Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/97

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ներն են, որոնց զարգացման և բավարարման օրինաչափություններով ուղղակի կողմնորոշվում են հասարակության մյուս բոլոր պահանջմունքների ձևավորման և աճման միտումները։ Նյութական պահանջմունքների դերն անմիջականորեն պայմանավորված է դրանց բնույթով։ Լինելով հասարակության գոյության և զարգացման ամենակենսական՝ նյութական, պայմանների անհրաժեշտություն, նյութական պահանջմունքները կազմավորվում են մարդու ձևավորման հետ, իսկ մի շարք առավել հարկադրական՝ ֆիզիոլոգիական, պահանջմունքներ մարդը ժառանգում է իր նախնիներից (այս շրջանում մարդկանց նյութական պահանջմունքները և դրանց բավարարումը, մեծ մասամբ, դրսևորվում են իրենց անմիջական՝ զուտ բնական տեսքով, առանց տնտ․ երանգավորման)։ Հասարակության ձևավորմանը և զարգացմանը զուգընթաց, նյութական պահանջմունքներն ընդունում են տնտ․ պահանջմունքների ձև, որքանով որ դրանց բավարարումը, գրեթե ամբողջությամբ, կապված է արտադրության հետ և միջնորդավորված մարդկանց տնտ․ հարաբերություններով։ Սակայն տնտ․ պահանջմունքների համակարգը ներառում է մարդկանց ոչ միայն ամբողջ նյութական, այլև հոգևոր ու սոցիալական պահանջմունքների գերակշռող մասը։ Վերջինս նույնպես բավարարվում է աշխատանքի արդյունք հանդիսացող նյութական և հոգևոր բարիքներով, որոնց արտադրության և օգտագործման կապակցությամբ ևս ծագում են տնտ․ հարաբերություններ։ Արդի պայմաններում մի շարք զուտ հոգեվոր կամ սոցիալական պահանջմունքներ ուղղակի վերածվում են գիտականորեն կազմակերպված հասարակական աշխատանքի և արտադրության պահանջմունքի, դրանով իսկ, անմիջականորեն ներառվում տնտ․ պահանջմունքների համակարգը։

Շահագործողական հասարակարգերում հասարակության և նրա անդամների տնտ․ պահանջմունքներն ունեն դասակարգային տրոհվածություն և ենթարկված են իշխող դասակարգերի գլխ․ տնտ․ պահանջմունքի բավարարման նպատակին։ Այսպես, կապիտալիստական հասարակարգում տիրապետող դասակարգի տնտ․ գլխ․ պահանջմունքը կապիտալի և հավելյալ արժեքի նկատմամբ պահանջմունքն է, որի բավարարման անհրաժեշտությունն էլ հենց պայմանավորում է բանվոր դասակարգի անձնական տնտ․ պահանջմունքների բավարարման հնարավորությունը՝ աշխատուժի գնի սահմաններում։ Սոցիալիզմի պայմաններում հասարակության և նրա անդամների տնտ․ պահանջմունքների միջև վերանում է ամեն մի հակամարտ հակասություն, որքանով որ անձնական պահանջմունքների բավարարման մակարդակն անմիջականորեն պայմանավորվում է հասարակական պահանջմունքների իրացման աստիճանով, որոնք և ձուլվում են սոցիալիստական արտադրության մեկ, ընդհանուր նպատակի մեջ։

Հասարակության զարգացմանը զուգընթաց, որպես ընդհանուր տնտ․ օրենք, մարդկանց պահանջմունքներն անընդհատ զարգանում և կատարելագործվում են, հաճախ գերազանցելով իրենց բավարարման հնարավորությունները։ Տարբերում են կենսական (հարկադրական և հրատապ բևույթ կրող), իրակաև (արտադրության տվյալ մակարդակով պայմանավորվող), անհրաժեշտ (հասարակության և անհատի զարգացման տվյալ աստիճանին համապատասխան պայմաններով արտահայտվող), բացարձակ (համաշխարհային արտադրության լավագույն նմուշներին և կյանքի ենթադրվող առավելագույն պայմաններին համապատասխանող) պահանջմունքներ։

Գրկ. Մարքս Կ․, Փիլիսոփայության աղքատությունը, Ե․, 1948։ Նույնի, Կապիտալ, հ․ 1–3, Ե․, 1933–49։ Լենին Վ․ Ի․, Այսպես կոչված շուկաների հարցի առթիվ, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 1։ Радаев В․ В․, Потребности как экономическая категория социализма, М․, 1970; Евстигнеева I․ П․, формирование потребностей в развитом социалистическом обществе, М․, 1975․ Մ. Սարգսյան

ՊԱՀԱՏՎՈՒԹՅՈՒՆ, քաղաքացիական իրավունքում պարտավորություն, որն առաջանում է պայմանագրով կամ օրենքով։ Պ–յան պայմանագրով մեկ կողմը (պահառուն) պարտավորվում է պահել մյուս կողմի (պահատուի) գույքը և վերադարձնել անվթար։ Պահատու կարող են լինել քաղաքացիներն ու իրավաբանական անձինք, պահառու՝ հիմնականում սոցիալիստական կազմակերպությունները։ Քաղաքացիները պահառուի պարտականություն ստանձնում են անվճար, սոցիալիստական կազմակերպությունները՝ վճարով (եթե Պ․ նրանց հիմնական գործունեությունն է, օրինակ, լոմբարդը, պահասենյակները, պահախցերը) և անվճար (ճաշարանների, հյուրանոցների, համերգասրահների հանդերձարանները)։ Պ–յան պայմանագիրը կնքվում է բանավոր և գրավոր։

