Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/180

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


նում են երկու ուղղագիծ ծնիչներ, այնպես որ հիպերբոլական պարաբոլոիդը գծային մակերևույթ է։ Պ–ի որոշ հատկություններ օգտագործում են լուսարձակային հարմարանքներում։ Ս․ Հարությունյան

ՊԱՐԱԳԱՆԵՐ, նախադասության ստորոգյալի կամ բայով արտահայտված այլ անդամի լրացումներ, որոնք առաջանում են բայի կամ ամբողջ նախադասության իմաստային ծավալի ընդարձակման հետևանքով և ցույց են տալիս նկարագրվող գործողության կամ իրողության հետ կապված զանազան հանգամանքներ՝ տեղը, ժամանակը, ձևը, պայմանը, պատճառը ևն։ ժամանակակից հայերենում տարբերակվում են Պ–ի հետևյալ տեսակները․ 1․ ձևի՝ ցույց է տալիս գործողության կատարման ձևը կամ այն իրավիճակը, որի առկայությամբ կատարվում է գործողությունը (խոսում է գեղեցիկ, գնաց վազելով, ասաց հուզմունքով), 2․ տեղի՝ ցույց է տալիս գործողության կատարման տեղը, տեղային ուղղվածությունը (ամենուրեք ուրախություն է, հեռացավ քաղաքից, ուղևորվեց Մոսկվա, ճանապարհն անցնում է անտառի միջով), 3․ ժամանակի՝ ցույց է տալիս գործողության կատարման ժամանակը (առավոտյան ցուրտ էր, քնելուց առաջ զանգահարեց, կարդալիս ակնոց է դնում), 4․ պատճառի՝ ցույց է տալիս գործողության կատարման պատճառը (հուզմունքից կարմրեց, հիվանդության պատճառով չեկավ), 5․ հիմունքի՝ տալիս է գործողության հիմնավորումը (ըստ այդ որոշման գնացի, համաձայն կարգադրության մերժեց, նրա ասելով զիջեց), 6. նպատակի՝ ցույց է տալիս գործողության կատարման նպատակը (գնացել է աշխատանքի, չսխալվելու համար պետք է ուշադիր լինել, այդ նպատակով գնաց), 7․ չափի ու քանակի՝ ցույց է տալիս գործողության տարբեր քանակային հարաբերություններ, գործողության դրսևորման չափը (անցան վեց կիլոմետր, հինգ տարի աշխատեց), 8․ պայմանի՝ ցույց է տալիս գործողության կատարման համար անհրաժեշտ պայման (անձրև լինելու դեպքում չեմ գա, կգնամ մնալու պայմանով), 9․ զիջման՝ ցույց է տալիս այն հանգամանքները, պատճառները, հակառակ որոնց կատարվում է գործողությունը (հակառակ սպասածի տաք էր, չնայած անձրևին գնացի)։ Յուրաքանչյուր պարագա ունի իրեն հատուկ քերականական ձևավորումը։ Պարագայի պաշտոն են կատարում մակբայները, մակբայաբար գործածված ածականները, գոյականների թեք հոլովները՝ կապերով կամ առանց կապերի, մակբայական կամ գոյականական դերանունները, անորոշ, հարակատար ու զուգընթացական դերբայները (առանձին կամ լրացումներով)։ Ն․ Պառնասյան

ՊԱՐԱԳԵՆԵԶԻՍ (պարա․․․, γένεσίη – ծագում), երկրակեղևում միներալների համատեղ գոյակցություն՝ կապված միաժամանակ կամ հաջորդականորեն առաջանալու հետ։ Տերմինը առաջին անգամ կիրառել է Բրայտհաուպտը (1849)․ իմաստով մոտ է Վ․ Մ․ Սևերգինի «միներալների կցություն» հասկացությանը (1798)։ Կիրառվում է միներալների (միներալների Պ․), ապարների (ապարների Պ․), ֆացիաների (ֆացիաների Պ․), քիմ․ տարրերի (տարրերի Պ․) նկատմամբ։ ժամանակակից միներալոգիայի և երկրաքիմիայի մեջ Պ․ միներալների և քիմ․ տարրերի ծագումով շաղկապված համատեղ գոյակցությունն է։ Նույն պայմաններում առաջացած ապարներն ու միներալները կազմում են պարագենետիկական շարքեր։ Պարզ համատեղ գոյակցությունը առանց որևէ պայմանի կոչվում է պարաստերեզիս։ Միներալների Պ․ կարևորագույն գործոններից է, որը հնարավորություն է տալիս բացահայտելու միջավայրի քիմիզմը, բնական համակարգերի ֆիզիկա–քիմիական և թերմոդինամիկական պայմանները, երկրբ․ զարգացման պատմությունը ևն։ Միներալների և ապարների Պ–ի օրինակ կարող են ծառայել կոլչեդանային, պղինձ–մոլիբդենային, ոսկի–բազմամետաղային հանքավայրերի հանքանյութերը, սկառները, մագմատիկ ապարները, պեգմատիտները ևն։ Կիրառվում է նաև «արգելված պարագենեզիս» հասկացությունը, որը ցույց է տալիս, օրինակ, քվարցի և օլիվինի, քվարցի և նեֆելինի, դիոպսիդի և կորդիերիտի առաջացման անհամատեղելիությունը։ Քիմ․ տարրերի Պ․ պայմանավորված է Դ․ Ի․ Մենդելեևի պարբերական համակարգում այդ տարրերի դիրքով ատոմների բյուրեղաքիմիական հատկություններով և միներալների ու ապարների առաջացման ֆիգիկաքիմիական պայմաններով։ Առանձնացվում են գրանիտոիդների (Լ․ Վ․ Տաուսոն), հիպերբոլիտների (Օ․ Մ․ Գլազունով) և բազալտների (Լ․ Վ․ Տաուսոն, Ի․ Ն․ Գովորով) երկրաքիմիական տիպեր, օրինակ, Li–F գրանիտներ, Be–Տո–Nb հազվագյուտ մետաղային գրանիտներ, տոլեիտային (Cr, Ni, Pt) և ալկալային օլիվինային (Ti, Ва, V, Со) բազալտներ, ինչպես նաև քրոմիտաբեր, երկաթ–տիտանաբեր, պլատինաբեր հիպերբազիտներ։

