Jump to content

Էջ:Հայոց գրերը, Հրաչյա Աճառյան.pdf/253

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նականին, և փոփոխելով ինչ որ հակառակ էր նորան, որոց թվում` և հատուկ անունների ուղղագրությունը» (էջ Ժ):

Բացի Մնացորդաց գրքից՝ կրկին թարգմանությամբ ծանոթ են մեզ Սաղմոսները, Սողոմոնի Առակները, Ժողովող, Իմաստութիւն Սողոմոնի, Երգ երգոց, Սիրաք: Այս գրքերը ունենք թե՛ առաջին փութանակի թարգմանությամբ և թե՛ երկրորդ սրբագրված թարգմանությամբ (տե՛ս Ակինյան, «Հանդես ամսօրյա», 1935, էջ 559):

Սիրաքի առաջին թարգմանությունը հրատարակեց Զոհրապյանը (հատ. Դ, հավելված, էջ 4—40), իսկ սրբագրյալ օրինակը տպված է Վենետիկ, 1833: Երգ երգոցի կրկին թարգմանությունները համեմատությամբ և ուսումնասիրությամբ հրատարակեց Ոսկյանը (Վիեննա, 1924): Մյուսները անտիպ են:

10

Այժմ անցնենք երկրորդ խնդրին, թե ո՛րն էր թարգմանիչների բերած ստույգ և հարազատ օրինակը: Այս մասին հետևյալ տեղեկություններն ենք քաղում Ստ. Մալխասյանի վիմատիպ և իմ ուսուցիչ Գարագաշյանի անտիպ մատենագրության պատմություններից:

Ե դարում հունարեն լեզվով գոյություն ունեին ս. Գրքի մի քանի թարգմանություններ, որոնք կատարված էին զանազան հայրերի ձեռքով կամ հետո ուրիշների ձեռքով սրբագրված: Այսպես՝ անվանի էին Ակյուղասի, Թեոդիտոնի, Սյումաքոսի թարգմանությունները և Ղուկիանոսի, Հյուսիքոսի և ուրիշների ուղղագրած բնագիրները. բայց այս օրինակները քրիստոնեական եկեղեցիներում չէին վայելում այն հարգանքը, որ տրվում էր Յոթանասնից թարգմանության:

Այս թարգմանության մասին բյուզանդական մատենագիրները հետևյալն են պատմում:

Երբ Եգիպտոս անցավ Պտղոմյան իշխանության ձեռքը, Ալեքսանդրիան դառնալով մայրաքաղաք, ուսումնասեր թագավորների շնորհիվ սկսեց օրեցօր ծաղկել գիտություններով և վաճառականությամբ: Նա դարձավ ամբողջ աշխարհի համար գիտական նշանավոր կենտրոն, ուր դիմում էին բոլոր ուսումնասեր անձինք: Հռչակավոր էր մանավանդ Ալեքսանդրիայի գրադարանը, որ ուներ 700 000 գիրք: Պտղոմեոս Եղբայրասեր (Ֆիլադելֆոս) թագավորի ժամանակ (284—295 մ. թ. ա.) գրադարանի կառավարիչը խնդրում է թագավորից, որ գրադարանի համար թարգմանել տա Հրեաների կրոնի գիրքը (Աստվածաշունչը) և ուրիշ գրքեր: Պտղոմեոսը սիրով է ընդունում այս խնդիրքը և մեծ ընծաներով պատգամավոր