ապահովված է, որ 1518 թւականի մարտի 31-ին Հռօմում մի հանդիսավոր թափօր սարքեց. ինքը, պապը, իր կարդինալների հետ ոտով գնաց Միներվայի Աստուածածնի տաճարը և այնտեղ լսեց մի պերճախօս ճառ, որի մէջ գիտնական կարդինալ Ջակօբօ Սօդօլէտ աւետում էր թէ շուտով քրիստոնէութիւնը յաղթանակ կը տանէ իսլամի վրա։ Արնախում Սէլիմը տեղեակ չէր այս անցքերին, բայց եթէ տեղեակ էլ լինէր, կարող էր միայն ծիծաղել, որովհետև եւրօպական թագաւորների գործերը չէին համապատասխանում նրանց խոստումներին[1]: Խօսք, վէճ, ոգևորութիւն շատ կար, բայց իրականութիւնն այն էր, որ պետութիւնները աւելի Թիւրքիայի բարեկամութիւնն էին որոնում, քան նրա դէմ թշնամութիւն սկսելուվմասին մտածում։ Նոյն իսկ Ռուսաստանը, չընայած որ ինքն իրան Բիւզանդիայի յաջորդ էր համարում և օրթօդօքս քրիստոնէութեան պաշտպան, աշխատում էր դաշինք կապել սուլթան Սէլիմի հետ[2]:
Սէլիմի որդի Սիւլէյման Կանունին (Օրէնսդիր), որին պատմութիւնը յատկացրել է Մեծ, Նուաճող, Հոյակապ անունները, աւելի ևս հիմք ունէր հեգնութեամբ և արհամարհանքով նայելու եւրօպական ջանքերին։ Նա իր յաղթութիւններով և մանաւանդ իր խելքով հասցրեց Թիւրքիան փառքի և ոյժի գագաթնակէտին։ Ծրագրելով մի