Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/702

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ՄՈՆԹԱՆԱ (Montana), նահանգ ԱՄՆ–ի հյուսիս–արևմուտքում։ Սահմանակից է Կանադային։ Տարածությունը 381,1 հզ․ կմ² է, բն․՝ 694 հզ․ (1970, քաղաքայինը՝ 53,4%), վարչական կենտրոնը՝ Հելինա։ Խոշոր քաղաքներն են Բիլինգսը և Գրեյթ Ֆոլսը։ Նահանգի արմ–ում ժայռոտ լեռների ճյուղավորություններն են, արլ–ում՝ Պրերիաների սարավանդը։ Կլիման բարեխառն է, ցամաքային։ Գլխավոր գետը Միսսուրին է (Ելլոուսթոն վտակով)։ Կան գունավոր և թանկարժեք մետաղների, ածխի, նավթի, գազի, հիդրոէներգիայի հարուստ պաշարներ։ Տարածված են փշատերև անտառները։ Մ–ի տարածքում են Գլեյշեր և Ելլոուսթոնյան (մի մասը) ազգային պարկերը։ Նահանգի տնտեսության հիմքը լեռնահանքային արդյունաբերությունն ու էքստենսիվ գյուղատնտեսությունն են։ Արդյունահանում են պղինձ, ոսկի, արծաթ, նավթ, գազ, ձուլում՝ պղինձ, կապար, ցինկ։ Կա անտառահատում, սննդի արդյունաբերություն։ Մշակում են հացահատիկ, շաքարի ճակնդեղ, զբաղվում՝ անասնապահությամբ։ Զարգացած է տուրիզմը։
ՄՈՆԹԵՐԷՅ (Monterrey), քաղաք Մեքսիկայի հյուսիսում, Նուեվո Լեոն նահանգի վարչական կենտրոնը։ 1,1 մլն բն․ (1976)։ Տրանսպորտային, արդ․ և ֆինանսական կարևոր կենտրոն է։ Զարգացած է սև և գունավոր մետալուրգիան, քիմ․, էլեկտրատեխ․, մետաղամշակման, գարեջրի արդյունաբերությունը։ Կան տեքստիլ, ցեմենտի արդյունաբերության ձեռնարկություններ։ Ունի համալսարան։ Հիմնադրվել է XVI դարում։
ՄՈՆԺ (Monge) Գասպար (1746–1818), ֆրանսիացի մաթեմատիկոս և հասարակական–պետական գործիչ, Փարիզի ԳԱ անդամ (1780)։ Մեզյերիի ռազմաինժեներական դպրոցի (1768), Փարիզի Պոլիտեխնիկական դպրոցի պրոֆ․ (1794)։ Ֆրանսիական մեծ հեղափոխության շրջանում․ Չափ ու կշռի համակարգ հաստատելու հանձնաժողովի անդամ էր, 1792–93-ին եղել է ծովային մինիստր։ Գործուն մասնակցություն է ունեցել Բարձրագույն նորմալ դպրոցի և Պոլիտեխնիկական դպրոցի հիմնադրմանը։ Մասնակցել է Նապոլեոնի եգիպտական արշավանքին (1798–1801)։ Առաջին կայսրության շրջանում դարձել է սենատոր, ստացել կոմսի տիտղոս։ Բուրբոնների վերահաստատումից հետո զրկվել է բոլոր կոչումներից և պաշտոններից:
Մ–ի հիմնական աշխատանքները վերաբերում են երկրաչափությանը։ Մ․ գծագրական երկրաչափության հիմնադիրն է։ Մ․ հանգամանորեն շարադրել է տարածական կորերի և մակերևույթների դիֆերենցիալ երկրաչափությունը, տվել է մասնական ածանցյալներով հավասարումների երկրաչափական մեկնաբանումը և երկրաչափական փաստերը շարադրել մասնական ածանցյալների տեսության լեզվով։ Մ․ աշխատանքներ ունի նաև մաթ․ անալիզի, քիմիայի, օպտիկայի, օդերևութաբանության և կիրառական մեխանիկայի վերաբերյալ։