Ալկալային հալոցքները ստորաբաժանվում են նաև միասկիտային (Ti, TR, J, Ս) ու ագպաիտային տիպերի։ Լիթոլոգիայի մեջ նստվածքային ապարների ՜պարագենեզիսն ընդգրկում է ռիթմից ընդհուպ մինչև ֆորմացիան ներառյալ։

ՊԱՐԱԳԻԾ, փակ եզրագծի երկարությունը։ Ավելի հաճախ այս տերմինն օգտագործում են եռանկյան և բազմանկյունների դեպքում, որոնց համար Պ․ կողմերի երկարությունների գումարն է։

ՊԱՐԱԳՎԱՅ (Paraguay), գետ Բրազիլիայում և Պարագվայում, Պարանա գետի աջ վտակը։ Երկարությունը 2200 կմ է (այլ տվյալներով՝ 2500 կմ), ավազանը՝ 1150 հզ․ կմ²։ Սկիզբ է առնում Բրազիլական սարահարթի հս–արմ․ մասից, հոսում հվ․, կտրում Պանտանալ ճահճապատ, ընդարձակ իջվածքը և Գրան Չակոյի դաշտավայրային մասը։ Գլխավոր վտակներն են Ռիո Վերլեն, Պիլքոմայոն, Ռիո Բերմեխոն։ Տարեկան միջին ծախսը գետաբերանում 4000 մ³ վրկ է։ Պ․ տրանսպորտային գլխավոր մայրուղի է, նավարկելի է մինչև Քորումբա քաղաքը։

ՊԱՐԱԳՎԱՅ(Paraguay), Պարագվայի Հանրապետություն (Repub- lica del Paraguay)

Բովանդակություն

I․ Ընդհանուր տեղեկություններ 
 180
II․ Պետական կարգը 
 180
III․ Բնությունը 
 180
IV․ Բնակչությունը 
 181
V․ Պատմական ակնարկ 
 181
VI․ Քաղաքական կուսակցությունները և արհմիությունները 
 181
VII․ Տնտեսաաշխարհագրական ակնարկ 
 182
VIII․ Բժշկաաշխարհագրական բնութագիրը 
 182
IX․ Լուսավորությունը 
 182
X․ Մամուլը, ոադիոն, հեռուստատեսությունը 
 183
XI․ Գրականությունը 
 183
XII․ ճարտարապետությունը և կերպարվեստը 
 183
XIII․ Երաժշտությունը 
 183
XIV․ Թատրոնը 
 184

I․ Ընդհանուր տեղեկություններ Պ․ պետություն է Հարավային Ամերիկայի կենտրոնական մասում։ Սահմանակից է Բոլիվիային, Բրազիլիային և Արգենտինային։ Տարածությունը 406,8 հզ․ կմ2 է, բն․ 3,3 մլն (1981)։ Մայրաքաղաքը՝ Ասունսիոն։ Վարչականորեն բաժանվում է 17 դեպարտամենտի և մեկ մայրաքաղաքային օկրուգի։ Քարտեզը տես 224-րդ էջից հետո՝ ներդիրում։

II․ Պետական կարգը Պ․ հանրապետություն է։ Գործող սահմանադրությունն ընդունվել է 1967-ին։ Պետության և կառավարության գլուխը պրեզիդենտն է։ Նրան կից խորհրդակցական մարմնի իրավունքով գործում է պետ. խորհուրդը։ Օրենսդիր բարձրագույն մարմինը երկպալատ կոնգրեսն է։ Ընտրական իրավունքից օգտվում են 18 տարին լրացրած բոլոր քաղաքացիները։ Դատական համակարգը կազմում են գերագույն դատարանը (բարձրագույն ատյան), ապելյացիոն դատարանները, առաջին ատյանի դատարանները ևն։

III․ Բնությունը Պ–ի կենտրոնական մասն ընդգրկում է Պարագվայ գետի այլուվիալ դաշտավայրը։ Հվ–արլ–ում Բրազիլական սարահարթի ծայրամասն է (300–700 մ բարձրությամբ), հս–արմ–ում՝ Գրան Չակոյի հարթավայրերը (մինչև 500 մ)։ Երկրի տարածքը գտնվում է Բրազիլական պլատֆորմի հվ–արմ․ մասում։ Երկրբ․ կառուցվածքի հիմքն են Պարանայի սինեկլիզը՝ լցված պալեոզոյի, ստորին մեզոզոյի նստվածքներով ու կավճի տրապներով, և Չակո ճկվածքը՝ կազմված պալեոզոյի, ստորին մեզոզոյի և վերին կայնոզոյի ծովային ու ցամաքային նստվածքներից։ Կան ուրանի, երկաթի ոչ մեծ հանքավայրեր։