Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/131

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Տպագրվել է 1926-ից։ «Թեմիր» (1937) վեպում պատմում է աբխազ, գյուղի վերակառուցման, նախապաշարումների դեմ պայքարի մասին։ Հրատարակվել են Պ–ի «Կանացի պատիվ» (սկզբնական անունը՝ «Իփմուրի ուղին», գիրք 1–3, 1949), «էրցախուի ստորոտում» (1953) վեպերը, «Պատմվածքներ» (1956) ժողովածուն։ Մեծ է Պ–ի ստեղծագործության դերը աբխազ, արձակի և գրական լեզվի կազմավորման գործում։ Նրա երկերը թարգմանվել են ՍՍՀՄ մի շարք ժողովուրդների լեզուներով։ Աբխազ․ ԻՍՍՀ Գերագույն սովետի Նախագահության անդամ (1971-ից)։ Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության և 2 այլ շքանշաններով։

ՊԱՊԱՎԵՐԻՆ (Papaverinum), սպազմոչոտիկ դեղանյութ, ալկալոիդ է, պարունակվում է օպիումում։ Ստացվում է նաև սինթետիկ ճանապարհով։ Օգտագործում են կրծքային հեղձուկի (ստենոկարդիա), հիպերտոնիկ հիվանդության, անգարի, լեղապարկի բորբոքման, սպաստիկ կոլիտների և միզուղիների սպազմի դեպքում։

ՊԱՊԱՔԱՐԻ ԼԵՌՆԱՇՂԹԱ, Փոքր Կովկասի լեռնային համակարգում, ՀՍՍՀ–ի, ՎՍՍՀ–ի և Ադրբ․ ՍՍՀ–ի սահմանում։ Ցածրադիր, կուեստային, էրոզիոն; մնացորդային լեռնաշղթա է։ Կազմված է կրաքարերից, ավազաքարերից ու մերգելներից։ Ձգվում է համարյա զուգահեռականի ուղղությամբ։ Ունի մոտ 24 կմ երկարություն։ Առանձին գագաթներ անցնում են 900 մ-ից։ Լանջերը մասնատված են ոչ խոր հովիտներով ու ձորակներով։ Ստորոտներում կան փոքր թեքությամբ պրոլյուվիալ–դելյուվիալ շլեյֆներ և արտաբերման կոներ։ Հվ–արմ–ում դրանք առաջացրել են Բագրատաշենի հարթավայրը։ Լանջերը ծածկված են նոսր անտառներով, չորասեր թփուտներով ու չոր տափաստաններով։ Ֆ․ Գևորգյան

ՊԱՊԵՆ (Papen) Ֆրանց ֆոն (1879–1969), ֆաշիստական Գերմանիայի գլխավոր ռազմ, հանցագործներից։ Մինչև առաջին համաշխարհային պատերազմը (1914–1918) եղել է Գլխավոր շաաբի սպա, 1913–15-ին՝ ռազմ, կցորդ ԱՄՆ–ում, որտեղից հեռացվել է լրտեսության և քայքայիչ գործունեության համար։ 1921 – 1932-ին պրուս, լանդտագի դեպուտատ էր կաթոլիկական կուսակցությունից։ 1932-ի հուլիս–նոյեմբերին գլխավորել է կառավարությունը, որը նպաստել է նացիոնալ– սոցիալիստական կուսակցության (նացիստների) դիրքերի ամրապնդմանը։ Ակտիվորեն մասնակցել է 1933-ի հունվարին ֆաշիստական դիկտատուրայի հաստատմանը և մտել է Հիտլերի կառավարության մեջ՝ որպես փոխկանցլեր։ 1934–38-ին եղել է դեսպան Ավստրիայում, նպաստել է անշւյուսքւն՝ ֆաշիստական Գերմանիայի կողմից Ավստրիայի բռնի զավթմանը։ 1939–44-ին, լինելով Գերմանիայի դեսպանը Թուրքիայում, ձգտել է ներգրավել նրան ֆաշիստական Գերմանիայի դաշնակիցների շարքը։ 1946-ին կանգնել է Նյուրնբերգի միջազգային զինվորական տրիբունալի առաջ, սակայն տրիբունալում առաջացած տարաձայնությունների հետևանքով արդարացվել է։

