Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/138

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ջուղան էլ լացով ու կոծով դատարկվեց։ Բայց ինչ էր նրա լացն էլ, կոծն էլ այն ընդհանուր տեսարանի մէջ, որ բացվեց Արաքսի ափերին։ Սինան փաշան անդադար առաջանում էր, բազմապատկելով պարսիկների երկիւղը։ Պէտք էր հապճեպով առաջ քշել մարդկային նախիրը, Արաքսից անցկացնել, որպէս զի օսմանցիները յետ չը խլէին։ Բայց փոխադրութեան միջոցներ չը կային եղած նաւակներն ու լաստերը շատ քիչ էին։ Բարբարոսութիւնը, սակայն, գործ չունի բանականութեան, հանգամանքների հետ․ նրա համար ամենաբարձր իմաստութիւնը, հրաշագործ ոյժը բռնութիւնն է։ Եւ ետևից արշաւող թշնամու վերաբերմամբ աղուէսի դիրք բռնած պարսիկները առիւծ են դառնում բութ ու ուշակորոյս ամբոխի մէջ: Հրամայում են քշել գերիներին դէպի գետի մէջը․ ժամանակ չը կայ, սպասել, կանգնել անհնարին է. թող, ուրեմն, բազմութիւնը թափվէ գետը, անցնէ միւս ափը ինչպէս կարող է։ Ծեծում են, ջարդում են այն մարդկանց, որոնք յանդգնում են վախենալ գետից. գլուխ, ականջ ու քիթ են կտրում, շտապեցնում են։ Եւ սարսափահար բազմութիւնը, մրրիկից բռնված ոչխարային հօտերի պէս, թափվում է ջրի մէջ։ Հառաչանքներն ու աղաղակները լցրել են Արաքսի ամբողջ ձորը։ Մի նոր Արաքս էր գոյացել այդ անբախտների արտասունքներից։ Առջևում անհուն գետը, ետևում պարսկական սուրը, և փախչելու ոչ մի ճանապարհ։ «Պարսից անողորմ զորքերը — ասում է Առաքել պատմագիրը — քշում էին ժողովուրդը