Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/324

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հաւաքելով, կանչեց պատրիարքարանին տիրացած աղաներից մի քանիսին և սաստիկ յանդիմանեց նրանց, ապա և բանտ ուղարկեց։ Բայց ոչ թիւրքական բանտը, ոչ մեծ տուգանքները, որոնց միջոցով ազատվեցին բանտարկվածները, չը խրատեցին շահամոլ մեծաւորներին։ Գլխովին փչացած այն հանգամանքից, որ Թիւրքիայում ամեն ինչ կարելի էր առնել կաշառքով, այդ մարդիկ խոստացան տարին 40 հազար փող աւելորդ տուրք տալ (պատրիարքարանը արդէն տալիս էր 100 հազար փող) կառավարութեան, միայն թէ իրանց չը հարկադրեն պատրիարք ընտրել։

Բայց կաշառքներ տալը ուրիշներն էլ գիտէին։ Բերիացի Թօմա վարդապետը, վերադառնալով Եւրօպայից, իր վաղեմի տենչանքը իրագործելու ետևից գնաց։ Նա ընկաւ թիւրք իշխանաւորների դռները, կաշառքներ բաժանեց առատօրէն, իսկ կառավարութեան խոստացաւ 140 հազար փող տուրքի փոխարէն՝ տարին վճարել 400 հազար փող, եթէ իրան կը տան թէ Կ․ Պօլսի և թէ Երուսաղէմի պատրիարքութիւնները։ Կառավարութիւնը, ի հարկէ, ընդունեց այդ պայմանը և Թօմային երկու տեղերի պատրիարք նշանակեց։ Այդ յաղթանակը աւելի ևս գրգռեց հայ աղաներին․ նրանք էլ սկսեցին կաշառքներ տալ, որպէս զի արգելեն Թօմայի պատրիարքութիւնը։ Սակայն Թօմայի կաշառքները, ինչպէս երևում է, աւելի չաղ էին․ նրա հակառակորդները բանտարկվում, ծեծվում էին մեծ վէզիրի հրամանով, մինչդեռ, նա պատրիարքութիւն էր անում՝ շրջապատված