ՊԱՊԵՌՈՆ, Պապառոն, բերդ Լեռնային Կիլիկիայում, Տավրոսի ստորոտին, Տարսոն քաղաքից հս–արմ․ (այժմ՝ ավերակ)։ Կառուցված էր բարձր լեռան գագաթին և շրջափակված ամրակուռ պարիսպներով։ Դղյակը, պալատային շենքերը, եկեղեցին զետեղված էին բերդի արմ․ մասում։ Ելք ու մուտքը հիմնականում եղել է հս–արլ–ից, մնացած կողմերից գրեթե անմատչելի էր։ XI դ․ կեսից Պ․ մտել է Աբչղարիբ Արծրունու տիրույթների մեջ։ 1070-ական թթ․ անցել է Հեթումյաններին։ XI դ․ վերջին Պ–ի տեր է հիշվում Սահակ իշխանը՝ Օշինի փեսան, XII դ․ 1-ին կեսին՝ Օշինի թոռ Սմբատը, 1152-իս Բյուզանդիային զինակցած Սմբատը սպանվել է Թորոս Բ իշխանապետի դեմ մարտում։ Պ․ ժառանգել է նրա որդի Բակուրանը, որը հաշտվել է Թորոս Բ–ի հետ և քրոջը՝ Ռիթային, կնության տվել Թորոսի եղբայր Ստեփանեին։ Վերջինիս մահից (1165) հետո Ռիթան վերադարձել է Պ․ և եղբոր խնամատարությամբ զբաղվել իր մանկահասակ որդիների՝ Ռուբենի (տես Ռուբեն Բ) և Լևոնի (տես Լեոն Բ Մեծագործ) կրթությամբ ու դաստիարակությամբ։ Պ–ում Բակուրանին հաջորդել է եղբայրը՝ Վասակ իշխանը (XII դ․ վերջ), ապա նրա որդի Կոաոանդին սպարապետը (Հեթում Ա թագավորի հայրը)։ Այնուհետև Պ․ հիշվում է որպես Հայոց սպարապետի ժառանգական կալվածք։ XIV դ․ 2-րդ կեսին բերդը գրավել և կործանել է Եգիպտոսի արաբ, սուլթանությունը։

Պ–ում պահպանվել են դղյակի, եկեղեցու, երկու սենյակի, գեղաքանդակ վառարանի և այլ շինությունների մնացորդներ։ Պ–ին կից Մլիճո վանքը եղել է բերդատեր իշխանների դամբարանը։

Գրկ․ Ալիշան Ղ․» Սիսուան, Վնա․, 1885։

ՊԱՊԻԵ–ՄԱՇԵ (ֆրանս․ papier mache, բառացի՝ ծամված, ճմռտված թուղթ), կաղապարմանը հեշտությամբ ենթարկվող խմորանման զանգված, որ ստացվում է մանրաթելավոր նյութերից (թուղթ, ստվարաթուղթ ևն)՝ սոսնձանյութերի, օսլայի, գիպսի ևն խառնուրդով («թղթախմոր)։ Պ–մ–ից պատրաստում են խաղալիքներ, ուս․ պիտույքներ, բուտաֆորիա, զարդատուփեր ևն, հաճախ լաքապատում ու զարդապատում։

