Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/671

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

օդանավակայաններ կան Մապուտուում, Բեյրայում, Լումբոյում։
Մ․ արտահանում է բամբակի թել, անտառանյութ, շաքարի հումք, բուսական յուղ, թեյ ևն։ Ներմուծում է մեքենաներ և սարքավորում, տրանսպորտային միջոցներ, նավթ, տեքստիլ, սև և գունավոր մետաղներ։ Գլխավոր գործընկերներն են Պորտուգալիան, ՀԱՀ, ԱՄՆ։ Գյուղատնտեսության զարգացմանն օգնում են սկանդինավյան երկրները, Նիդերլանդները, ՍՍՀՄ, ԳԴՀ, Կուբան, ԿԺԴՀ։
Դրամական միավորը էսկուդոն է, 33,2 էսկուդոն= 1 դոլլարի (1979)։
Բժշկա–աշխարհագրական բնութագիրը։ 1970–75-ին ծնունդը կազմել է 1000 բնակչին 43,0, մահացությունը՝ 20,0, մանկական մահացությունը 1000 ողջ ծնվածին՝ միջին հաշվով 150։ Կյանքի միջին տևողությունը եղել է 41 տարի։ Գերակշռում են վարակիչ հիվանդությունները, հատկապես՝ մալարիան, դիզենտերիան, որովայնային տիֆը, համաճարակային լյարդաբորբը, ինչպես նաև տուբերկուլոզը, բորը ևն։ Անկախության հաստատումից (1975) հետո Մ–ի առողջապահությունը մեծ հաջողության է հասել։ 1977-ին երկրում եղել է 35 հիվանդանոցային հիմնարկ, 253 առողջապահական կենտրոն՝ 12,2 հզ․ մահճակալով (10 հզ․ բնակչին՝ 12,5 մահճակալ)։ Արտահիվանդանոցային օգնություն են կազմակերպել հիվանդանոցների ամբուլատորային բաժանմունքները, գյուղական վայրերում՝ առողջապահական կենտրոնները և 455 կետ։ 1977-ին աշխատել են 285 բժիշկ (34,0 հզ․ բնակչին՝ 1 բժիշկ), 1960 բուժքույր, 430 մանկաբարձ և 500 օժանդակ բուժանձնակազմ։ Բժիշկներ է պատրաստում Մապուտուի համալսարանի բժշկ․ ֆակուլտետը, բուժքույրեր՝ 3 ուսումնարան։ Երկրում ստեղծվել է բնակչության բժշկ․ սպասարկման ծառայություն։ Կանխարգելիչ բժշկության գծով գործում են վեցամսյա դասընթացներ։ Բնակչության կեսը վակցինացվել է վարակիչ հիվանդությունների դեմ։ 1978-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ Մ–ում գործնականում վերացել են կարմրուկը, ծաղիկը, տուբերկուլոզը։ Նույն թվականին չի արձանագրվել խոլերայի ոչ մի դեպք։
Լուսավորությունը և գիտական հիմնարկները։ Անկախության նախօրյակին անգրագետ էր մեծահասակ բնակչության 93%–ը։ 1975-ին օրենք է ընդունվել մասնավոր դպրոցներն ու մյուս ուս․ հաստատություններն ազգայնացնելու մասին, ուսուցումը դարձել ձրի։ Ստեղծվել է անգրագիտության վերացման ազգային վարչություն։ Ձևավորվում է կրթության նոր միասնական պետ․ համակարգը, որի սկզբնական օղակը մանկապարտեզներն են (3–6 տարեկանների համար)։ Տարրական և միջնակարգ դպրոցները (ուսուցումը՝ պորտուգալերեն) 5-ամյա են։ 1977-ին արդեն կար 47 պրոֆտեխ․ ուսումնարան (ՍՍՀՄ–ի օժանդակությամբ բացվել են մի շարք արդ․ պրոֆտեխ․ ուսումնարաններ), 1979-ին ստեղծվել են 10 մանկավարժական ուսումնարան և ուսուցիչների կատարելագործման 4 կենտրոն։ 1980-ին տարրական և միջնակարգ կրթության ցանցում ընդգրկված էր ավելի քան 2 մլն սովորող (1973-ին4 631 հզ․)։ Մ–ի շատ քաղաքացիներ միջնակարգ և բարձրագույն կրթություն են ստանում ՍՍՀՄ–ում և սոցիալիստական այլ երկրներում։ Մապուտուում են գտնվում համալսարանը (հիմնադրվել է 1962-ին, 1976-ից՝ Է․ Մոնդլանեի անվ․), ՖՐԵԼԻՄՈ–ի Կենտրոնական կուսակցական դպրոցը (1975), Կինոյի ազգ․ ինստ․ (1976), գիտական հետազոտությունների (1955), բամբակի հետազոտական (1962) ինստ–ները, լեռնաերկրաբանական ծառայությունը (1930), օդերևութաբանական ծառայությունը և աստղադիտարանը (1907), հիգիենայի ինստ․ (1955), Ազգային (1961, 110 հզ․ կտոր գիրք) և Կենտրոնական խոշոր գրադարանները Ալվարտու դի Կաստրուի (1911), հեղափոխության, Պատմության ազգային (վերջին երկուսը ստեղծվել են անկախության հաստատումից հետո) ևն թանգարաններ։
