Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/161

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ուր 705-ին արաբները այրել են հայ նախարարներին (տես Նախճավանի և խրամի կոտորած): Ն–ում XIV–XVIII դդ․ բազմացվել ու ծաղկվել են մի շարք ձեռագրեր, որոնցից մի քանիսը Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարանում են։

Ն–ի ժամանակակից կառույցներից են երաժշտադրամատիկական թատրոնի (1964, ճարտ․ Է․ Իսմայիլով, Հ․ Մեջիդով), Ադրբ․ կոմկուսի Նախիջևանի մարզկոմի (1965, ճարտ․ Յու․ Իբրահիմով) շենքերը։ Քաղաքը կառուցապատվում է 1968-ին կազմված գլխավոր հատակագծով (ճարտ․՝ Ու․ Իբրահիմովա, Ն․ Մամեդբեյլի)։

Գրկ․ Ալիշան Ղ․, Սիսական, Վնտ․, 1893։ Լալայան Ե․, Նախճավան կամ Նախճավանի ոստիկանական շրջան, Թ․, [1904]։ Այվազյան Ա․, Նախիջևանի պատմաճարտարապետական հուշարձանները, Ե․, 1978։ Сысоев В. М․, Нахичевань на Араксе и древности Нахичеванской автономной социалистической республики, Баку, 1928; Айвазян А․, Памятники армянской архитектуры Нахичеванской АССР, Е․, 1981․

Ա, ԱյվազյաԱ

ՆԱԻՋԵՎԱՆ, Նախճավան, գյուղ Արևմտյան Հայաստանում, Կարսի մարզում։ Հնագույն շրջանում (մինչև IX դ․ սկիզբը) մտել է Կամսարականների տիրույթների մեջ (Արշարունիք)։ Առաջին անգամ հիշում է Մովսես Խորենացին, որպես ավան։ 1915-ին ուներ 272 տուն (2177 շունչ) հայ բնակիչ։ Զբաղվում Էին երկրագործությամբ, անասնապահությամբ ու արհեստներով։ Ն–ում գտնվում էին Ս․ Ստեփանոս Նախավկա գմբեթավոր եկեղեցին, Ս․ Խաչ և Նորամանուկ անունով միմյանց կից զույգ մատուռ-ուխտատեղիները, որոնցից մեկում Արտավազդ Կամսարականի տապանն Էր՝ արձանագրությամբ (VIII դ․)։ Գյուղում պահվում էր բոլորագիր, մագաղաթի վրա ընդօրինակված Աստվածաշունչ (անթվական)։ Բնակիչները բռնի տեղահանվել են 1920-ին և բնակություն հաստատել Արևելյան Հայաստանում։

Ա․ Ադամյան

ՆԱԽԻՋԵՎԱՆ, գյուղ Ղրիմում, որ հիմնադրել են Անիից փոխադրված հայերը 1330-ին։ Հետագայում գյուղը վերանվանվել է Գրինիչիխա։

ՆԱԽԻՋԵՎԱՆ, 1779–1838-ին այսպես է կոչվել Նոր Նախիջևան քաղաքը։

ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԻՆՔՆԱՎԱՐ ՍՈՎԵՏՍԿԱՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ (Նախչըվան Մուխթար Մովյեթ Սոսիալիսթ Ռեսփուբլիքասը), Նախիջեվանի ԻՍՍՀ, Ադրբ․ ՍՍՀ–ի կազմում։ Կազմավորվել է 1924-ի փետր․ 9-ին։ Գտնվում է Անդրկովկասի հվ–ում, Արաքս գետով սահմանակից է Իրանին և Թուրքիային։ Տարածությունը 5,5 հզ․ կմ² է (Ադրբ․ ՍՍՀ տարածքի 6,4 %-ը), բնակչությունը՝ 247 հզ․ (1981-ի հունվ․ 1), Ադրբ․ ՍՍՀ բնակչության մոտ 4%-ը։ Բաժանված է 5 վարչական շրջանի, ունի 3 քաղաք և 4 քտա։ Մայրաքաղաքը՝ Նախիջևան։

Պետական կարգը։ Նախիջ․ ԻՄՍՀ համաժողովրդական պետություն Է, ինքնավար սովետական սոցիալիստական հանրապետություն։ Գործող սահմանադրությունն ընդունվել է 1978-ին։ Պետ․ իշխանության բարձրագույն մարմինը միապալատ Գերագույն սովետն Է, նստաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում՝ նրա նախագահությունը։ Գերագույն սովետը կազմում է կառավարություն՝ Մինիստրների խորհուրդ, ընտրում գերագույն դատարան։ ՍՍՀՄ Գերագույն սովետի Ազգությունների սովետում Նախիջ․ ԻՍՍՀ–ից ընտրվում է 11 դեպուտատ։ Պետ․ իշխանության տեղական մարմիններն են ժող․ դեպուտատների շրջանային, քաղաքային, ավանային և գյուղական սովետները։ Հանրապետության դատախազին նշանակում է ՍՍՀՄ դատախազը՝ 5 տարի ժամկետով։

Բնությունը։ Տարածքի 75%-ը գտնվում է ավելի քան 1000 մ բարձրության վրա։ Հս–ում ձգվում է Վայքի լեռնաշղթան (Գոգի լեռ, 3120 մ), արվ–ում՝ Զանգեզուրի լեռնաշղթան (Կապուտջուղ, 3904 մ)։ Հվ․ և հվ–արմ․ մասերում, Արաքս գետի երկարությամբ ձգվող հարթավայրն է (600– 1000 մ)։ Օգտակար հանածոներից կան մոլիբդեն, բազմամետաղներ, քարաղ, շինանյութեր։ Կլիման խիստ ցամաքային Է, չորային։ Հունվարի միջին ջերմաստիճանը հարթավայրում -3°C-ից մինչև -6°C Է, լեոներում՝ -10°C–ից մինչև -14°С, հուլիսինը՝ համապատասխանաբար՝ 28°C և 25°C–ից մինչև 5°С։ Տարեկան տեղումները հարթավայրում 190–300 մմ են, լեռներում՝ 300–600 մմ և ավելի։ Վեգետացիոն շըրջանը հարթավայրում մոտ 265 օր Է։

Գլխավոր գետը Արաքսն է իր ձախափնյա Արփա, Նախիջևան գետի և այլ վտակներով, որոնց ջրերն օգտագործվում են ոռոգման և հիդրոէներգիա ստանալու նպատակներով։ Ստեղծվել են «Արաքս» հիդրոհանգույցը, Բատաբատգյոլ և Ուզունո– բինի ջրամբարները (Նախիջևան գետի ավազանում), Արփայի ջրամբարը։ Նախիջ․ ԻՍՍՀ հարուստ է հանքային աղբյուրներով։

Հողերը հարթավայրում առավելապես գորշ և մարգագետնային գորշ են, տեղ-տեղ աղակալած, նախալեռներում և միջին բարձրության լեռներում՝ գորշ աղուտային, լեռնաանտառային շագանակագույն, բարձր լեռներում՝ լեռնամարգագետնային ճմային։

Բուսածածկույթում գերակշռում են չորասեր տեսակները, հարթավայրերում և մասամբ նախալեռներում՝ օշինդրներն ու օշինդրաաղուտային կիսաանապատային բույսերը, միջին բարձրության լեոներում՝ լեռնային չորասերները, տեղ-տեղ էլ ետանտառային տափաստանացած մարգագետինները, բարձր լեռներում՝ ենթալպյան և մասամբ ալպյան մարգագետինները, մարգագետնային տափաստանները։ Հանրապետության տարածքը համարյա