Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/66

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

խավոր խմբագրության անդամ։ Հիմն, աշխատությունները վերաբերում են ավտոմոբիլի տեսության մշակմանը։ Զբաղվել է ավտոմոբիլի կայունության, նրա դետալների ամրության, մաշակայունության հարցերով։ ՍՍՀՄ պետ․ մրցանակներ (1943, 1951)։ Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով։

Երկ․ Теория автомобиля, 3 иад․, M․—Л․, 1950․

ՉՈՒԴ-ՊՍԿՈՎԻ ԼԻՃ, Գդովսկոյե, Պեյպսի, գտնվում է էստոնական ԱՍՀ-ում և ՌՍՖՍՀ Պսկովի մարգում։ Մակերեսը 3550 կմ2 է, միջին խորությունը՝ 7,1 մ, առավելագույնը՝ 15 մ: Կազմված է Չուդի (2670 կմ²), Պսկովի (710 կմ²) լճերից և նրանց միացնող Տյոպլոյե (170 կմ²) նեղուցից։ Սառցադաշտային ջրամբարի մնացուկ Է։ Ափերը առավելապես ցածրադիր են, տորֆաճահճային։ Հատակը հարթ Է՝ ծածկված տիղմի հզոր շերտով։ Լճի հս․ և արլ․ ափերի երկարությամբ ձգվող ավազային ծանծաղուտը տեղ-տեղ ծածկված է սոճիներով։ Կան շատ կղզիներ (խոշորը՝ Պիրիսար)։ Ամենաբարձր մակարդակ ունենում է ապրիլ-մայիսին։ Սառցակալում է նոյեմբերի վերջից մինչև մայիս։ Լճի մեջ թափվում են մոտ 30 գետ (խոշորներն են Վելիկայան, Էմայիգին), արտահոսում է Նարվա գեւոը։ Կա նավագնացություն, ձկնարդյունագործություն։ 1242-ին լճի հվ․ մասում, սառույցների վրա, տեղի է ունեցել ճակատամարտ ռուս, զորքերի և գերմ․ ասպետների միջև։ Տես Սառցաջարդ 1242՝:

ՉՈՒԼԻՄ, գետերի անվանում Արևմտյան Սիբիրում․ 1․ գետ ՌՍՖՍՀ Տոմսկի մարզում, Օբի աջ վտակը։ Երկարությունը 1799 կմ է, ավազանը՝ 134 հզ․ կմ²։ Կազմավորվում է Բելի և Չյոռնի Իյուս գետերի միախառնումից։ Սնումը առավելապես ձնային Է։ Առավել մեծ վտակներն են Սերեժը, Ուրյուպը, Մեծ Ուլույը, Կեմչուգը, Չիչկայուլը, Կիյան, Ցայան։ Սառցակալում է նոյեմբերից մայիս։ Ջրի միջին ծախսը 785 մ³/վրկ Է, առավելագույնը՝ 8220 մ³/վրկ, նվազագույնը՝ 108 մ³/վրկ։ Լաստառաքելի Է, նավարկելի՝ գետաբերանից սկսած 1173 կմ։ Չ-ի վրա են Նազարովո, Աչինսկ, Ասինո քաղաքները։ 2․ Գետ ՌՍՖՍՀ Նովոսիբիրսկի մարզում։ Երկարությունը 392 կմ Է, ավազանը՝ 17,9 հզ․ կմ²։ Սկիզբ է առնում Բարաբայի տափաստանից, թավւվում Փոքր Չանի լիճը։ Սնումը ձնային Է։ Վարարում է ապրիլից նոյեմբեր, ամբողջությամբ սառչում՝ դեկտեմբերից մինչև մարտ։ Չ-ի վրա է համանուն քաղաքը։

ՉՈՒԽԱ, տղամարդու վերնազգեստ։ Անցյալում կրել են կովկասյան ժողովուրդները (վրացիներ, չերքեզներ, աբխազներ են), արևելահւսյերն ու ադրբեջանցիները։ Փոխ են առել Թերեքի ու Կուբանի կազակները։ Կարել են սև, հաճախ նաև մոխրագույն, դարչնագույն տնայնագործական կտորից կամ մահուդից։ Չ․ առանց օձիքի, վերևի մասը կիպ, գոտկատեղում շարով կամ դարսերով կարված, մինչև ծնկներից քիչ ներքև աստիճանաբար լայնացող կապա Է, եզրերին՝ տրեզներ, երկար ու լայն թևերով։ Կրծքի երկու կողմերում կարվում է մի քանի բաժանմունքով մեկական վազմակալ՝ հնում փամփուշտներ, հետագայում՝ վազմաներ (արծաթե գլխիկով փայտիկներ) դնելու համար։ Փեղկերը միացվում են երեք զույգ կեռիկներով։ Չ․ ունեցել է մի քանի տարատեսակ։ Այժմ երբեմն գործածվում է իբրև տոնական կամ գեղարվեստական ինքնագործունեության հագուստ։ Ն․ Ավագյան

