Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/42

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գիտությունների զարգացումը։ ՉԺՀ Պետ․ խորհուրդը իրագործում է գիտության ընդհանուր հսկողությունը՝ Գիտության և տեխնիկայի պետ․ կոմիտեի, Պետ․ պլանային հանձնաժողովի միջոցով։ Գիտ․ հետազոտությունները ղեկավարում են նաև ճյուղային մինիստրություններն ու գերատեսչությունները և ՉԺՀ ԳԱ–ն։

Ըստ արևմտյան աղբյուրների, 1977-ին ՉԺՀ ԳԱ–ի կազմում կար ավելի քան 60 ԳՀԻ, 3 աստղադիտարան (Պեկինի, Շանհայի և Նանկինի), Ատոմային էներգիայի կոմիտեն, Պեկինի ատոմային էներգիայի ինստ–ը, Գիտատեխ․ ինֆորմացիայի ինստ–ը, գիտության տարբեր ճյուղերի մի շարք կոմիտեներ։ Պեկինում են գտնվում Բժշկ․ գիտությունների (1956, 14 ԳՀԻ), Ավանդական չին․ բժշկության (2 ԳՀԻ–ներով), Գյուղատնտ․ գիտությունների և անտառի չին․ (1957, 9 ԳՀԻ–ներով), Ռազմ. գիտությունների (1958), Լեռնաերկրաբանական գիտությունների (1958), Հասարակական գիտությունների (1977, 17 ԳՀԻ–ներով) ակադեմիաները։

XII․ Մամուլը, ռադիոհաղորդումները, հեռուստատեսությունը Լույս են տեսնում (1980) 253 կենտրոնական և տեղական թերթ և ավելի քան 1200 հանդես, որոնցից 900-ը՝ գիտատեխնիկական, ավելի քան 170-ը՝ հասարակական, 130-ը՝ գրական–գեղարվեստական։ Խոշորագույն օրաթերթերն են․ «Ժենմին ժիբաո», «Ցզեֆանցզյուն բաո» (Պեկին, 1956-ից, ՉԺՀ–ի ժող․ ազատագրական բանակի օրգան), «Գուանմին ժիբաո» (Պեկին, 1949-ից), «Գունժեն ժիբաո» (Պեկին, 1949-ից, արհմիությունների համաչին․ ֆեդերացիայի օրգան), «Բեյցզին ժիբաո» (Պեկին, 1950-ից, Պեկինի հեղկոմի օրգան), «Վենհուեյ բաո» (Շանհայ, 1937-ից), «Ցզեֆան ժիբաո» (Շանհայ, 1949-ից, Շանհայի հեղկոմի օրգան)։

Ինֆորմացիոն պաշտոնական գործակալությունը Սինիւուան է (Պեկին, 1937)։

Ռադիոն և հեռուստատեսությունը գտնվում են Ռադիոհաղորդումների կենտր․ վարչություն կառավարական ծառայության տնօրինության ներքո։ Գործում են 93 տեղական ռադիոկայաններ, հաղորդումները տրվում են 39 լեզվով։ Հեռուստատեսությունը 1958-ից է, գործում է 32 հեռուստակայան։

XIII․ Գրականությունը Աշխարհի հնագույն գրականություններից մեկը, որը երեքհազարամյա ավանդույթներ ունի։ Ուշ շրջանի գրառումներն ու մշակումները վկայում են, որ չինացիները դիցաբանության համեմատաբար զարգացած համակարգ ունեն, սակայն հին շրջանի և վաղ միջնադարի նշանակալի էպիկական հուշարձաններ չկան։

Չին․ հին գրականության առաջին խոշոր բանաստեղծական գործը «Շիցզին»-ն է («Երգերի գիրք», մ․ թ․ ա․ XI – VI դդ․), որը որոշակի մշակման ենթարկված բանավոր ստեղծագործության հուշարձան է։ Անհատական պոեզիան սկզբնավորվել է մ․ թ․ ա․ IV–III դդ․, հվ–ում․ Ցյույ Յուանի (մ․ թ․ ա․ մոտ 340–մոտ 278) և նրա աշակերտների բանաստեղծություններն ու պոեմներն ամփոփվել են «Չույան տաղեր» (մ․ թ․ ա․ II դ․) անթոլոգիայում։ Հատուկ «Երաժշտական պալատի» գրառումների շնորհիվ պահպանվել են նաև յուեֆու (մ․ թ․ ա․ III դարից) քնարական ու երգիծական ժող․ երգերը, որ ընդօրինակել են չին շատ բանաստեղծներ։

