Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/20

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մոնումենտալ քանդակագործությունը, XVIII դ․ կեսի Իտալիայի տաճարների ու պալատների գեղանկարչական ու քանդակային հարդարանքը ևն)։ Ազգային ինքնագիտակցության վերելքը, ֆրանս․ լուսավորականության գաղափարները արտահայտվել են XVIII դ․ 2-րդ կեսի և XIX դ․ 1-ին քառորդի եվրոպական մի շարք երկրների հայրենասիրական պաթոսով և հումանիզմով ներթափանցված, մտահղացմամբ ու արտահայտչամիջոցներով պարզ Մ․ ա–ում (Ռուսաստանում՝ Ֆ․ Շչեդրինի, Ի․ Մարտոսի և այլոց քանդակները)։ XIX դ․ կեսին բուրժ․ հասարակական զարգացումը հանգեցրել է համընդհանուր գաղափարների ու պատկերացումների և կապիտալիստական ռեալ իրականության խզման՝ Մ․ ա․ հասցնելով անկման, վերացնելով նրա և ճարտ-յան համադրությունը, գաղափարա-գեղարվեստական ամբողջությունը։ Այդ շրջանին բնորոշ էկլեկտիզմը արտահայտվել է նաև Մ․ ա–ում։ XIX դ․ վերջի և XX դ․ սկզբի Մ․ ա․ ընթացել է բարդ, հակասական ուղիներով։ «Մոդեռն» ոճի կառույցների հետ օրգանապես կապված են մոնումենտալ գեղանկարչության երկերը (Մ․ Ա․ Վռուբել, Ֆ․ Հոդլեր, Մ․ Դենի և ուրիշներ)։ XX դ․ սկզբին կրկին երևան է եկել արխիտեկտոնիկ սկզբունքներով ստեղծված մոնումենտալ քանդակագործությունը (Ա․ Մայոլ, է․ Ա․ Բուրդել)։ XX դ․ Մ․ ա․ կրել է խոր փոփոխություններ։ Ստեղծագործություններում արտացոլվել են բուրժ․ քաղաքակրթության անկման շրջանի հակասությունները, հեղափոխական հզոր ցնցումները, նոր սոցիալիստական հասարակարգի հաստատումը։ Միաժամանակ ֆաշիզմի, իմպերիալիզմի, գաղութային ճնշման դեմ մղված պայքարը, սոցիալական և ազգային–ազատագրական շարժումները նպաստել են Մ․ ա–ի վերածննդին, նրան հաղորդել կրքոտություն և համոզչականություն։ XX դ․ մոնումենտալիստ–արվեստագետներին բնորոշ է սուր հրապարակախոսական ուղղվածությունը, թեմայի բացահայտման հուզականությունը՝ հաճախ դասակարգային մոտեցմամբ (մեքսիկական մոնումենտալիստների գործերը, Իտալիայի և Ֆրանսիայի քաղաքների կոմունիստական մունիցիպալիտետների շենքերի որմնանկարները)։

