Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/55

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պատռեցին սահմանները պաշտպանող բերդերի շարքը և սկսեցին կամաց կամաց առաջանալ դէպի Բիւզանդիայի սիրտը։ Այն ճանապարհը, որով Մէհէմմէդ երկրորդը եկաւ, մտաւ Կ․ Պօլիս, բացվել էր դեռ այն ժամանակ, երբ Անին ընկաւ իբրև Բիւզանդական ֆանատիկոսութեան զոհ։

Այդ ֆանատիկոսութիւնը գնաց հայերի ետևից և Կիլիկիա։ Ռուբինեան անկախութիւնը իր թշնամիների շարքում տեսնում էր և Բիւզանդիան, որ ձեռքին ունէր եկեղեցիների միութեան հին, արիւնոտ հարցը։ Բայց այստեղ, Կիլիկիայում, մի երրորդ կողմ էլ աւելացաւ։ Խաչակրաց արշաւանքները Արևելք բերին կաթօլիկ հոգևորականներին, որոնք և սկսեցին նոյնպէս շատ մտածել հայերի հոգու փրկութեան մասին։ Երեք կողմերի կղերականութեան մէջ կռիւները անդուլ և անդադար էին մէկը միւսին համոզել չը կարողացաւ և հազիւ թէ կարողանար, իսկ հետևանքը միշտ այն էր, որ աւելի զարգանում էր ատելութիւնը, կրօնական ֆանատիկոսութիւնը։

Վերին աստիճանի ողբալի էջեր էին բաց անում մեր պատմութեան մէջ այդ կրօնական երկպառակութիւնները․ նրանք միացան քաղաքական դժբախտութիւնների հետ և իրանց ամբողջ ծանրութեամբ ընկան հայ ժողովրդի վրա։ Մի ժամանակ կար, երբ բուն Հայաստանի և Կիլիկիայի հայ եկեղեցիները քիչ էր մնում որ իրարից բաժանվեն․ կիլիկեցիները հակված էին երևում դէպի միութիւնը Հռօմի հետ, ուստի Հայաստանի արևելեան վանքերը ոտքի կանգնեցին հայրենի աւանդութիւնները