Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/15

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

միայն միջոց»։ Հին աշխարհի հսկայ խելքը դառնութեամբ էր արձանագրում, որ ոսկի հորթը կլանում է քաջութիւնը, պատերազմական առուեստը, գիտութիւնը իր բոլոր ճիւղերով։ Ոչ մի տեղ վաճառականութիւնը ազգային գոյութեան միակ նեցուկ չէ եղել. նա ազգ ու հայրենիք չէ էլ ճանաչում, եւ այն ազգերը, որոնք, իդէալ ու պաշտամունք են դարձրել վաճառականութիւնը միայն, չարաչար պատժվել են ու կորել։

Հայերը, բարեբախտաբար, իրանց ուշքն ու միտքը միայն ոսկի հորթին չը նուիրեցին։ Նրանց համար կար եւ մտաւոր գործը, որին ծառայեցին թէեւ համեմատաբար թոյլ չափերով, բայց յարատեվ եռանդով ու տոկունութեամբ։ Այդ գործունէութիւնը մեր գոյութեան ամենահզօր պատուարն է եղել եւ տպագրական մամուլի ամենամեծ երախտիքներից մէկն է կազմում։

Մօտ չորս դար մեզ ապրեցրել է Գուտենբերգի գիւտը։ Եւ այսօր, երբ տօնվում է մեր այդ աննման երախտաւորի յօբելեանը, ի՞նչ կարող ենք մենք նուիրել նրա անմահ յիշատակին։ Միայն մի բան–մեր երախտագիտութիւնը։ Դա է մեր միակ պսակը Գուտենբերգի անյայտ գերեզմանի վրա։ Իսկ թէ որքան թանգագին է այդ պսակը, մենք այդ կարող կը լինենք չափել ու կշռել, երբ կիմանանք, թէ ինչ էր տպագրութիւնը մեզ համար։