ՄՈՆԻԵԶԻՈԶՆԵՐ, որոճողների ճիճվային հիվանդությունների խումբ։ Հարուցիչները բարակ աղիներում մակաբուծվող, 6–10 մ երկարությամբ Moniezia սեռի ցեստոդներն են, որոնք զարգանում են արտաքին միջավայրում միջնորդ տիրոջ՝ հողային մանր տզերի (օրիբատիդների) մասնակցությամբ։ Տարածված են ամենուրեք։ Կենդանիները (հիմնականում մատղաշները) հիվանդանում են խոտի հետ ուտելով վարակված տզերը։ Նկատվում է մարսողության խանգարում, ախորժակի անկում, դող, հյուծվածություն, զանգվածային անկումներ ևն։ Բուժում են ճիճվամուղ միջոցներով։ Կանխարգելումը՝ ճիճվաթափում, մատղաշների ճիշտ խնամք, անասնաբուծական և անասնաբուժական կանոնների կիրառում։
ՄՈՆԻԶՄ (< հուն․ μόνος – մեկ, միակ), իրականության որակական բազմազանությունը մեկ միասնական նախահիմքով բացատրող ուսմունք։ Մոնիստական է նաև տրամաբանական տեսական այն համակարգը, որի հիմքում ընկած է մեկ ելակետային հիմնադրույթ (պոստուլատ)։ Փիլ․ Մ․, ի տարբերություն դուալիզմի և պրյուրալիզմի, փիլիսոփայության հիմնական հարցը լուծում է կամ մատերիայի (մատերիալիստական Մ․), կամ ոգու (իդեալիստական Մ․) առաջնության օգտին։ Մատերիալիստական Մ–ի բարձրագույն ձևը դիալեկտիկական մատերիալիզմն է։
ՄՈՆՂՈԼԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, գիտությունների համակարգ, որն ուսումնասիրում է մոնղոլական ժողովուրդների պատմությունը, տնտեսությունը, հնագիտությունը, ազգագրությունը, լեզուն և գրականությունը։ Մ–յան զարգացման հիմք են ծառայել XIII–XVII դդ․ մոնղ․ հեղինակների ստեղծագործությունները, չին․ դինաստիական ժամանակագրությունները, չին․, պարսկ․, արաբ․, հայ, վրացի հեղինակների և ռուս տարեգիրների գործերը, ճանապարհորդների և դեսպանների հուշերը (Պլանո Կարպինի, Վ․ Ռուբրուկ, Մարկո Պոլո և ուրիշներ)։
Մ․ Եվրոպայում սկսել է զարգանալ XVIII դ․, երբ ֆրանսիացի միսիոներ չինագետներ Ժ․ Բ․ Դյուգալդը, Ժ․ դը Գինը, Ժ․ Մայան և ուրիշներ առաջին անգամ շրջանառության մեջ են դրել չին․ ժամանակագրությունների և պատմական երկերի մի շարք տեղեկությունները մոնղոլների մասին։ Նույն ժամանակ Ռուսաստանում պատմաբաններ Գ․ Ֆ․ Միլլերը և Ի․ Ե․ Ֆիշերը օգտագործել են ռուս. դիվանների փաստաթղթերը Մոնղոլիայի մասին, իսկ չինագետներ Ի․ Կ․ Ռոսսոխինը և Ա․ Լ․ Լեոնտևը չինարենից և մանջուրերենից թարգմանել են Մոնղոլիայի պատմության վերաբերյալ երկեր:
Տարածքային մոտիկության և ռուս–մոնղոլական երկարատև բազմակողմանի կապերի շնորհիվ XIX դ․ Ռուսաստանը դարձել է Մ–յան ճանաչված կենտրոն։ Մոնղ․ քերականության մասին Ի․ Յա․ Շմիդտի (XIX դ․ սկիզբ) գործը սկզբնավորել է մոնղ․ լեզվագիտությունը, և, ընդհանրապես, մոնղ․ բանասիրությունը Ռուսաստանում ու Արևմտյան Եվրոպայում։ Ռուսաստանում Մ–յան հիմնական ուղղություններն էին աղբյուրագիտությունը, գրական