Պ–յան պայմանագիրը պահատուի պահանջով կարող է լուծվել ցանկացած ժամանակ (ՀՍՍՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդվածներ 425–436)։

Այն կազմակերպությունները, որոնց համար Պ․ կանոնադրային պարտականություն է, պատասխանատվությունից խուսափում են միայն տարերային աղետի (ջրհեղեղ, երկրաշարժ ևն) դեպքում։

Պ–յան մի տեսակը պատասխանատու պահումն է։ Այդ պարտավորությունն առաջանում է սոցիալիստական կազմակերպությունների հարաբերություններում, երբ գնորդ (ստացող) կազմակերպությունը վճարապահանջը չի հոժարագրում կամ հրաժարվում է ընդունել խոտան արտադրանքը։ Մատակարարողն իրավասու է արտադրանքը գնորդի պատասխանատու պահմանը հանձնել նաև այն դեպքերում, երբ վերջինս պատճառաբանելով բանկի ֆինանս, հսկողությունը, ուշացնում է վճարումներն ու հաշվարկները։ Պատասխանատու պահման հարաբերությունները կարգավորվում են միութենական հանրապետությունների քաղաքացիական օրենսգրքերով, արտադրատեխնիկական արտադրանքի մատակարարման և ժող․ սպառման ապրանքների մատակարարման կանոնադրություններով։

ՊԱՀԱՐԵ [Պետրոսյան Հայկ Սեդրակի, 2(15)․2․1895, Նոր Բայազետ (այժմ՝ Կամո)–2․11․1968, Երևան], հայ սովետական դերասան և բանաստեղծ, Վրաց․ ՍՍՀ վասա․ արտիստ (1943)։ Սովորել է Թիֆլիսի Գեղարվեստի ակադեմիայում (Ե․ Թադևոսյանի մոտ) և Հայոց դրամատիկական ընկերության ստուդիայում (1917)։ Բեմ․ գործունեությունն սկսել է Թիֆլիսի ժող․ թատրոններում (1911-ից)։ 1919-ից խաղացել է Թիֆլիսի հայկ․ թատրոնում։ Անձնավորել է շուրջ 200 դեր։ Լավագույններից են՝ Քաջ Նազար (Դեմիրճյանի «Քաջ Նազար»), Գիքո (Սունդուկյանի «Պեպո»), Բոբչինսկի (Գոգոլի «Ռևիզոր»), Շմագա (Ա․ Օստրովսկու «Անմեղ մեղավորներ»), Պերչատկին (Վ․ Շկվարկինի «Ուրիշի երեխան»)։ Հեղինակ է «Գյուղերի կանչը» (1925), «Գեղարքունիք» (1928), «Հայրենիք» (1958) բանաստեղծությունների ժողովածուների, «Կոմերիտ Վաղոն» (1926) պոեմի, «Թատերական հուշեր» գրքի (1960), «Ստեփան Քափանակյան» (1962) մենագրության։ Բեմականացրել է Հ․ Թումանյանի «Չախչախ թագավորը» (բեմ․ 1945, Թբիլիսիի պատանի հանդիսատեսի թատրոն)։ Բ․ Հովակիմյան

ՊԱՀԵՍՏԱՅԻՆ ՎՆԱՍԱՏՈՒՆԵՐ, պահեստակյաց վնասատուներ, կենդանիներ, որոնք փչացնում կամ ոչնչացնում են պահեստավորված և փոխադրվող հացահատիկը, հատիկային մթերքները, չոր մրգերը, բանջարեղենը, դեղանյութերի, կաշվի, ծխախոտի հումքը են։ ՍՍՀՄ տարածքում հանդիպում են հացահատիկային պաշարները վնասող մոտ 100 տեսակ վնասատուներ։ Դրանցից առավել վտանգավոր են ասուրի, երկարավուն և սովորական մազապատ աղերը, ամբարային և բրնձի երկարակնճիթը, գող–ձևացողը, սուրինամի ալրակերը, մավրիտանական բզեզը, ալյուրի մեծ և փոքր բզեզը, հարավային ամբարային հրաթիթեռը, ալյուրի հրաթիթեռը, ամբարային ցեցը, հացահատիկային ցեցը ևն, թռչուններից՝ տնային աղավնին և ճնճղուկը, կրծողներից՝ մկները, դաշտամկները ևն։ Հացահատիկային պաշարների բոլոր վնասատուներին պայմանականորեն բաժանում են 3 խմբի․ 1․ վնասատուներ, որոնք բազմանում են միայն բնական պայմաններում (դաշտերում) և պահեստներն են ընկնում հավաքվող բերքի հետ (հացահատիկային բվիկ, սիսեռի հատիկակեր ևն)։ 2․ Վնասատուներ, որոնք բազմանում են և՝ բնական, և՝ արհեստական պայմաններում (հացահատիկային ցեց, լոբու հատիկակեր, տզեր)։ 3․ Վնասատուներ, որոնք զարգանում են միայն պահեստային պայմաններում (ամբարային երկարակնճիթ, հացահատիկի սրիչ, հրաթիթեռներ, ամբարային ցեց)։

Միջատներով և տզերով վարակված սերմերը կորցնում են ծլունակությունը մինչև 50% (վնասվում է հատիկի սաղմը և էնդոսպերմը), նվազում հատիկների քաշը (35–60%-ով), վատանում դրանց սննդային և հացաթխման որակը։ Ամբարային երկարակնճիթը և տզերը կարող են փոխանցել կարծր մրիկի սպորներ և այլ հիվանդություններ։ Առնետները և մկները