Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/127

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բայց ռայեայի այդ անմեղ փորձն էլ անհուն աղէտների դուռ բացեց։

XVII դարի սկիզբը Հայաստանի մէջ ներկայացնում էր մի այսպիսի տեսարան։ Սով էր, մէկը այն ահռելի սովերից, որոնք այնքան սովորական էին դարձել այդ քարուքանդ երկրի, մշտական պատերազմների արիւնոտ բեմի համար։ Սովի հետ բռնացած էր և մի այլ աղէտ. ամեն տեղ փռված էին ջալալիների հրոսակախմբերը, որոնք ասպատակութիւններ էին անում, կողոպտում էին։ Դա աւազակային մի ամբողջ հեղեղ էր և իր քաջագործութիւնների համար ասպարէզ էր ընտրել Կիլիկիայից մինչև Արարատեան աշխարհը։ Հաւաքվել էին զանազան տեսակ գիշատիչ տարրեր․ այդտեղ էին և այն փաշաներն ու կուսակալները, որոնք ապստամբված էին թիւրք կառավարութեան դէմ և որոնց ձեռքի տակ հազարաւոր սպառազինված մարդիկ կային։ Եւ ահա ժողովրդի վզին միմեանց վրա բարդվել էին օսմանեան լուծը, որի անտանելի ծանրութիւնից ազատվելու համար շատերը փախել էին Պարսկաստան, սովը և աւազակ ջալալիները։

Կար և չորրորդ, տնային դժբախտութիւնը։ Այդ սարսափելի ժամանակներում Էջմիածնի երկու կաթողիկոսները փախստական թափառում էին ժողովրդի մէջ, աշխատելով տուրք ժողովել` իրանց խեղճ գլուխը ապրեցնելու համար։ Նրանք չէին համարձակվում օրվայ լոյսով դուրս գալ, երկու օրից աւելի չէին կարողանում մի գիւղում մնալ։ Ամեն տեղ նրանց հալածում էին