չարչարվում, սպառվում էր, որովհետև քրիստոնեայ համայնք էր աշխարհի այն մասում, ուր սկզբից և եթ զրադաշատկանութիւնը, իսլամն էին յաղթող և տիրապետող կրօններ: Սա ճշմարտութիւն է։ Բայց պակաս դառն ճշմարտութիւն չէ և այն, որ հայի քրիստոնէութիւնը տանջանքների աղբիւր էր նրա համար և այն բազմաթիւ դէպքերում, երբ նա գործ ունէր ոչ թէ Յազկերտների, Յուսուփների, Բուղաների, Ալփ Ասլանների, Լէնկթիմուրների հետ, այլ նոյն քրիստոնէութիւնը դաւանող ուրիշ ազգերի հետ։
Մեր Նոր Պատմութեան բազմաթիւ սև էջերը հասկանալու համար` այստեղ, սկզբում, մենք քիչ պէտք է կանգ առնենք, այս հանգամանքի վրա։
Վեցերորդ դարի սկզբում հայերը բաժանվեցին արևմտեան եկեղեցուց։ Այդ բաժանման մանրամասնութիւնները մենք չենք պատմի և դա կարևորութիւն էլ չունի այն պատմութեան համար, որ աստուածաբանութիւնը, դաւանական նրբութիւնները իր ուսումնասիրութեան առարկայ չէ դարձնում։ Կասենք միայն այսքանը, որ 451 թւականին Քաղկեդօնում, առանց հայ եկեղեցու ներկայացուցիչների մասնակցութեան, կայացաւ տիեզերական անունը կրող ժողովներից մէկը, որ սարաափելի աղմուկներով, ձայների մեծամասնութեամբ, չը նայած բողոքողների բազմութեան, ընդունեց Հռօմի Լևոն պապի դաւանական մի բանաձևը։
Հաւատը սրտի, համոզմունքի գործ է և նրա էական հարցերը չէ կարելի վճռել ճնշումներով,