նպաստել է մաներիզմի զարգացմանը, սակայն ի տարբերություն նրա արվեստը միակողմանիորեն ըմբռնող մաներիստների, մինչև վերջ նա իր ստեղծագործություններում պահպանել է սերը մարդու, հավատը նրա մեծության ու գեղեցկության հանդեպ։
Պատկերազարդումը տես 625-րդ էջից առաջ՝ ներդիրում։
Գրկ․ Либман М․ Я․, Микеланджело Буонарроти, [М․, 1964]; Ротенберг Е․ И․, Микеланджело, М․, 1964; Лазарев В․ Н․, Микеланджело, в его кн․։ Старые итальянские мастера, М․, 1972, с․ 447–606․
ՄԻՔՍԻՆՆԵՐ (Myxini), անծնոտների դասի ողնաշարավոր կենդանիների ենթադաս։ Մարմնի երկարությունը 45–70 սմ է։ Բերանը և կենտ քթանցքը շրջապատված են մսալի 6–8 բեղիկներով։ Արյունատար համակարգը բաց է, ունեն 1 հիմնական և 3 լրացուցիչ սիրտ։ Հայտնի է Մ–ի 15 (ՍՍՀՄ–ում՝ 1) տեսակ, տարածված համաշխարհային օվկիանոսի բարեխառն և մերձարևադարձային շրերում։ Գիշատիչ են, սնվում են գլխավորապես թուլացած ձկներով, որոնց մարմնի մեջ են խրվում հզոր, ատամնավոր լեզվի օգնությամբ։ Որոշ Մ․ վնաս են հասցնում ձկնորսությանը։
ՄԻՔՍՈԲԱԿՏԵՐԻԱՆԵՐ (Myxobacteria), (< հուն․ μύξα – լորձ և բակտերիա), ցուպիկաձև, 0,5 x 3–15 մկմ չափերով, գրամ–բացասական, գլխավորապես աերոբ, հետերոտրոֆ միաբջիջ օրգանիզմներ։ Տեսակների մեծ մասն ունի կորիզ։ Ընդունակ են պտղամարմին առաջացնելու։ Շարժվում են «ռեակտիվ» սկզբունքով՝ լորձ արտադրելով։ Բազմանում են ձգմամբ կամ երկայնակի կիսվելով։ Որոշ գիտնականներ Մ–ին դասում են կապտականաչ ջրիմուռների, մյուսները՝ նախակենդանիների շարքը։ Լայնորեն տարածված են բնության մեջ՝ հողում, գոմաղբում, օրգ․ մնացորդներում և մասնակցում են դրանց աերոբ քայքայմանը։
ՄԼԱԿԱՅԻՆ ՏԵՆԴ, պապատաչի տենդ, եռօրյա տենդ, վիրուսային հիվանդություն։ Հարուցիչը ֆիլտրվող վիրուսն է, որը մարդու օրգանիզմ է թափանցում Phlebotomus pappatasi մլակների խայթման ժամանակ։ Գաղտնի շրջանը տևում է 3–6 օր։ Հիվանդությունն սկսվում է հանկարծակի, ուղեկցվում ջերմության բարձրացմամբ (39,5–40,5°C, տևում է 3–5 օր), գլխացավերով։ Ցավեր են առաջանում նաև աչքերը շարժելիս, ձկնամկանների, թիկունքի և սրբանոսկրի շրջաններում։ Վիրուսն արյան մեջ հայտնաբերվում է հիվանդության սկզբից 24–36 ժ անց։ Մ․ տ․ տարածված է տաք երկրներում (Մերձավոր Արևելք, Արևելյան Աֆրիկա, Կենտրոնական և Հարավային Ամերիկա, Եվրոպայի միջերկրածովյան ափեր), ՍՍՀՄ–ում օջախներ են նկատվել Ղրիմում, Միջին Ասիայում, Անդրկովկասում և Կովկասում, սակայն մլակների ոչնչացման արմատական միջոցառումների շնորհիվ դրանք վերացվել են։ Տեղական բնակչությունը Մ․ տ–ի հանդեպ իմունիտետ է ձեռք բերում մանկական տարիքում հիվանդանալուց հետո կամ համաճարակային օջախ գալուց 1–2 տարի անց։ Զանգվածային բռնկումը նկատվում է այլ երկրներից ժամանած ընկալունակ բնակչության մեջ։
