Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/619

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

րող, С–հրահանգի և D–ինֆորմացիոն) և 2 ելքից (Q–ուղիղ, Q–շրջված)։ Կոդի հակադարձումը ձևափոխություններից կատարվում է տրիգերի շրջված ելքերի (Q) ընթերցման օգնությամբ։ Կոդ ընդունելու համար գրանցող Ռ–ի ելքերը (ուղիղ կամ շրջված) զուգահեռ միացվում են ընդունող Ռ–ի D մուտքին։ Գրանցումը կատարվում է կառավարման սարքից հրահանգի (С) մուտքին հաղորդվող իմպուլսի օգնությամբ։ Կոդի կարգային տեղաշարժերի համար կիրառվում է օժանդակ Ռ․։ Տեղաշարժը կատարվում է դեպի աջ, իսկ շրջադարձային Ռ–ում՝ երկու ուղղությամբ, շեղման տարբեր քանակներով։ Ռ–ի աշխատանքի գլխավոր բնութագիրն արագագործությունն է, որը գնահատվում է հիշող տարրերի մի դիրքից մյուսին անցնելու ժամանակով։ Հաշվողական մեքենաներ ու մ Ռ․ կիրառվում է տվյալները և հրահանգները ժամանակավորապես հիշելու, ինչպես նաև դրանց ձևափոխությունների համար։

Թվանշանային հաշվողական մեքենաներում (ԹՀՄ) Ռ–ների թիվը, կարգայնությունը և կոնստրուկտիվ առանձնահատկությունները կախված են ԹՀՄ–ի ընդհանուր կառուցվածքից, հրամանների համակարգից, Ռ–ի ֆունկցիոնալ նշանակումից, ԹՀՄ–ի տարրերի բազայից։ Տարբերում են ռելեների, ֆերիտային միջուկների, ֆերիտատրանզիստորային բջիջների, ինտեգրալային սխեմաների օգտագործմամբ Ռ–ներ։ Ընդհանուր դեպքում ԹՀՄ–ներում Ռ․ միատեսակ, երկդիրք հիշող տարրերի (սովորաբար տրիգերների) շղթա է։ Ըստ ֆունկցիոնալ նշանակման Ռ–ները լինում են հիշողության հասցեի (գրվում է հիշողության այն հասցեն, որտեղ պետք է գրանցել կամ որտեղից ընթերցել ընթացիկ մեքենայական բառի կոդը), հիշող ու թյան տվյալների (պահվում է հիշողության մեջ գրվող կամ նրանից ընթերցվող բառի ինֆորմացիան՝ կոդի տեսքով), կուտակիչ (պահվում է թվաբանական կամ տրամաբանական գործողությունների արդյունքը), հրահանգների հաշվիչ (գտնվում է ընթացիկ հրահանգի հասցեն), հրահանգի (պահվում է հրահանգի վերծանման և կատարման ժամանակ)։

Գրկ․ Хилбурн Дж․, Джулич П․, Микро–ЭВМ и микропроцессоры, пер․ с англ․, М․, 1979; Соботка 3․, Стары Л․, Микропроцессорные системы, пер․ счеш․, М․, 1981․ Դ․ Մելքումյան

ՌԵԳԻՍՏՐ, 1․ երգչական ձայնի այնպիսի հնչյունների շարքը, որոնք արտաբերվում են միևնույն եղանակով, դրա շնորհիվ օժտված են միասնական տեմբրով։ Տարբերում են կրծքային, գլխային և խառը Ռ–ներ։ Տղամարդկանց ձայները, հատկապես տենորները կարող են արտաբերել նաև, այսպես կոչված, ֆալցետային Ռ–ի հնչյուններ (տես Ֆաչցեւո)։ 2․ Տարբեր երաժշտ․ գործիքների դիապազոնի հատվածներ, որոնք բնորոշվում են միասնական տեմբրով։ 3․ Լարային–ստեղնավոր գործիքներում (հատկապես կլավեսինում) հնչյունի ուժն ու տեմբրը փոխելու հարմարանք։ 4․ Երգեհոնում՝ միանման կառուցվածքի և տեմբրի, բայց տարբեր բարձրության փողերի շարքը։ Տես Երգեհոն։

