աւանդութիւնները ասում են, որ այդ հայ հեղինակը հանգստութիւն չը գտաւ նոյն իսկ մահից յետոյ, որ նրա ոսկորները գետը թափվեցին։ Այնուհետև նա դասվեց սուրբերի կարգում, հռչակվեց երկրորդ լուսաւորիչ, իսկ մեր օրերում պատմական քննադատութիւնը նորից աշխատում է նրան ցած քաշել բարձր պատուանդանից և արդէն այն աստիճանին է հասել, որ պատկերացնում է այդ մարդուն իբրև ապուշ, խարդախ, ստախօս, գող և աչքակապ։ Այդ զարմանալի ճակատագիրը մասամբ հասկանալի է. Մովսէս Խորենացին մի բոլորովին առանձին, արտակարգ երևոյթ է մեր ամբողջ անցեալի մէջ։ Քրքրեցէք մեր ամբողջ գրականութիւնը և դուք նրա գրքի պէս մի ուրիշ գիրք չէք գտնի։ Ահա ինչու նա յարուցել է կրքեր-կամ հիացմունքի կամ ատելութեան կրքեր, և երբէք չէ հասկացվել այնպէս, ինչպէս արժանի էր։
Խօսել մեր ժամանակներում Մովսէս Խորենացու մասին նշանակում է քրքրել այն հարցը,թէ ո՞ր դարի հեղինակ էր նա-հինգերո՞րդ, ինչպէս ինքն է ասում, թէ ութերորդ կամ իններորդ, ինչպէս ուզում են ապացուցանել և արդէն ապացուցած են համարում մի քանի ժամանակակից քննադատներ։ Բայց մենք չենք մտնի այդ հարցի մէջ․ Խորենացին այսպէս, ինչպէս մենք ենք ուզում նայել նրան, ոչինչ չի կորցնի, եթէ մինչև անգամ կարողանան հաստատել թէ ութերորդ դարում էր ապրում նա։ Մեզ հետաքրքրողը պիտի լինի այն, թէ ինչ էր այդ հեղինակը հայոց գրականութեան, հայ ազգի համար։