ՄԼԱԿՆԵՐ (Phlebotomidae), արյունածուծ երկթևանի միջատների ընտանիք։ Մարմինը խավոտ է, դեղին կամ մոխրագույն, երկարությունը՝ 1,2–3,7 մմ։ Բեղիկները 16-հատվածանի են, թևերը՝ մարմնից վեր բարձրացած, կնճիթը՝ երկար։ Ցերեկը թաքնվում են, ակտիվ են մթնշաղին և գիշերը։ Արուները սնվում են բույսերի և պտուղների հյութերով, էգերը՝ սողունների, թռչունների, կաթնասունների և մարդու արյունով։ Ապրում են տարբեր կենդանիների բներում, քարանձավներում, ժայռերի ճեղքերում, գոմերում և այլուր։ Թրթուրները զարգանում են քայքայվող օրգ․ նյութերում։ Տարածված են բոլոր մայր ցամաքների տաք շրջաններում (մոտ 500 տեսակ)։ ՍՍՀՄ–ում հանդիպում են 2 սեռի ավելի քան 50 տեսակ։ ՀՍՍՀ–ում Մ․ տարածված են տափաստանային և կիսաանապատային շրջաններում» ծովի մակերևույթից մինչև 1800 մ բարձրության վրա։ Մ․ ակտիվ են մայիսից մինչև սեպտեմբեր–հոկտեմբեր։ Սովորաբար տարեկան տալիս են 2 սերունդ։ Ձմեռում են թրթուրները։ Մ․ մլակային տենդի (պապատաչի) և լեյշմանիոզների հարուցիչների փոխանցողներ են։ Պայքարի միջոցները, պատերի ճեղքերի, կրծողների բների վերացում, կրծողների բնաջնջում, ինսեկտիցիդներ։
ՄԼԵՀ (ծն․ թ․ անհտ․ – 1175), Կիլիկյան Հայաստանի Մեծ իշխան 1169-ից։ Լևոն Ա Ռուբինյանի որդին։ Հաջորդել է եղբորը՝ Թորոս Բ-ին։ Հոր գերեվարության տարիներին (1137–43) ապրել է Եդեսիայում՝ քեռու մոտ։ Այնուհետև իր եղբայր Ստեփանեի հետ ավելի քան երեք տասնամյակ գլխավորել է հայկ․ բանակը, եռանդուն աջակցել Թորոս Բ–ին՝ երկրի ազատագրման և պետականության կայունացման գործերում։ Հռչակվել է քաջությամբ ու հմուտ դիվանագիտությամբ։ 1160-ական թթ․ 2-րդ կեսին, արտաքին քաղաքականության հարցերում (ձգտել է դաշնակցել արլ․ դրացիների հետ և նրանց զինակցությամբ պայքարել խաչակիր ասպետների, սելջուկյան թուրքերի և բյուզանդացիների դեմ) գժտվելով Թորոս Բ–ի հետ, արտաքսվել է երկրից Թորոս Բ–ի մահից հետո Մ․ վերադարձել է հայրենիք, գրավել իշխանանիստ Վահկան և հռչակվել Հայոց Մեծ իշխան։ 1171–72-ին, երկրից վտարելով խաչակիր ասպետներին ու ֆրանկ հոգևորականներին, բռնագրավել է Կիլիկիայում նրանց հատկացված կալվածները։ Պարտության է մատնել խաչակիրներին աջակցող Անտիոքի դքսության և Երուսաղեմի թագավորության միացյալ ուժերին։ 1173-ին Հալեպի ամիրա Նուր ադ Դինի զինական օգնությամբ ջախջախել է բյուզանդական զորքը, գրավել Տարսոն, Ադանա և Պոմպեապոլիս