Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/412

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՊՏՂԻ ՆԱԻԱԾՆՆԴՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ, հիգիենային, բուժկանխարգելիչ և կազմակերպչական միջոցառումների ամբողջություն, որի նպատակն է ստեղծել մարդու պաղքւ բնականոն զարգացման լավագույն պայմաններ, կանխել բնածին հիվանդությունները, զարգացման արատները և ետծննդյան մահացությունը։ Մոր հիվանդությունները (հղիությունից առաջ և հղիության ընթացքում) բացասաբար են անդրադառնում պտղի վրա և հանգեցնում անհասության, զարգացման արատների, պտղի ներարգանդային և հետագա շրջանների հիվանդությունների, երբեմն էլ՝ նույնիսկ մահվան։ Այդ պատճառով էլ մոր առողջական վիճակը կարեոր նշանակություն ունի սաղմի զարգացման համար առաջին օրերին ու շաբաթներին։ Պ․ ն․ պ․ ընդգրկում է հղիների վաղ հսկողությունը, վարակիչ, սիրտ–անոթային U այլ հիվանդությունների, հղիության թունավորումների վաղ հայտնաբերումը, բուժումն ու կանխարգելումը, ռացիոնալ սննդի ռեժիմի կազմակերպումը, դեղորայքների ընդունման, ռենտգեն ճառագայթման արգելումը՝ առանց բժշկի նշանակման, ալկոհոլի և ծխախոտի օգտագործման արգելումը, մոր օրգանիզմի բավարար հագեցումը թթվածնով (մաքուր օդում զբոսանքներ), հանգստի կազմակերպումը առողջարաններում և հանգստյան տներում, աշխատանքի և հանգստի ռեժիմի կազմակերպումը են։ Մեծ նշանակություն ունի ծննդաբերության ժամանակ որակյալ բուժօգնության կազմակերպումը։ Պ․ ն․ պ․ իրականացնում է սովետական առողջապահության, մայրության և մանկության պահպանության ամբողջ համակարգը։ Պ․ ն․ պ․ պայմանավորված է կնոջ (հատկապես հղիների) աշխատանքի պահպանության մասին հատուկ օրենսդրությամբ (արձակուրդ, նպաստ)։ Բոլոր միջոցառումների կատարման հսկողությունն ու անմիջական անցկացումը ապահովում են կանանց կոնսույաացիաները, դրանց կից սոցիալ–իրավական կաբինետները, ծննդատները և բժշկագենետիկական կոնսուլտացիաները։

ՊՏՂՆԻ, գյուղ ՀՍՍՀ Աբովյանի շրջանում, Հրազդան գետի ձախ ափին, շրջկենտրոնից 7 կմ հվ–արմ․։ Անտառատնտեսությունն զբաղվում է նաև խաղողագործությամբ, բանջարաբուծությամբ և անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կենցաղսպասարկման տաղավար, կինո, մսուր–մանկապարտեզ, բուժկայան։ Հիմնադրվել է 1831-ին, լքյալ բնակավայրի տեղում։ Գյուղի տարածքում պահպանվել է ամրոց, կենտրոնում՝ Պտղավանքի (թվագրվում է VI–VII դդ․) կիսավեր տաճարը։ Պահպանվել են հս․ պատը (ամբողջությամբ), հվ․ պատի արլ․ մասը՝ կամարով միացած հս․ և արլ․ ճակատի ստորին շ․արքերը։ Պատկանում է հայկ․ եկեղեցիների «գմբեթավոր դահլիճ» տիպին։ 13,7 մX29․9 մ ուղղանկյուն հատակագծում ամփոփված են աղոթասրահը, արտաքուստ եռանկյունաձև զույգ որմնախորշերով ընդգծված ավագ խորանի կիսաշրջան աբսիդն ու կողքի ավանդատները։ Գմբեթակիր հենարանները երկայնական պատերի զույգ որմնամույթերն էին, որոնց միացնող կամարներով կազմավորված էր գմբեթատակ քառակուսին։ Փոխանցումը դեպի ութնիստ թմբուկի հիմքը իրականացվել է տրոմպների միջոցով (պահպանվել է մեկը հս–արլ․ անկյունում)։ Աղոթասրահի մեջ են բացվում դռներ հվ․, հս․ և հավանաբար արմ․ (չի պահպանվել) ճակատներից։ Բարձրարվեստ են տաճարի ճարտ․ մանրամասները քիվերը, լուսամուտների կամարունքները, հս․ շքամուտքը, ինչպես և հվ․ պատի հարթաքանդակները։