ՌԵԳԼԱՄԵՆՏ (լեհ․ reglament, < ֆրանս․ reglement, <regie – կանոն), 1․ կանոնների ամբողջություն, որով որոշվում է պետ․ մարմինների, հիմնարկների, կազմակերպությունների աշխատանքի կարգը (օրինակ, 1720-ի Պետ․ կոլեգիաների գլխավոր Ռ․, Պետրոս I-ի Ռ–ները)։ 2․ Ներկայացուցչական մարմինների նիստերի, ժողովների, կոնֆերանսների, նստաշրջանների և համագումարների վարելու կարգը (օրինակ, ՍՍՀՄ Գերագույն սովետի պալատների համատեղ և անջատ նիստերի Ռ․)։ 3․ Միջազգային կոնգրեսների ու կոնֆերանսների որոշ ակտերի անվանումը (օրինակ, Վիեննայի 1815-ի Ռ․)։ 4․ Կանոնների ամբողջություն (ժամանակավոր կամ մշտական), որով կարգավորվում է պալատի կամ միապալատ պառլամենտի ներքին կառուցվածքն ու գործունեությունը, ինչպես նաև դեպուտատի իրավական դրությունը։ Կանոնները սահմանված են սահմանադրություններում, սահմանադրական ակտերում և կարող են չեղյալ համարվել միայն սահմանադրական հսկողության մարմինների որոշմամբ։ Սովորաբար պալատներում ստեղծվում են հատուկ կոմիտեներ, որոնք հսկում են Ռ–ի կատարումը։

ՌԵԳՐԵՍԻՍ (երկրբ․) (< լատ․ regressio – հակառակ շարժում, հեռացում), ծովի ջրերի նահանջ ափերից։ Պատմական երկրաբանության տվյալների համաձայն երկրակեղևի ցամաքատիպ շրջանները բազմիցս ծածկվել են Համաշխարհային օվկիանոսից ներխուժած ջրերով (արանսգրեսիա) և նորից ազատվել ջրային ծածկոցից (ռեգրեսիա)։ Ռ–ի պատճառ են երկրակեղևի համապատասխան շրջանների ու գոտիների ճկումն ու իջեցումը, հորիզոնական տեղաշարժերը, երկրի դիրքի զգալի փոփոխությունները պտտման առանցքի նկատմամբ, պտույտի մակընթացային արգելակումը, Համաշխարհային օվկիանոսի, ծովերի ու գետերի ջրերի գոլորշիացումն ու փոխակերպումը սառցադաշտերի։

ՌԵԳՈՒԼ (a Առյուծի), Առյուծ համաստեղության պայծառագույն աստղը (1-ին աստղային մեծության)։ Վիզուալ եռակի աստղ է։

ՌԵԴԱՆ (ֆրանս․ redan – խորշ), 1․ հակառակորդի կողմն ուղղված 60–120° անկյան տակ գտնվող երկու դիմամասերով բացդաշտային ամրաշինական կառույց։ 2, Արագընթաց նավի հատակի փորակ։ Ընթացքի ժամանակ Ռ․ ստեղծում է վերամբարձ ուժ, որի հետևանքով նավը ջրի երես է բարձրանում և սկսում սահել (գլիսերել) ջրի մակերևույթով։ Գլիսերման ռեժիմում նավի շարժման դեպքում կրճատվում է ջրի հետ նավի հատակի շփման մակերևույթը, որի շնորհիվ Փոքրանում է շարժման դիմադրությունը և մեծանում արագությունը։ Գչիսերի, կատերի, սկատերի և հիդրոինքնաթիռի լողանի հատակը կարող է ունենալ մեկ կամ մի քանի Ռ․։ Ռ–ի ձևից են կախված նավի լողունակությունը և արագությունը։