քաղաքները, ազատագրել Դաշտային Կիլիկիայի մեծ մասը։ Նույն թվականին Կիլիկյան Հայաստանի նոր մայրաքաղաք է հռչակել վերակառուցած Սիսը։ Մ․ դաժանորեն պատժել է իր քաղ․ գծին ընդդիմացող հայ իշխաններին և լատինամոլ կղերականներին՝ հարուցելով նրանց դժգոհությունը։ Ի վերջո Մ․ դարձել է պալատական դավադրության զոհ։ Ստեփանեի որդի Ռուբեն Բ դավադիրներին դատապարտել է մահապատժի, իսկ Մ–ի դին, իր զենք ու զրահով, ամփոփել Մեծքար վանքում։
Գրկ․ Ալիշան Ղ․, Սիսուան, Վնտ․, 1885։ Микаелян Г․ Г․, История Киликийскогоармянского государства, Е․, 1952․
ՄԼԵՀ (ծն․ թ․ անհտ․ – մոտ 973), հայազգի բյուզանդական ռազմական գործիչ։ Եղել է սխոլերի դոմեստիկոս (սպարապետ) և գլխավորել բյուզանդական զորքը արաբների դեմ կռվում։ 973-ին գրավել է Մելիտենեն, հարձակվել է Ամիդի վրա, բայց գերվել և տարվել է Բաղդադ, որտեղ մահապատժի է ենթարկվել։
«ՄԼՔԵ ԹԱԳՈՒՀՈՒ ԱՎԵՏԱՐԱՆ», IX դարի հայկական ձեռագիր մատյան։ Պահպանվում է Վենետիկի Մխիթարյանների (Ս․ Ղազար կղզի) մատենադարանում (ձեռ․ № 1144/86)։ Ըստ առաջին կազմողի թողած հիշատակարանի, ստեղծվել է 862-ին։ Գրված է ընտիր մեսրոպյան բոլորանկյուն երկաթագրով՝ մագաղաթյա թերթերի վրա։ Ունի վեց խորան, մեկ տերունական նկար («Համբարձում») և չորս ավետարանիչների պատկերներ։ Վաղ շրջանի մանրանկարչությանը հատուկ կիսախորաններ և գլխազարդեր չունի։ «Մ. թ․ Ա․» կոչվում է Վասպուրականի Մլքե թագուհու (հավանաբար Գագիկ Արծրունի թագավորի երկրորդ կնոջ) անունով, որի մասին կա հիշատակություն։ Գագիկ Արծրունին «Մ․ թ․ Ա․» նվիրաբերել է Վարագա Ս․ Նշան եկեղեցուն։ Այն տարբեր ժամանակներում (սկսած 1208-ից) մի քանի անգամ փրկագնվել է նվաճողներից և վերադարձվել եկեղեցուն։ «Մ․ թ․ Ա․» 1830-ին Վենետիկի Մխիթարյաններին է նվիրաբերել ախալցխացի Գրիգոր Ներսիսյանցը։
«Մ․ թ․ Ա․» համարվում է վաղ միջնադարյան մանրանկարչության կարևոր աղբյուրներից։ Ժամանակագրական կարգով հաջորդում է «Էջմիածնի Ավետարանի» վերջում կցված VII դ․ մանրանկարներին։ Մանրանկարներն ունեն կոթողային բնույթ (մարմար և պորփյուր հիշեցնող զանգվածային սյուներ, ծիածանաձև կամարներ, աստիճանաձև խարիսխներ խորաններում, հորինվածքի կանոնավոր ներդաշնակ երկրաչափական կառուցվածք «Համբարձման» մեջ՝ խմբերի սիմետրիկ դասավորումով, նստած կամ կանգնած ավետարանիչների վսեմ կեցվածքներ՝ անտիկ նախաբեմի ֆոնի վրա)։ Խորանների կամարադաշտերում կոկորդիլոսների, հավալուսների, ձկների, նավակների և ձկնորսների
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/628
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