ստեղծեց, որ նրանք առաջադէմ ու կրթված լինեն։ Այդ դպրոցը, որ Ջուղայի պատմագիրներից մէկը անուանում է համալսարան, ազատում էր աշակերտին ամեն տեսակ կողմնակի հոգսերից, տալով նրան այն ամենը, ինչ հարկաւոր էր ապրուստի համար. դրա փոխարէն աշակերտը պիտի նուիրվէր իր գրքերին։ Սիմէօն վարդապետը Խաչատուրի աջ թևն էր․ նա կրթական գործը հասցրեց նախանձելի դրութեան, ինքն էլ զբաղվում էր գրաւոր աշխատութիւններով և շուտով հռչակվեց ամբողջ Հայաստանի մէջ իբրև գիտնական վարդապետ։
Հասկանալի է, որ Ամենափրկչեան վանքի շրջանում պիտի լաւ զգացվէր տպարանի կարևորութիւնը։ Եւ որովհետև անկեղծ ոգևորութիւնը ընդունակ է գործ ստեղծել նոյն իսկ ոչնչից, ուստի և Խաչատուր վարդապետը իր օգնականների հետ գլուխ բերեց մի այնպիսի գործ, որ աւելի հրաշքի էր նման։ Նա բաց արաւ Ջուղայում տպարան և 1640 թւականին հրատարակեց «Հարանց Վարք» անունով գիրքը: Տպարան Պարսկաստանի խորքերում, այն էլ այդ խաւար ու բարբարոսական ժամանակներում–—սա ինքն ըստ ինքեան մի մեծագործութիւն էր, որ պատիւ էր բերում հայի կուլտուրական ընդունակութիւններին։ Բայց հրաշալին այդ չէ, այլ այն, որ Ջուղայի տպարանը ամբողջովին շինված էր տնային միջոցներով։ Խաչատուր վարդապետը ոչ ոքից չէր սովորել տպագրական արուեստը, այդպէս էին և նրան շրջապատողները։ Բայց նրանք կարողացան