Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/527

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ոգևորութեան, հրճուանքի բարձր աստիճանին է հասցրել նրանց։ Իր վերածնութեան առաջին քարերը դնող ժողովուրդը կայտառ ու աշխոյժ է լինում երեխայի պէս և յափշատկվող՝ իբրև ամենաթունդը սիրահարներից։ Մէլիքները տօնում են խաւարի մէջ ծագող արշալոյսը։ Օրվայ հերոսը Օրին է. նա էր ոգևորել, վառել այդ մարդկանց։ Իր հետ բերել էր Պֆալցի կուրֆիւրստի և նրա տիկնոջ, ինչպէս և կայսրի ու կայսրուհու պատկերները, որ գնել էր Վիեննայում. յանկարծ հանում է այդ պատկերները, և ժողովականները տեսնում են իրանց հեռաւոր, անծանօթ բարերարներին։ Հրճուանքը աւելի սաստկանում է, Հռենոսի ափում ապրող մարդու պատկերը պաշտամունքի առարկայ է դառնում: Սիւնեաց աշխարհի այդ կորած, խեղճ անկիւնում։ Մոմեր են վառում, դնում պատկերների կողքին-ճիշտ այսպէս էլ այդ ժողովուրդը պատւում է իր սուրբերին։ Գաւաթներով խըմում են քրիստոնեայ իշխանի կենացը. ով ուզում է մի բան ասել, նախ գլուխ է տալիս պատկերներին և ապա միայն բերանը բաց անում։ Ծագում է հարց, թէ ու՞մ մօտ պիտի մնան պատկերները։ Համաձայնութիւն, ի հարկէ, չէ կայանում. վերջապէս, տեղական քահանան յայտնում է, թէ պատկերները ինքը կը դնէ եկեղեցում, ուր նրանք ամենքի սեփականութիւնը կը լինեն։

Այսքան սրբազան ջերմեռանդութեամբ էին վերաբերվում լեռնցիները Իսրայէլ Օրիի սկսած գործին։

Արևելեան հարցի այն մասնիկի համար, որ ․