Սոցիալիստական հասարակության մեջ Մ․ա․, շարունակելով հումանիզմի գաղափարները հավաստող անցյալի մեծ վարպետների ավանդույթները, կոչված է մասնակցելու իրականության ակտիվ վերափոխմանը։ Սոցիալիզմի օրոք Մ․ ա․, ազատագրվելով շահագործող դասակարգերի շահերին ծառայելու անհրաժեշտությունից, լրիվ դրսևորում է իր դեմոկրատական հասարակական սկզբունքը։ Սոցիալիստական հասարակությունը նոր բովանդակություն է ներմուծել Մ․ ա–ի մեջ, ընդարձակել է նրա ազդեցության ոլորտը՝ ընդգրկելով քաղաքներ և հասարակական ու արդ․ խոշոր համալիրներ։ Դեռևս 1918-ին սկսեց իրականացվել մոնումենաաւ պրոպագանդայի լենինյան ծրագիրը։ Գաղափարա–գեղարվեստական բարձր հատկանիշներով են աչքի ընկնում Ն․ Ա․ Անդրեևի, Վ․ Ի․ Մուխինայի, Ի․ Դ, Շադրի, Ս․ Դ․ Մերկուրովի, Մ․ Գ․ Մանիզերի մոնումենտալ քանդակները, Ե․ Ե․ Լանսերեի, Վ․ Ա․ Ֆավորսկու, Պ․ Դ․ Կորինի, Ա․ Ա․ Դեյնեկայի և ուրիշների մոնումենտալ գեղանկարչությունը։ 1960-ական թթ․ Մ․ ա․ դարձել է հուշակառույցների անքակտելի մաս (Սալասպիլսում, 1961–67, քանդակագործներ՝ Լ․ Վ․ Բուկովսկի, Յա․ Զարին և ուրիշներ, Վոլգոգրադի հուշադամբարանաբլուրում, 1963–67, քանդ․՝ Ե․ Վ․ Վուչետիչ և ուրիշներ, Խատինում, բացվել է 1969-ին, ճարտ–ներ՝ Յու․ Մ․ Գրադով, Վ․ Պ․ Զանկովիչ, Լ․ Մ․ Լևին, քանդակագործ՝ Ս․ Ի․ Սելիխանով, լենինյան մրցանակ, 1970)։ Սոցիալիստական հասարակարգում ստեղծված են բոլոր նախադրյալները, որպեսզի Մ․ ա․ դառնա մարդու աշխատանքային և հասարակական ամենօրյա գործունեության գաղափարապես հագեցված, ինչպես նաև գեղարվեստորեն ձևավորված միջավայրի կարևոր բաղադրատարրը։

Հայկական լեռնաշխարհում Մ․ ա–ի գործեր են ստեղծվել դեռևս նախնադարյան արվեստի շրջանում։ Պահպանվել են բազմաթիվ հուշարձաններ (վիշապներ, ժայռապատկերներ, մենհիրներ, կոթողներ ևն)։ Գրավոր տեղեկություններ են հասել հոյակերտ մեհյանների (Բագարանում, Աշտիշատում, Արմավիրում, Արտաշատում և այլուր), բրոնզաձույլ ու ոսկեձույլ բագինների (Արամազդի, Անահիտի, Վահագնի, Աստղիկի, Տիրի ևն) մասին։ Էրեբունիի որմնանկարները ենթադրել են տալիս այդ շրջանի մոնումենտալ գեղանկարչության բարձր զարգացածությունը։ Մ․ ա–ի յուրատիպ հուշարձաններ են ստեղծվել ճարտ․ բնագավառում։ Մ․ թ․ սկզբից պահպանվել է Գառնիի տաճարը։ Մոնումենտալ–դեկորատիվ բարձրարվեստ խճանկարչության օրինակ է Գառնիի բաղնիքի հատակը։ Քրիստոնեության շրջանում կառուցվել են տարբեր տիպերի տաճարներ, պալատներ, որոնց պահպանված օրինակները վկայում են Մ․ ա–ի խնդիրների, ինքնուրույն, յուրօրինակ ազգային լուծումների մասին (Զվարթնոց,Անիի մայր տաճար, Գագկաշեն ևն)։ Արվեստների համադրության վաղագույն օրինակներից են Աղթամարի տաճարը (ինչպես և պալատը՝ ըստ գրավոր նկարագրության), Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին Անիում ևն, որոնցում ճարտարապետության վեհությունը համահնչուն է և՝ բարձրաճաշակ ու բազմազան արտահայտամիջոցներով քանդակագործությանը, և՛ որմնանկարչությանը։ Յուրակերպ գեղարվեստական մտածողության արդյունք են խաչքարերը, որոնց մոնումենտալ հնչողություն է հաղորդվել և՛ տվյալ ճարտ․ միջավայրում, և՛ առանձին կանգնած, որպես հուշարձան, կոթող։ Մ․ ա–ի խնդիրներին է ծառայել նաև հայկ․ զարդապատկերը ժամանակի պահանջմունքները, ճաշակը բավարարող բազմաթիվ գործեր են ստեղծել Հովնաթանյան ընտանիքի վարպետներից Նաղաշ Հովնաթանը (Երեվանի Պողոս–Պետրոս, Ս․ Անանիա եկեղեցիներում, էջմիածնի տաճարում), Հակոբ և Հարություն Հովնաթանյանները (Ապրակունիսի Ս․ Կարապետ վանքում)։