Հնադարյան արձակը սինկրետիկ է։ Փիլ․ և պատմ․ երկերը պարունակում են առասպելներ, հեքիաթների, ավանդազրույցների պատառիկներ, առածներ ևն։ Կոնֆուցիական Մեն Ցզիի (մ․ թ․ ա․ IV–III դդ․) առակները և Չժուան Ցզիի (մ․ թ․ ա․ III դ․) դառները գեղարվեստական արձակի սաղմեր են։ Սիմա Ցզյանը (մ․ թ․ ա․ 135–մ․ թ․ ա․ մոտ 86) ստեղծել է պատմ․ անձնավորությունների վարքագրություններ։ «Շչի ցզի»-ում («Պատմական հիշատակարան») վավերականությունը զուգորդվում է բարձր գեղարվեստականության հետ։ Այն ժամանակների «բարձր» պոեզիայում իշխել է վերամբարձությամբ աչքի ընկնող ֆու արձակ–բանաստեղծական ժանրը։

Վաղ ֆեոդալիզմի (III – VII դդ․) առաջին բանաստեղծների (Ցաո Չժի, 192–232 և ուրիշներ) վրա, որ պատերազմական կյանքի դժվարությունների ու ժողովրդի տառապանքների մասին են գրել, ազդեցություն են գործել յուեֆու երգերը։ Հակաբռնատիրական տրամադրություններն են արտացոլվել Ժուան Ցզիի (210-263) և Ցզի Կանի (223–262) ստեղծագործություններում։ IV–V դդ․ խոշորագույն բանաստեղծ, «դաշտերի ու այգիների» երգիչ Թաո Ցուանմինը (365–427) չին բանաստեղծներից առաջինն է երգել գեղջկական աշխատանքը։ V–VI դդ․ ծնունդ է առել դասական բանաստեղծությունը՝ հիմնված երաժշտ․ չորս հնչերանգների խիստ հերթագայության վրա։ Թան դինաստիայի (618–907) կողմից երկիրը միավորվելուց հետո նպաստավոր պայմաններ են ստեղծվել գրականության վերելքի համար։ Այդ շրջանում է ձևավորվել գրական լեզուն (վենյան)։ Չեն Ցզիանը (661-702) հանդես է եկել հանուն գրականության բովանդակության և բարձր իդեալների։ Գրականության ծաղկումն են սկզբնավորել բանաստեղծներ Մեն Հաոժանը (689–740) և Վան Վեյը (699 կամ 701–759 կամ 761)։ Լի Բոյի (701–762) քնարերգությունը համակված է կյանքի իմաստն ըմբռնելու ձգտումով։ Դու Ֆուի (712–770) զուսպ ու խստաշունչ պոեզիայում քաղաքացիական մոտիվները զուգորդվում են անձնական խոր ապրումներով։ Սոցիալական թեման հետագա զարգացումն է ապրել Բո Ցզյույ Ի–ի (772–846) պոեզիա– յում։ VIII–IX դդ․ խոշորագույն քնարերգուներն են Ցուան Չժենը (779–831), Լի Շան Ինը (813-858), Դու Մուն (803–853)։ IX դ․ հաստատվել են արձակի տարբեր ժանրեր (էսսե, առակ, ուղերձ, նախաբան), որոնցում դրսևորվել են չին․ գրականությանը հատուկ դիդակտիկ միտումներ։ Երևան են եկել սիրային, արկածախնդրական ու ֆանտաստիկ նովելների ժողովածուներ։ Արձակ–բանաստեղծական ժանր բյանվենը, քաղաքային վիպակ հուաբենը, արձակ–բանաստեղծական խոշոր ձև չժունգունդյաոն նախապատրաստեցին նոր ժանրերի՝ դրամայի (նշանակալի հաջողությունների հասավ XII –XIV դդ․) և վեպի (XV դ․) երևան գալը։

