Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/664

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


ուսումնասիրությամբ, առարկայական Մ–ման տարատեսակ է։ Այն կիրառվում է հիդրոտեխնիկայում, ավիացիայում, հրթիռային և տիեզերական տեխնիկայում, շինարարական գործում, նավաշինության, սարքաշինության մեջ ևն։ Ֆիզիկական Մ–ման հիմնական խնդիրը այնպիսի երևույթների հետազոտությունն է, որոնք տեղի են ունենում կամ կարող են տեղի ունենալ «բնօրինակային պայմաններում»։ Ֆիզիկական Մ–ման հիմքում ընկած են նմանության տեսությունը և չափողականությունների վերլուծությունը։ Նախատիպի և մոդելի որոնվող մեծությունները ժամանակի համապատասխան կետում համեմատական են։ Այդ փաստը հնարավորություն է տալիս մոդելի ուսումնասիրության արդյունքները վերահաշվարկել նախատիպի համար՝ «նմանության գործակիցներ» կոչվող բազմապատկիչների օգնությամբ։
Մ․ էկոնոմիկայում ուսումնասիրվող (կամ կառավարվող) օբյեկտի վերացական մոդելի կառուցման միջոցով տնտ․ համակարգերի հետազոտման մեթոդ է։ Ենթադրում է օբյեկտի ուսումնասիրություն, մոդելի կառուցում և փորձարարական կամ տեսական վերլուծություն։ Արդյունքում ստացվում են հետազոտվող օբյեկտի մասին քանակական և որակական տվյալներ։ Տնտ․ համակարգերի մաթ․ և կիբեռնետիկական մոդելների միջոցով հետազոտվում են այդ համակարգերի գործունեության սկզբունքները, կատարվում է տեսական դրույթների ստուգում և ճշգրտում ըստ որոշակի չափանիշի՝ զարգացման տարբերակների հնարավոր բազմություններից լավագույնի ընտրություն, տնտ․ համակարգի կառուցվածքի, զարգացման դինամիկայի, կայունության, մակրոէկոնոմիկայի պարամետրերի հարաբերակցության, արժեքային ցուցանիշների որոշում ևն։ Տնտ․ համակարգերի օպտիմալ կառավարման խնդիրները լուծելիս այո մեթոդով որոշվում են աշխատանքային, նյութական, բնական ռեսուրսների չափերը, ինչպես նաև գիտատեխնիկական առաջընթացի մակարդակը բնութագրող պայմանները՝ ժամանակի յուրաքանչյուր պահի համար։ Մ–ման միջոցով պլանի օպտիմալացումը ապահովում է տնտ․ զգալի արդյունք։ էկոնոմիկական Մ–ման արդյունավետությունը որոշվում է օբյեկտի մասին ելակետային դրույթների գիտական հիմնավորվածությամբ, ինչպես նաև դրա էական բնութագիրը հետազոտողի կողմից առանձնացնելու հմտությամբ։ Էկոնոմիկական բարդ համակարգերի հետազոտության համար օգտագործվում են առավելապես մաթ․ մոդելներ։