1978-ին Կուբայի օժանդակությամբ բացվել է ժող․ մշակույթի տունը (առաջինը երկրում)։
Մամուլը և ռադիոհաղորդումները։ՖՐԵԼԻՄՈ–ի օրգաններն են «Վոշ դա ռեվոլուսան» («А voz da Revolucao», պորտուգ․) հանդեսը, «Մոզամբիկ ռեվոլյուշն» («Mozambique Revolution», անգլ․) բյուլետենը։
Ռադիոհաղորդումները տրվում են պորտուգ․, անգլերեն, աֆրիկյան լեզուներով։
Գրականությունը։ Գեղարվեստական գրականությունը Մ–ում երևան է եկել XX դ․ 2-րդ տասնամյակում և զարգացել երկու որոշակի ուղղությամբ՝ պրոգաղութատիրական և հակագաղութատիրական։ Վերջինիս է պատկանում Ժուան Ալբազինիի «Վշտերի գիրք» (1925) արձակ գործը։ Պրոպորտուգալական կողմնորոշման ստեղծագործություններ են Բ․ Կամաշուի «Արտառոց պատմություններ»-ը (1934), ինչպես նաև Ռոդրիգիս Ժունիորի (ծն․ 1902) և այլոց վեպերը։ Գաղութատիրության դեմ հանդես եկած առաջին նշանավոր բանաստեղծը Ռ․ դի Նորոնիան է (1909–43)։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Մ–ի գրականության մեջ ուժեղացել են ռեալիստական միտումները, իրականության կարևոր կողմերն արտացոլելու ձգտումը [Ժ․ Կրավեչինիա (ծն․ 1922)]։ Նոեմիա դի Սոզի (ծն․ 1927) պոեզիայի թեման հպարտ և աննվաճ Աֆրիկան է։ Կրակոտ հրապարակախոսությունը, հեղափոխական ու հակագաղութային պաթոսն է բնորոշ ազգային–ազատագրական շարժման գործիչ Մ․ դուշ Սանտուշի (ծն․ 1929) պոեզիային։ Ժ․ Դիաշը (1926–49) «Գոդիդո» (1952) ժողովածուի պատմվածքներում կոչ է անում ստրկաբար չհնազանդվել ճակատագրին։ Մ–ի կյանքի երևույթների ճշմարտացի պատկերն է տրված Լ, Բերնարդու Օնվանայի (ծն․ 1942) «Մենք սպանում ենք Քոսոտ Շանը» (1964) ժողովածուի պատմվածքներում։
Այժմյան փուլում գրականության մեջ գերակշռող է պոեզիան։ Ա․ Գեբուզայի (ծն․ 1935), Ժ․ Ռեբելուի (ծն․ 1940), Ս․ Վիեյրայի (ծն․ 1941) ստեղծագործությունների հիմնական թեման շրջապատող աշխարհի վերափոխումն է։
Ճարտարապետությունը և կերպարվեստը։ Մ–ի ժող․ տները հիմնականում 2 տիպի են։ Առափնյա մասերում կառուցվում են ուղղանկյուն հատակագծով շիվահյուս և կավով բոլորածեփ ձողաշեն հիմնակմախքով, խոտածածկ, երկլանջ տանիքով տներ, իսկ երկրի ներքին շրջաններում՝ շրջանաձև հատակագծով կենտրոնասյուն, կոնաձև (հարդածածկ, եղեգնածածկ) կամ թասաձև (խոտածածկ) տանիքով հիմնակմախքային տներ։ Մ–ի դեկորատիվ–կիրառական արվեստի առավել տարածված տեսակներն են փայտի քանդակազարդումը, հյուսումը (շիվերով), կալեբասների՝ կալեբասի ծառի պտուղներից կամ դդումից անոթների պատրաստումը։
Գրկ․ [Xaзанов А․ М․], Политика Португалии в Африке и Азии, М., 1967; Шейнис В․ Л․, Португальский империализм в Африке после второй мировой войны, М., 1969; Мондлане Э․, Борьба за Мозамбик, лер․ с англ․, М․, 1972; Ряузова Е. А․, Португалоязычные литературы Африки, М․, 1972; Поэзия Африки, М․, 1973․
ՄՈԶԱՄԲԻԿԻ ՆԵՂՈՒՑ, Աֆրիկայի և Մադագասկար կղզու միջև։ Երկարությունը մոտ 1670 կմ է, լայնությունը՝ մոտ 925 կմ, խորությունը հս–ում և հվ–ում՝ ավելի քան 3000 մ, միջին մասում՝ 2400 մ։ Հոսանքները