հուշարձանների հրատարակումը, բանասիրությունը, իսկ պատմության բնագավառում՝ միջնադարագիտությունը։ Շմիդտի, Ա․ Վ․ Լիպովցևի, Պ․ Ի․ Կաֆարովի, Դ․ Բանզարովի և ուրիշների հրապարակումները գիտության համար բացահայտեցին մոնղ․ մի շարք ժամանակագրություններ և տարեգրություններ։ Ն․ Յա․ Բիչուրինի, Ի․ Ն․ Բերեզինի, Ք․ Պ․ Պատկանյանի, Վ․ Մ․ Ուսպենսկու, Ն․ Ի․ Վեսելովսկու, Վ․ Լ․ Կոտվիչի և ուրիշների ուսումնասիրությունները գիտական շրջանառության մեջ դրեցին չին․, հայկ․ և արաբ. բազմաթիվ սկզբնաղբյուրներ, ազգագրական և հնագիտական նյութեր։ Լեզվաբաններ և բանասերներ Ա․ Ա․ Բոբրովնիկովի, Օ․ Մ․ Կովալևսկու, Կ․ Ֆ․ Գոլստունսկու և ուրիշների աշխատությունները զգալի ներդրում էին մոնղոլական լեզուների, բանահյուսության և գրականության ուսումնասիրության գործում։
Արևմտաեվրոպական ուսումնասիրողների մեջ XIX դ․ կարևոր տեղ է գրավում շվեդ գիտնական Ա․ դ’Օսսոնը, որը գրել է աշխատություն Մոնղոլիայի պատմության վերաբերյալ՝ առաջին անգամ օգտագործելով Ռաշիդ ադ Դինի «Տարեգրությունների ժողովածուն», Ջուվեյնիի երկերը, պարսկերեն, հայերեն, արաբերեն, վրացերեն և այլ լեզուներով սկզբնաղբյուրներ։ Չին․ աղբյուրների հիման վրա գործեր է հրապարակել ֆրանսիացի գիտնական Ա․ Ռեմյուզեն։ Մոնղոլների պատմության վերաբերյալ եռահատոր երկ է հրատարակել անգլ․ պատմաբան Հ․ Հաուորսը։ XIX դ․ 2-րդ կեսին լույս տեսան Ֆ․ Էրդմանի (Գերմանիա), Կ․ Դուգլասի և Դ․ Կառատերսի (Մեծ Բրիտանիա) աշխատությունները Մոնղոլիայի պատմության վերաբերյալ։ Բուրժ․ շատ մոնղոլագետների աշխատություններին բնորոշ էին օբյեկտիվիզմը, եվրոպակենտրոն միտումները և գաղութատիրության ջատագովությունը։
XIX–XX դդ․ սահմանագծին համաշխարհային ճանաչում ստացան Վ․ Վ․ Բարտոլդի աշխատությունները։ Նա առաջիններից էր, որ մեծ ուշադրություն դարձրեց մոնղոլների սոցիալ–տնտեսական պատմությանը։ Լայն գործունեություն ծավալեցին ճանապարհորդներ Պ․ Կ․ Կոզլովը և Գ․ Ե․ Գրում–Գրժիմայլոն, երևան եկան Մոնղոլիայի էկոնոմիկայի վերաբերյալ Մ․ Ի․ Բոգոլեպովի և Մ․ Ն․ Սոբոլևի, Ա․ Պ․ Բոլոբանի և ուրիշների ուսումնասիրությունները։ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը նոր փուլ բացեց Մ–յան մեջ։ Սովետական գիտնականներ Ի․ Մ․ Մայսկու, Ա․ Դ․ Կալլիննիկովի և ուրիշների ուսումնասիրություններում քննվել են ֆեոդալական Մոնղոլիայի հասարակական–տնտեսական հարաբերությունների , ազգային–ազատագրական շարժման, 1921-ի ժող․ հեղափոխության ևն խնդիրները։ Բ․ Յա․ Վլադիմիրցովի գիրքը՝ մոնղոլների հասարակական կարգի մասին, դրեց նախահեղափոխական Մոնղոլիայի և ընդհանրապես վաչկատուն ժողովուրդների պատմության մարքսիստական ուսումնասիրության հիմքը։ Մոնղ․ բանահյուսության վերաբերյալ Վլադիմիրցովի աշխատությունները կանխորոշեցին