ՉՈՒԽԱՃՅԱՆ (Չուխաջյան, Չուխաճյան) Տիգրան Գևորգի (1837, Կ․ Պոլիս —23․3․1898, Զմյուռնիա), հայ կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, երաժշտական-հասարակական գործիչ, հայկ․ օպերային արվեստի հիմնադիրը։ Լինեւով առաջին արևելցի կոմպոզիտորը, որ մասնագիտական բարձր կրթություն է ստացել, Չ․ նախաձեռնել է Արևելքի և Արևմուտքի երաժշտարվեստների մերձեցման գործը, եվրոպ․ դասական ձևերը վերստեղծելով արլ․ երաժշտության ելևէջային-կշռութային ինքնատիպ կերտվածքի հմուտ ներհյուսմամբ։

Չ․ դաստիարակվել է գեղարվեստասեր ընտանիքում։ Երաժշտ․ առաջին տպավորություններն ստացել է հայկ․ դպրոցական, հոգևոր ու քաղաքային ժող․ երգերից, Կ․ Պոլսի բազմալեզու միջավայրի կենցաղային, ընդհանուր արլ․ երգ ու նվագից, ինչպես և եվրոպ․, մասնավորապես իտալ․, օպերային արվեստից։ Դպրոցական տարիներին նրա երաժշտ․ հակումների դրսեվորմանը նպաստել է պոլսահայ երաժիշտ Գ․ Երանյանը, իսկ առաջին կանոնավոր պարապմունքները դաշնամուրից ու տեսական առարկաներից մի քանի տարի ղեկավարել է իտալացի պոլսաբնակ մանկավարժ Մանձոնին։

Չ-ի պատանեկության ու երիտասարդության տարիները համընկել են հայ ժողովրդի զարթոնքի ու վերածնության փայլուն շրջաններից մեկին։ Արևելյան Հայաստանը ազատագրվել էր պարսկ․ լծից։ Արևմտյան Հայաստանը շարունակում էր թուրք, բռնապետության դեմ անհավասար պայքարը, որի արտահայտություններից մեկն էր Զեյթունի հերոսական ապստամբությունը։ Աշխուժացել էր Կ․ Պոլսի և Զմյուռնիայի հայկ․ բնակչության տարբեր խավերի հասարակական-քաղ․ գործունեությունը։ Վերելք էին ապրում գրականությունը, թատրոնն ու երաժշտությունը, և դռներ էին բացվում եվրոպ․ մշակույթի և քաղաքակրթության լայն ու խոր ընկալման համար։ Այս պայմաններում և իտալ․ օպերային խմբերի հյուրախաղերի տպավորության տակ հայ հասարակության առաջադեմ ներկայացուցիչները ազգային օպերա ունենալու երազանքներ էին փայփայում։ Դրանց մեջ էր երիտասարդ Չ․, որն արդեն գաղափարական և ստեղծագործական կապեր էր հաստատել հայկ․ թատերական աշխարհի հետ, հայրենասիրական երգեր էր հորինում տարբեր ներկայացումների համար, իր ձեռքն էր վերցրել Ւոսսգյ ուղի թաղային թատրոնի երաժշտ․ ղեկավարությունը և խանդավառ մասնակցություն էր բերում <Քնար հայկական> երաժշտ․ ընկերության աշխատանքներին։ Մասնագիտական կրթությունը լրացնելու նպատակով Չ․, Մանձոնիի խորհրդով ու հանձնարարականով, 1861-ին ուսանելու է գնում Մի լան, ուր երեք տարի մասնագիտական խոր գիտելիքներ է ստացել, հաղորդակցվել համաեվրոպական ժամանակակից երաժշտության զարգացման ընթացքին, ընդմիշտ հոգեհարագատացել Ջ․ Վերդիի օպերային արվեստի հետ, կազմավորվել որպես գեղագիտական առաջավոր գաղափարների տեր քաղաքացիարվեստագետ։ 1864-ին վերադառնալով Կ․ Պոլիս՝ կրկին