Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/193

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հոգևորական, Նիկօլը։ Բայց ի՞նչ էր Նիկօլը։ —Մելքիսէթ կաթողիկոսի ձեռքի պտուղը։

Մենք արդէն տեսանք այս վեղարաւոր խանին Հայաստանի մէջ։ Տեսանք նրան պարսիկ զինուորների հետ ժողովուրդը անխիղճ բռնութիւններով կեղեքելիս, որպէս զի փող գջլէ և պարսից կառավարութեան վճարէ իր կաթողիկոսութեան կապալավարձը։ Կեղտոտ միջոցներով ձեռք բերած իշխանութիւնը կատարեալ պատուհաս է դառնում փառամոլի համար։ Մելքիսէթը կեղեքում էր, բայց նրան էլ լաւ կեղեքում էին նրա հետ ման եկող պարսիկ զինուորները. ուստի որքան էլ հաւաքում և վճարում էր հայոց կաթողիկոսը, — պարտքը, այնու ամենայնիւ, աճելով աճում էր. և որքան նրան սաստիկ էին խեղդում պարսիկները, այնքան նա սաստկացնում էր իր կեղեքումները ժողովրդի մէջ։ Ժողովուրդը համբերեց, համբերեց, բայց վերջը երես դարձրեց իր կաթողիկոսից, և նա հալածական դարձաւ։

Ոչ մի տեղ ընդունելութիւն և համակրանք չը գտնելով, նա, վերջապէս, փախաւ գնաց Լեհաստան՝ այնտեղի հայերին խուզելու համար: Եւ լեհահայը տալիս էր: «Շատ և յոլով տուգանք տըւաք, անթիւ արծաթ ոսկի տարանք, թէ նովաւ զհոգիս փրկէաք» —ասում է մի լեհահայ ժամանակագիր[1]: Բայց Մելքիսէթի ընչաքաղցութիւնը կամաւոր նուէրներով բաւականացողը չէր. ինչպէս Հայաստանում, այստեղ էլ նա չուզեց զրկել իրան ձեռնադրութիւններից ստացվող եկամուտից․

  1. «Կամենից», եր. 203.