Մ․ ա․ աննախընթաց զարգացման է հասել Սովետական Հայաստանում։ Մոնումենտալ պրոպագանդայի լենինյան ծրագիրը մարմնավորելիս հայ արվեստագետներն ստեղծել են մնայուն գործեր։ Դրանց թվում յուրահատուկ տեղ են գրավում Մ․ Սարյանի ստեղծած Սունդուկյանի անվ․ թատրոնի վարագույրը, նրա էսքիզներով վիտրաժները («Հայհամերգ»-ի փոքր դահլիճում)։ Հ․ Գյուրջյանի, Դ․ Մերկուրովի, Գ․ Յակուլովի, Ա․ Սարգսյանի, Ս․ Ստեփանյանի և ուրիշների սկսած նոր Մ․ ա․ իր զարգացումն է գտել հայ արվեստագետների ավագ, միջին և երիտասարդ սերնդի գործերում։ Ե․ Քոչարի «Սասունցի Դավիթ»-ը առաջնակարգ տեղ է գրավում այդ ասպարեզում։ Ազգային Մ․ ա․ Հայաստանում առաջընթաց է ապրում Գ․ Խանջյանի, Ղ․ Չուբարյանի, Ա․ Հարությունյանի, Ն․ Նիկողոսյանի, Հ․ Մինասյանի, Վ․ Խաչատրյանի, Ե․ Վարդանյանի, Ս․ Մանասյանի, Ա․ Շահինյանի, Ա․ Գրիգորյանի, Գ․ Բադալյանի, Ս․ Նազարյանի, Ա․ Հովսեփյանի, Ռ․ Գառգալոյանի, Ա․ Շիրազի, Լ․ Թոքմաջյանի և ուրիշների ստեղծագործության շնորհիվ։

Գրկ․ Толстой В․ Б․, Советская монументальная живопись, М․, 1958; Л е б е д е в а В․, Советское монументальное искусство шестидесятых годов, М․, 1973; L a m m e r t U․, Architektür und Plastik։ ein Beitrad zu ihrer Synthese, B․, 1962․

ՄՈՆՈՒՄԵՆՏԱԼ ՊՐՈՊԱԳԱՆԴԱ, Վ․ Ի․ Լենինի առաջադրած մոնումենտալ արվեստի զարգացման նախագիծը Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հաղթանակի պայմաններում և սովետական պետության կողմից նախաձեռնումների համակարգ՝ այդ նախագծի իրականացման համար։ Մ․ պ–ի սկիզբը նշանավորվեց Ժողկոմխորհի 1918-ի ապրիլի 12-ի դեկրետով՝ «Թագավորների և նրանց ծառաների պատվին կանգնեցված հուշարձանների հանման և Ռուսական սոցիալիստական հեղափոխության հուշարձանների նախագծերի ստեղծման մասին» («Հանրապետության հուշարձանների մասին»), որը նախատեսում էր հանել գեղարվեստական արժեք չներկայացնող հուշարձանները։ 1918-ի մայիսի 1-ին հանվեցին մի շարք հուշարձաններ, տոնականորեն ձևավորվեցին բազմաթիվ քաղաքներ։ Պենզայում բացվեց Կ․ Մարքսի ժամանակավոր հուշարձանը (քանդակագործ՝ Ե․ Վ․ Ռևդել)։ 1918-ի հուլիսի 30-ին Ժողկոմխորհը հաստատեց բոլոր ժամանակների ու ժողովուրդների հեղափոխականների ու մշակույթի առաջադեմ գործիչների նոր հուշարձանների ցուցակը (69 անուն)։ Դրանցից առաջինը կանգնեցվեց Ա․ Ն․ Ռադիշչևի հուշարձանը (քանդակագործ՝ Լ․ Վ․ Շերվուդ) Պետրոգրադում, սեպտ․ 22-ին, կրկնօրինակը՝ հոկտ․ 6-ին, Մոսկվայում։ Հոկտեմբերյան հեղափոխության առաջին տարեդարձին հիմնադրվեցին բազմաթիվ հուշարձաններ, հուշատախտակներ։ Հուշարձանների բացումը կամ հիմնադրումը դիտվում էր որպես քաղ․ կարևոր իրադարձություն, անց էր կացվում հանդիսավոր պայմաններում, կազմակերպվում էին միտինգներ։ Մի քանի միտինգներում ելույթ է ունեցել