Մ․ կենսաբանության մեջ կիրառվում է մոդելների օգնությամբ կենսաբանական կառուցվածքների, գործողությունների և պրոցեսների ուսումնասիրման համար՝ կենդանի օրգանիզմի կազմակերպման տարբեր մակարդակներում (մոլեկուլային, ենթաբջջային, բջջային, օրգանային ևն)։ Կենսաբանական գիտություններում կիրառվում են Մ–ման տարբեր տեսակներ։ Մի դեպքում, որպես մարդու կամ այլ կենդանի օրգանիզմի մոդել, հանդես է գալիս փորձակենդանին (շուն, առնետ, կապիկ), որի միջոցով վերարտադրվում են որոշակի վիճակներ կամ հիվանդություններ։ Դա թույլատրում է փորձնականորեն ուսումնասիրել տվյալ վիճակի կամ հիվանդության մեխանիզմը և ներգործել նպատակահարմար ձևով։ Մեկ այլ դեպքում, ֆիզիկական կամ քիմ․ միջոցներով վերարտադրվում են կենսաբանական կառուցվածքներ, գործողություններ կամ պրոցեսներ։ Մ․, որպես կանոն, մոդելավորվող կենսաբանական երևույթի մոտավոր նմանակն է։ Կենսաբանական գիտությունների արդի զարգացումը զգալի չափով պայմանավորված է մաթ․ (տրամաբանական) մոդելների կիրառմամբ, որոնց օգնությամբ տրվում է կենդանի համակարգերի կառուցվածքի, կապերի և գործողության օրինաչափությունների մաթ․ կամ տրամաբանական–մաթեմատիկական նկարագրությունը։ Կենդանի համակարգերի մաթ․ (տրամաբանական) մոդելները կառուցվում են կամ փորձնական տվյալների հիման վրա, կամ մտահայեցողաբար՝ ինչ–որ հիպոթեզի օրինաչափության նկարագրությամբ։
Մ–ման ճանաչողական դերը նոր տեսությունների ստեղծմանը նպաստելն է։ Հաճախ տեսությունը ծագում է ուսումնասիրվող երևույթը մոտավոր, պարզեցված արտացոլող մոդելի տեսքով, որպես նախնական, աշխատանքային հիպոթեզ։ Հետագայում Մ–ման ընթացքում առաջ են գալիս նոր գաղափարներ, բացահայտվում մինչ այդ անհայտ փաստեր, որոնց հիման վրա ճշգրտվում է նախկին մոդելը, ստեղծվում ավելի կատարյալ և ամբողջական մոդել։
Գրկ․ Մոդելը և մտային էքսպերիմենտը ֆիզիկական իմացության մեջ, Ե․, 1975։ Эшби У․ Р․, Введение в кибернетику, пер․ с англ․, М․, 1959; Глинский Б․ А․ и др․, Моделирование как метод исследования (гносеологический анализ), Л․, 1965; Штофф В․ А․, Моделирование и философия, М․–Л․, 1966; Чавчавадзе В․ В․, Гельман О․ Я․, Моделирование в науке и технике, М․, 1966; Уемов А․ И․, Логические основы метода моделирования, М․, 1971; Бирюков Б․ В․, Геллер Е С․, Кибернетика в гуманитарных науках, М․, 1973․ Լ․ Քոչարյան, Ա․ Պետրոսյան, Ի․ Զասլավսկի, Գ․ Բաբաջանյան, Հ. Սարգսյան ՄՈԴԵՆԱ (Modena) Գուստավո (1803 – 1861), իտալացի դերասան։ Պադուայի համալսարանում ստացել է իրավաբանական կրթություն։ Բեմական գործունեությունն սկսել է 1824-ին։ Ելույթ է ունեցել տարբեր թատերախմբերում, այնուհետև կազմակերպել սեփականը։ Մ․ մասնակցել է 1831-ի Բոլոնիայի ապստամբությանը, սերտ կապերի մեջ եղել «Երիտասարդ Իտալիա» գաղտնի հանրապետական ընկերության և նրա հիմնադիր Ջ․ Մաձինիի հետ։ Ձգտել է թատրոնը զենք դարձնել հանուն իր ժողովրդի ազատության և անկախության պայքարի։ Լավագույն դերերից են՝ Ադելգիզ (Մանձոնիի «Ադելգիզ»), Բրուտոս, Սավուղ, Փիլիպոս (Ալֆիերիի «Բրուտոս», «Աավուղ», «Փիլիպոս») ևն։ Մ–ի գործունեությունը նպաստել է դերասանական արվեստի իտալ․ ռեալիստական դպրոցի ստեղծմանը։ Եղել է դերասաններ Ա․ Ռիստորիի, Է․ Ռոսիի, Թ․ Սալվինիի ուսուցիչը։ 1888-ին լույս են տեսել Մ–ի նամակները, որոնք մեծ հետաքրքրություն են ներկայացնում թատրոնի ուսումնասիրման համար։