ՌԵԴԿԻՆ–ԼԱԳԵՐ, ուշ բրոնզի և վազ երկաթի դարերի (մ․ թ․ ա․ XIII–VIII դդ․) դամբարանադաշտ ՀՍՍՀ–ում, Դիլիջան քաղաքից 6 կմ հս–արլ․, Աղստև գետի աջ ափին։ 1850-ական թթ․ մի քանի դամբարան հայտնաբերել է ռուս ճանապարհաշինարար Ռեդկինը (որտեղից էլ հուշարձանի անվանումը)։ Դամբարանադաշտը կրկին բացվել է 1878-ի շինարարության ժամանակ։ Հետագայում Ռ–լ․ պեղել են Ֆ․ Բայերնը (1879-ին բացել է 75 դամբարան), ֆրանս․ ճանապարհորդ Մուրյեն (1885–1886), Բ․ Պիոտրովսկին (1942) և ուրիշներ։

Ռ–լ–ում միմյանցից մոտ 1,5–3 մ հեռավորությամբ գտնվող սալարկղային, կրոմլեխներով շրջապատված դամբարանները դասավորված են շարքերով։ Ցուրաքանչյոլր սալարկղում թաղվել է մեկ ննջեցյալ (որոշ դամբարաններում՝ փայտե կամ կաշվե մահիճների վրա)։ Ռ–լ–ից հայտնաբերվել են բրոնզե ու երկաթե զենքեր (նիզակի ծայրեր, դաշույններ, սուր ևն), զարդեր (շքասեղներ, ապարանջաններ, վարսակալներ, կախիկներ, ուլունքներ ևն), ձիու սանձ, բազմաթիվ կավանոթներ, այլ իրեր (այդ թվում՝ մ․ թ․ ա․ III հազարամյակի 2-րդ կեսի և վաղ հելլենիստական ժամանակաշրջանի)։ Դամբարանադաշտի մոտ պահպանվել են հին բնակարանների հետքեր։ Ռ–լ–ի գտածոները պահպանվում են Պետ․ էրմիտաժում, Հայաստանի, Ադրբեջանի և Մոսկվայի պատմության պետ․ թանգարաններում։

Գրկ․ М артиросян А․, Армения в эпоху бронзы и раннего железа, Е․, 1964; Есаян С․, Древняя культура племён Северо-Восточной Армении, Е․, 1976․ Գ․ Արեշյան․

ՌԵԴՎԱՆ, Ռըդվան, Ռընդվան, ավան Արևմտյան Հայաստանում, համանուն գավառակի կենտրոնը Բիթլիսի վիլայեթի Սղերդ գավառում, Սղերդից հվ–արմ․, Արգան (Խարզան) գետի աջ ափին, Խալդինդաղի ստորոտին։ XIX դ․ վերջին ուներ 120 տուն հայ բնակիչ։ Կային նաև քրդեր (հիմնականում եզդիներ) և ասորիներ։ Զբաղվում էին երկրագործությամբ (մշակում էին հացահատիկ, բրինձ, խաղող, բանջարանոցային կուլտուրաներ)։ Ռ–ի հայերն ունեին երկու եկեղեցի4 Ս․ Գևորգ (ասոր․4 Մար–Գորգիս) և Ս․ Աստվածածին, Կ․ Պոլսի Միացյալ ընկերության ջանքերով բացված դպրոց։ Շրջակայքի խոշոր հայաբնակ գյուղերից էին Գալհուկը, Մելհան, Ջալդականը, Մրերիկը, Բաջաֆթը, Կանիսուրիկը։ Հայերը բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։ Գ․ Բաղալյան

ՌԵԴՈՒԿՏՈՐ (< լատ․ reductor – ետ բերող, վերադարձնող), 1․ մեքենայի հաղորդակի մեջ մտնող մեխանիզմ, ծառայում է ոլորող մոմենտները մեծացնելու նպատակով տարվող լիսեռի անկյունային արագությունների փոքրացման համար։ Ռ–ի մեջ օգտագործում են ատամնավոր փոխանցումներ, շղթայավոր փոխանցումներ, որդնակային փոխանցումներ, ինչպես նաև