Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/136

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
II
Հայերին գաղթեցնում են դէպի Պարսկաստան. բարբարոսական անգթութիւններ: —Աղէտ Արաքս գետի վրա. ականատեսի վկայութիւնը: — «Ափսոս քեզ» երգը։ — Երկիրը դատարկվում է։ — Պատկերներ ջալալիների արշաւանքներից։ — Սով։ — Մնացած հայերը փախչում են Ղրիմ, Լեհաստան։ — Վայրենացում. հայ կղերի արարքները։ — Դաւիթ ու Մելքիսէթ կաթողիկոսների մրցութիւնները։ —Դաւթի յաղթանակը, նրա բարոյական կերպարանքը. եկեղեցիները կողոպտված, էջմիածնի վանքում մի մահմեդական է ճրագ վառում. հոգեւորական դասի կատարեալ անկումը։ — Վասպուրականի ժողովրդի բողոքը։

Աշուն էր։ Արարատեան դաշտում կուտված են բիւրաւոր ընտանիքներ։ Մարդկային այդ հօտերը գրաւել են մի տարածութիւն, որի լայնութիւնը Գառնիի լեռների ստորոտից մինչև Արաքս գետն է, իսկ երկարութիւնը - մի օրվայ ճանապարհ։ Սինան փաշան հասել է Կարս, Շահ-Աբբասը շտապով վերցնում է Ագջակալայի պաշարումը և սկսում է նահանջել։ Երեք բանակ են շարժվում դէպի հարաւ-արևելք. առջևից գնում էր գերիների բանակը, յետոյ նրան քշող պարսից բանակը, իսկ սրան հետևում էր Սինան փաշան։ Ջուղան էլ հրաման ստացաւ գաղթելու միւսների հետ։ Շահ-Աբբասը մեղք համարեց թողնել այդ ժիր ու ճարպիկ