Գրկ. История западноевропейского театра, т․ 3, М., 1963․
«ՄՈԴԵՌՆ», «մոդեռն» ոճ (ֆրանս․ moderne – նորագույն, արդիական), XIX դարի վերջի և XX դարի սկզբի եվրոպական և ամերիկյան արվեստի ոճական ուղղության անվանումներից մեկը։ Բելգիայում, Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ–ում հայտնի է որպես «Նոր արվեստ» (Art Nouveau), Գերմանիայում՝ «Յուգենդստիլ» (Jugendstil), Ավստրիայում՝ «Սեցեսսիոնի ոճ» (Sezessionstil), Իտալիայում՝ «Լիբերտի ոճ» (stile Liberty), Իսպանիայում՝ մոդեռնիզմ (modernismo)։ «Մ․» առաջացել է բուրժ․ մշակույթի ճգնաժամի պայմաններում, որպես նեոռոմանտիկական բողոքի տարատեսակ՝ ընդդեմ գռեհկության, քաղքենիության, հակաէսթետիզմի, պոզիտիվիզմի և պրագմատիզմի։ «Մ․»-ի գեղագիտությունը ձևավորվել է սիմվոլիզմի և էսթետիզմի, Ֆ․ Նիցշեի «կյանքի փիլիսոփայության» գաղափարների ազդեցությամբ։ Ըստ նրա մի շարք տեսաբանների (բելգիացի Հ․ Կ․ վան դե Վելդե, որը հենվում էր Ու Մորիսի սոցիալիստական ուտոպիաների վրա), «Մ․» պետք է դառնար իր իսկ ազդեցությամբ ձևավորվող նոր հասարակության կյանքի ոճը, մարդկանց շուրջը գեղագիտորեն հագեցված առարկայական տարածական ամբողջական միջավայր ստեղծեր, նոր, ոչ ավանդական ձևերով ու հնարներով օժտված արվեստների սինթեզի, ժամանակակից նյութերի ու կոնստրուկցիաների օգնությամբ արտահայտեր դարաշրջանի հոգևոր բովանդակությունը։ «Մ․» ամենից ավելի հետևողականորեն իրագործվել է մենատների ճարտ․ մեջ, բայց կառուցվել են նաև վարչական շենքեր, կամուրջներ, կայարանատներ, թատրոններ։ «Մ․» ձգտել է վերացնել XIX դ․ բուրժ․ մշակույթին բնորոշ գեղարվեստական և ուտիլիտար սկզբունքների հակադրությունը, գեղագիտորեն իմաստավորել կառուցվածքային նոր համակարգերը, արվեստին հաղորդակցել կյանքի բոլոր ոլորտներն ու մարդուն դարձնել գեղարվեստական ամբողջության մասնիկը։ Կապիտալիստական հասարակության շրջանակներում արվեստի միջոցով աշխարհը վերափոխելու ձգտումը խորապես ուտոպիստական էր։ Եվ գործնականորեն այն դարձավ բուրժ․ կենցաղը ձևավորող առաջին, համեմատաբար ամբողջական գեղարվեստական ոճը։
«Մ․» XIX դ․ էկլեկտիզմին հակադրել է ոճավորված, ընդհանրացված, ռիթմիկորեն կազմավորված ձևի միասնությունը, ամբողջականությունն ու զարգացման ազատությունը, որի խնդիրն էր շնչավորել նյութաառարկայական միջավայրը, արտահայտել բեկումնային դարաշրջանի տագնապն ու լարվածությունը։ «Մ․»-ի կազմավորման շրջանին (XIX–XX դդ․ սահմանագիծ) բնորոշ են ազգային–ռոմանտիկական հովերը, միջնադարի և ժող․ արվեստի նկատմամբ հետաքրքրությունը: