքների միջճյուղային հոսքերում և արտացոլում վերարտադրության պրոցեսի բոլոր փուլերը։ Արտադրության ճյուղերի քանակական հարաբերակցությունների ու համամասնությունների որոշման միջոց են։ Կապիտալիզմի ժամանակ, արտադրության անարխիայի ու մրցակցության օրենքի գործողության պայմաններում, արտադրության ճյուղերի հարաբերակցությունները ձևավորվում են տնտեսության մեջ մշտապես խախտված համամասնությունները ժամանակավորապես վերականգնելու միջոցով։ Կոմունիստական (սոցիալիստական) հասարակարգում դրանք սահմանվում են պլանաչափ համամասն զարգացման տնտ․ օրենքի և տնտ․ մյուս օրենքների պահանջներին համապատասխան։ Արտադրության համամասնությունների ու Մ․ տ․ կ–ի կատարելագործման միջոցով ստեղծվում է արտադրության առաջադիմական կառուցվածք և բարձրացվում հասարակական արտադրության արդյունավետությունը։
Նյութական արտադրության մեջ առանձնացվում են աշխատանքի առարկաների ընթացիկ արտադրության և արտադրական ծառայությունների, արտադրության ընդլայնման և շարքից դուրս եկած հիմնական ֆոնդերի փոխհատուցման կապերը։ Տարբերվում են նաև միջանկյալ արտադրանքի (որն ընթացիկ արտադրության մեջ հետագա վերամշակման է ենթարկվում) և հասարակության վերջնական սպառմանը (անձնական և հասարակական սպառում, կուտակում, շարքից դուրս եկած հիմնական ֆոնդերի փոխհատուցում, արտահանում) գնացող արտադրանքի կապերը։
Մ․ տ․ կ–ի վերլուծության և պլանավորման կատարելագործման միջոց է հասարակական արդյունքի արտադրության ու բաշխման միջճյուղային հաշվեկշիռը։ Նյութական արտադրության յուրաքանչյուր ճյուղ կապված է նյութական ռեսուրսների մատակարարների և պատրաստի արտադրանքի սպառողների հետ։ Միջճյուղային հաշվեկշռում տրվում են միջճյուղային քանակական կապերը բնութագրող արտադրանքի թողարկման ու բաշխման գործակիցները։ Առաջինները բնութագրում են ծախսերի, երկրորդները՝ ըստ առանձին սպառողների թողարկվող արտադրանքի բաշխման կառուցվածքը։ Նյութական ծախսերի գործակիցներով որոշում են տարբեր ճյուղերի արտադրանքի պահանջի չափը տվյալ ճյուղի ընթացիկ արտադրության կարիքների համար։ Արտադրանքի թողարկման գործակիցների միջոցով վերլուծվում են յուրաքանչյուր ճյուղի կոնկրետ արտադրանքի արտադրության ծավալի պահանջարկի տարրերը և մասերը։ Արտադրության ճյուղերի տնտ․ կապերը տարբերվում են միմյանցից, օրինակ, թեթև ու սննդի արդյունաբերության արտադրանքի հիմնական մասն օգտագործվում է ժող․ սպառման, իսկ մեքենաշինությանն ու շինարարությանը՝ կուտակման համար։ Արտադրանքի բնույթից կախված, ճյուղերի մի մասի տնտ․ կապերը խիստ սահմանափակ են, իսկ մյուսների (օրինակ, էլեկտրաէներգետիկայի) արտադրանքն օգտագործվում է արտադրության բոլոր ճյուղերում կամ դրանց մեծ մասում։ Ժողտնտեսության զարգացման տեմպերի ու համամասնությունների վրա վճռորոշ ազդեցություն ունեն Մ․ տ․ կ–ի 10–15%-ը։
Ճյուղերի ուղղակի կապերից բացի, ժողտնտեսության մեջ կան նաև անուղղակի կապեր, որոնք միջնորդավորվում են մի շարք ճյուղերի արտադրանքի թողարկմամբ։
Արտադրության ճյուղերի կապերի ու հարաբերակցությունների փոփոխությունը կատարվում է գիտատեխնիկական առաջընթացի հիման վրա։
Գրկ․ Մարգարյան Շ․ Մ․, Հայկական ՍՍՀ ժողովրդական տնտեսության միջճյուղային կապերը, Ե․, 1970։ Межотраслевые связи в народном хозяйстве СССР, под ред․ Ф․ Н. Клоцвога и Р․ А․ Бузулова, М․, 1968.
ՄԻՋՄԱՅՐՑԱՄԱՔԱՅԻՆ ՀՐԹԻՌ, «երկիր–երկիր» դասին պատկանող, մարտական, կառավարվող բալիստիկ հրթիռ։ Թռիչքի հեռավորությունն ավելի քան 10 հզ․ կմ է։ Մ․ հ–ները նախատեսված են մեծ հեռավորությունների վրա կամ հեռավոր մայր ցամաքներում գտնվող օբյեկտներ ոչնչացնելու համար։ Մ․ հ–ները բազմաստիճան են։ Մեկնարկային զանգվածը 100–150 տ է, օգտակար բեռը՝ մինչև 3,2 տ։ ԱՄՆ–ում Մ․ հ–ները օգտագործվել են որպես տանող հրթիռներ՝ տիեզերական օբյեկտները ուղեծիր դուրս բերելու համար։ Օրինակ, ամերիկյան «Ատլաս» և «Տիտան» Մ․ հ–ների օգնությամբ իրականացվել է «Մերկուրի» և «Ջեմինի» տիեզերանավերի արձակումը։
ՄԻՋՄՈԼԵԿՈՒԼԱՅԻՆ ՓՈԽԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ, էլեկտրականապես չեզոք մոլեկուլների կամ ատոմների փոխազդեցություն։ Մ․ փ–յամբ է որոշվում հեղուկների և մոլեկուլային բյուրեղների գոյությունը և իրական ու իդեալական գազերի տարբերությունը։ Մ․ փ․ առաջինը հաշվի է առել Վան–դեր–Վալսը (1873) իրական գազերի և հեղուկների հատկությունները բացատրելու համար։ Վան–դեր–Վալսի պատկերացումների համաձայն՝ փոքր հեռավորությունների վրա գործում են վանողական ուժեր, որոնք վերածվում են ձգողականի, երբ հեռավորությունը մոլեկուլների միջև մեծանում է։ Մ․ փ․ մոլեկուլային ուժերի, այսինքն՝ վանողական և տարբեր բնույթի (դիրքորոշման, ինդուկցիոն և դիսպերսիոն) էլեկտրական ձգողական ուժերի արդյունք է։ Դիրքորոշման ուժերը գործում են բևեռային մոլեկուլների միջև, ինդուկցիոն կամ բևեռացման ուժերը՝ բևեռային և ոչ բևեռային մոլեկուլների միջև, իսկ դիսպերսիոն ուժերը՝ ոչ բևեռային մոլեկուլների միջև։ Այդ փոխազդեցության բնույթի բացատրությունը հնարավոր եղավ միայն քվանտային մեխանիկայի ստեղծումից հետո։ Մ․ փ․ կախված է մոլեկուլների միջև եղած հեռավորությունից, փոխադարձ դիրքից և նկարագրվում է փոխազդեցության պոտենցիալ էներգիայով։ Այդ էներգիան մեծ հեռավորությունների վրա համեմատական է -ին։ Վանողական ուժերը գործում են շատ փոքր հեռավորությունների վրա, երբ ատոմների լրացված էլեկտրոնային թաղանթները ծածկում են միմյանց։ Վանողական ուժերի պոտենցիալ էներգիան համեմատական է -ին, այսինքն՝ շատ արագ աճում է, երբ հեռավորությունը ատոմների միջև փոքրանում է։ Մ․ փ․ նկարագրվում է տարբեր փորձնական բանաձևերով, մասնավորապես, այսպես կոչված, Լենարդ–Ջոնսի պոտենցիալով՝
- :
Բանաձևի մեջ մտնող և պարամետրերը որոշվում են փորձնական ճանապարհով։ ՄԻՋՆԱԲԵՐԴ, պատմական բնակավայրի (ամրոց, քաղաք) առավել անառիկ՝ բարձրադիր և պարսպապատ մասը։ Մ․ բնակավայրի կենտրոնական և ամենազորեղ պաշտպանական հենարանն էր, որտեղ գտնվում էին թագավորի կամ տեղական վարչապետի ու ավագանու պալատական, բնակելի կառույցները, պաշտամունքային, վարչական ու տնտ․ շինություններ, զորանոցներ։ Ամրոցի կամ քաղաքի բնակելի թաղամասերի գրավման դեպքում բնակչությունը պատսպարվում էր Մ–ում, որտեղ նախապես ամբարված էր լինում սննդամթերք, խմելու ջուր, զինամթերք։ Մ․ երբեմն ունենում էր նաև ստորգետնյա գաղտնուղի՝ արտաքին աշխարհի հետ կապի, թշնամուն թիկունքից հարվածելու և, անհրաժեշտության դեպքում, փախուստի համար։ Ասուրական Դուր Շարուկին քաղաքի Մ․ (10 հա տարածքով) կառուցված էր 14 մ բարձրությամբ արհեստական հարթակի վրա։ Հին Հունաստանում Մ․ կոչվել է ակրոպոլիս, Հին Հռոմում՝ կապիտոլիում։ Նշանավոր են եղել Աթենքի Ակրոպոլիսը և Հռոմի Կապիտոլիումը։ Մ–եր ունեցել են նաև արևմտաեվրոպական, ռուս. և միջինասիական միջնադարյան քաղաքները, որտեղ դրանք համապատասխանաբար կոչվել են սիթի, կրեմլ, արկ։