ՊԱՊԻԿ ԻՇԽԱՆ, Նորաշխարհյան (Ենիտունյան) Պապիկ Մարկոսի (1846, Զեյթուն –24․8․1886, Զեյթուն), Զեյթունի 1878-ի ապստամբության ղեկավար։ Նորաշխարհյանների տոհմից։ Թուրք, նվաճողների դեմ մղած կռիվներում ցուցաբերած խիզախության համար ժողովուրդը նրան անվանել է նաև Պապիկ փաշա։ 1877–78-ի ռուս–թուրք․ պատերազմի ժամանակ Պ․ ի–ի կոչով Զեյթունի բնակիչներն ապստամբել են, իրենց գավառակից վտարել թուրք, պաշտոնյաներին և մի քանի տարի ապրել կիսանկախ վիճակում (տես Զեյթունի ապստամբություններ 1862, 1877–78, 1895)։ Ռուս–թուրք․ պատերազմի ավարտից հետո թուրք, կառավարությունը ձերբակալել է մի քանի հարյուր զեյթունցիների, որոնց կյանքը չվտանգելու համար ապստամբներն առժամանակ չեն դիմադրել։ Աակայն շուտով Չելթուկ կոչված վայրում լեռնականները զգալի կորուստներ են պատճառել թուրք, ուժերին։ Պ․ ի․ 400 մարտիկներով բարձրացել է լեռները և շարունակել պայքարը։ Ի պատասխան, թուրքերը խոշտանգել են Մարաշում բանտարկված զեյթունցիներին, որոնց թվում էին Պ․ ի–ի մայրը և կինը։ Պ․ ի․ անսպասելի հարձակմամբ գերել է Զեյթունի բոլոր թուրք, պաշտոնյաներին և Մարաշի փաշայից պահանջել հայ պատանդներին։ Թուրք, կառավարությունը փոխզիջումների (հարկերի թեթևացում, որոշ պաշտոնների հանձնում հայերին, միաժամանակ՝ Զեյթունում թուրք, բերդ–զորանոցի կառուցում) գնով 1879-ի վերջերին ազատել է զեյթունցի բանտարկյալներին։ Բայց Պ․ ի․ իր ջոկատով ամրացել է լեռներում և շարունակել է չենթարկվել թուրք, իշխանությանը։ Թուրք, կառավարությունն ի վերջո ստիպված է եղել նրան ճանաչել Զեյթունի քաղաքագլուխ։ Պ․ ի․ այդ պաշտոնում մնացել է մինչև մահը (կողմնակի տվյալների համաձայն՝ նրան թունավորել են թուրք, գործակալները)։ Հ․Պողոսյան

ՊԱՊԻՆՅԱՆ Բորիս Արտեմի (ծն․ 19․6․1912, Ախալքալաք), ինտենդանտական ծառայության գեներալ–մայոր (22․2․1963)։ ՍՄԿԿ անդամ 1942-ից։ 1933-ին զորակոչվել է կարմիր բանակ։ 1940–54-ին ծառայել է Անդրկովկասյան զինվ․ օկրուգի շտաբում, եղել բաժնի պետի տեղակալ, ապա՝ բաժնի պետ։ Երկար տարիներ պատասխանատու աշխատանք է կատարել ԳԴՀ–ում գտնվող սովետական զինված ուժերի կազմում։ Զորացրվել է 1967-ին։ Պարգևատրվել է Կարմիր դրոշի և Կարմիր աստղի 2 շքանշաններով։ Կ․ Հարությունյան

ՊԱՊԻՐՈՒՍ (Cyperus papyrus), 1․ բոշխազգիների–ընտանիքի բազմամյա խոտաբույս։ Ծաղկակիր ցողունները եռանիստ են, հաստ, հիմքում թեփուկաձև տերևներով, մինչև 5 մ բարձրությամբ։ Վեգետատիվ ընձյուղների տերևները նեղ նշտարաձև են։ Ծաղկաբույլը շատ խոշոր է,․հովանոցաձև, ցողունների գագաթին։ Աճում է արևադարձային Աֆրիկայում, գետերի, լճերի ափերին և դանդաղ հոսող ջրերում։ Հին ժամանակներում Պ․ մշակվել է Եգիպտոսում, Պաղեստինում և Հարավային Եվրոպայում։ Ցողունները օգտագործվել են սննդի մեջ, գործվածքների, կոշիկի, լաստերի ևնի պատրաստման համար։ Որպես դեկորատիվ բույս մշակվում է այգիներում, պարտեզներում, ջերմոցներում։

2․ Պ–ի ցողունների երկայնական շերտերից պատրաստվող գրելու նյութ։ Հայտնագործվել է Հին Եգիպտոսում մ․ թ․ ա․