Գրկ․ ՀովսեՓյան Գ․, Պտղավանքը ն գմբեթավորումը նախնական հայ տաճարների, տես Նյութեր և ուսումնասիրություններ հայ արվեստի և մշակույթի պատմության, պր․ 3, Նյու Ցորք, 1944։ Առաքելյան P․, Հայկական պատկերաքանդակները IY–VII դարերում, ե․, 1949։ Аракелян Б․Н․, Арутюнян В․М․, Мнацаканян С․ X․, О некоторых вопросах истории армянской архитектуры, Е․, 1969, с․ 98–113․ Գ․ Բարիկյան, Վ․ Հարությունյան

ՊՏՂՈՄԵՈՍ (ПтоХедато^) Կլավդիոս (ծն․ թ․ անհտ․–մոտ 168), հին հույն գիտնական։ Ապրել է Ալեքսանդրիայում (Եգիպտոս)։ Նշանավոր է հատկապես <Աւմագեաո>-ով, որում Ապոլլոնիոս Պերգացու և Հիպարքոսի երկրակենարոն համակարգի ուսմունքի հիման վրա 13 գրքում շարադրել է իր ժամանակի աստղագիտությունը՝ էական հավելումներով (հինգ մոլորակների տեսություն, անշարժ աստղերի աղյուսակներ ևն)։ Մինչև Կոպեռնիկոսի «Երկնային ոլորտների պտույտի մասին» գրքի երևան գալը (XVI դ․ 2-րդ կես) և արնակենարոն համակարգի ուսմունքի հաստատումը, «Ալմագեստ»-ը եղել է ամենաօգտագործելի և արժեքավոր աստղագիտական երկը։ Պ․ հեղինակ է այլ աստղագիտական աշխատությունների («Անշարժ աստղերի փուլերը», «Մոլորակների տեղադրությունը» ևն) ու աղյուսակների, որոնց մի մասն է պահպանվել (լատ․ և արաբ, թարգմանությամբ)։ Պ․ հայտնի է նաև որպես աստղագուշակ («Ապոտելեսմատիկա»), փիլիսոփա («Դատելու ընդունակության և հոգու ղեկավար դերի մասին»), երաժշտության տեսաբան («Հարմոնիկա»), ֆիզիկոս («Օպտիկա»), մաթեմատիկոս ու մեխանիկ (երկերը կորած են) և հատկապես՝ աշխարհագրագետ ու քարտեզագետ։ Պ–ի «Աշխարհագրություն» (8 գիրք) իր ժամանակի հայտնի էյկումենի (աշխարհի մարդսհբնակ տարածություն) նկարագրությունն է Իսլանդիայից մինչև Նեղոսի վերին հոսանքները (աշխարհագր․ լայնության), Ատլանտյան օվկիանոսից մինչև Հնդկաչին (աշխարհագր․ երկարության)։ Թվարկված են մի քանի հազար տեղանուն, գետանուն, լեռնանուն, ցեղանուն, նշված են բնակավայրերի և այլ կարևոր կետերի (թվով 8 հզ․) կոորդինատները՝ աստիճաններով ու րոպեներով (5 րոպեի ճշտությամբ)։ Այս երկը, թերութրււններով հանդերձ (հասարակածի երկարությունը հաշված է ընդամենը 180 հզ․ ստադիոն, կոորդինատները հիմնականում որոշված են ճանապարհորդների տեղեկություններով ու ավելի հին քարտեզների հիման վրա և մոտավոր են), անտիկ աշխարհի տեղանունների, աշխարհագրական հնագույն գիտելիքների գանձարան է։ Աշխատությանը կցված են 1 ընդհանուր և 26 հատուկ քարտեզ։ Երկի V գիրքը բովանդակում է Մեծ Հայքի» Կողքիսի, Իբերիայի (Վիրք) և Աղվանքի քարտեզների մանրամասն նկարագրությունը։ Փոքր Հայքի քարտեզը նկարագրված է Կապադովկիային վերաբերող գլխում։ Պ–ի գիտ․ ժառանգությունը և հատկապես «Աշխարհագրություն» մեծապես օգտագործել է VII դ․ հայ գիտնական Անանիա Շիրակացին։ Վերջինս Պ–ի «Աշխարհագրություն»-ից է քաղել «բնակեավ աշխարհի» նկարագրությունը, իսկ Մեծ Հայքի, Կողքիսի, Իբերիայի և Աղվանքի քարտեզը կազմելիս, օգտագործել նրա «Ասիայի երրորդ քարտեզը»։

Քարտեզները տես 416-րդ էջից հետո ներդիրում։