Սուն դինաստիայի ժամանակաշրջանում (960–1279) հատկապես զարգացել են քաղաքացիական հայրենասիրական թեմաները։ Շի դասական խիստ բանաստեղծության (Օույան Սյու, 1007–72, Սու Շի, 1036–1101) կողքին լայն տարածում է գտել ցի երգային քնարերգությունը, որի համար բնորոշ է զգայական հիմքը, հետաքրքրությունը մարդու ներաշխարհի նկատմամբ (Սին Ցի Ցզի, 1140–1207, Լու Յու, 1125–1210)։ Օույան Սյուն և Սու Շին հանդես են եկել նաև որպես արձակագիր։ Լայն տարածում է գտել դրաման, որի առաջին գրառումները (այսպես կոչված՝ հվ․ դրամա) կատարվել են XIII դ․։ Թեև պիեսների սյուժեները մեծ մասամբ հենվել են հին ավանդազրույցների և նախորդ դարերի գրականության վրա, սակայն մերկացնող պաթոսն ու հասարակ մարդու նկատմամբ ուշադրությունը դրանք դարձրել են այժմեական։ XIV դ․ շարքերի են վերածվել ժող․ պատումները․ դրանց հիման վրա ստեղծվել են վեպ–էպոպեաները, որոնք միավորում են սյուժեի տեսակետից ավարտուն, բայց ոչ միշտ իրար հետ կապված գլուխները՝ Լո Գուան Չժունի (մոտ 1330 –մոտ 1400) «Եռաթագավորություն»-ը, Շի Նայ Անի (1296–1370) «Գետախորշեր»-ը։ XVI դ․ վերջին պատմողական արձակի նոր վերելք է նկատվել՝ Ու Չեն Ենի (մոտ 1500–1582) «ճանապարհորդություն դեպի արևմուտք» էպոպեան, «Ցզին, Պին, Մեյ» սոցիալ–կենցաղային անստորագիր վեպը ևն։ Այդ ժամանակաշրջանի դրամատուրգիայի բարձրագույն նմուշներն են Թան Սյան Ցզուի (1550-1616), Հուն Շենի (1645– 1704) և Կուն Շանժենի (1648-1718) պիեսները։ Մանջուրական ներխուժման (1644) հետ է կապված օպոզիցիոն կերպով տրամադրված գրողների համաստեղության երևան գալը, որոնց ստեղծագործության համար բնորոշ են լուսավորական միտումները․ Պոլ Սունլինի (1640–1715) ֆանտաստիկայով ու հեգնանքով տոգորված նովելները, Ու Ցզինցզիի (1701–54) «Կոնֆուցիականների ոչ պաշտոն, պատմությունը» (հրտ․ 1803) երգիծական վեպը։ Դասական վեպի բարձրակետն է Ցաո Սյուեցինի (մոտ 1715–62) «Երազ կարմիր դղյակում» (հրտ․ 1765) գործը։

Նոր ժամանակի (XIX դ․ կես–1917) գրականությունն արտացոլեց չին–մանջուրական ֆեոդալների դեմ և Արևմուտքի կապիտալիստական տերությունների էքսպանսիայի դեմ ուղղված ազատագրական շարժումը, ֆեոդ. հասարակության անկումը և համաշխարհային մշակույթի նվաճումների հետ ինտենսիվ ծանոթությունը։

Չին․ գրականությանը նոր ուժ հաղորդեց Ռուսաստանում Հոկտեմբերյան հեղափոխության ազդեցությամբ ծավալված 1919-ի հակաֆեոդալ․, հակաիմպերիալիստական, ազատագր․ «Մայիսի 4-ի շարժումը»։ Չին․ գրականության արագ զարգացումը պայմանավորեց ոճերի ու մեթոդների խառնվելը և փոխներթափանցումը։ 1920–30-ական թթ․ դրվեցին չին․ նոր գրականության հիմքերը՝ բովանդակու–