Jump to content

Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/158

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Խմբագիրներ՝ Սուրեն Պարթևյան, Արտավազդ Հանըմյան, Ստեփան Եսայան, Հ. Ամիրյանց, Վահան Նավասարդյան, Գաբրիել Լազյան, Սարգիս Զեյթըլյան, Բենյամին Թաշյան, Հ. Հաջիպողոսյան, Կայծ Կոկանյան, Սուրեն Բայրամյան և ուրիշներ: Լայնորեն լուսաբանում է սփյուռքի, եգիպտահայ համայնքի ներքին կյանքը, տարբեր երկրների Հայ դատի հանձնախմբերի գործունեությունը, ներկայացնում հայ գրողների երկեր: 1980-ական թթ. վերջից վերլուծական նյութեր է տպագրել Արցախյան շարժման, Հայաստանի Հանրապետության արտաքին և ներքին քաղաքականության, սփյուռքի առջև ծառացած խնդիրների մասին: Տպագրվում է համանուն տպարանում:

«Նեղոս», շաբաթաթերթ: Լույս է տեսել 1889-ին, Ալեքսանդրիայում (ընդամենը՝ 18 համար): Հրատարակիչներ՝ Անտոն Ռշտունի, Ղևոնդ քհն. Փափազյան: Խարազանել է եգիպտահայ մեծատունների և Կ. Պոլսի Ազգային ժողովի թուրքամետ քաղաքականությունը:

«Շիրակ», գրական և ընկերային ամսաթերթ: Լույս է տեսել 1905-ին՝ Ալեքսանդրիայում, 1906-ին՝ Կահիրեում, 1909-ին՝ Կ. Պոլսում: Խմբագիրներ՝ Վահան Թեքեյան, Միքայել Կյուրճյան, Արփիար Արփիարյան: Աշխատակցել են Սիամանթոն, Դանիել Վարուժանը, Երվանդ Օտյանը: 1-ին համարի առաջնորդողում թերթի նպատակների մասին ասված է. «Շիրակ» պիտի ընե ազգային գրականություն մը, առանց մտնելու կուսակցական նկատառումներու և մասնավորությանց մեջ, լայն պիտի բանա իր էջերը բոլոր ճշմարիտ ու վավերական գրագետներուն առջև, հանդեպ ազգային վերածնումի գործին»:

«Ջահակիր», քաղաքական, գրական և ընկերային պարբերաթերթ, 1954-ից՝ ամսաթերթ: Լույս է տեսնում 1948-ի մայիսից, Կահիրեում: 1963-ից (մի քանի տարվա ընդմիջումից հետո) նորից լույս է տեսել որպես շաբաթաթերթ (այժմ՝ երկշաբաթաթերթ): Արտոնատեր-խմբագիր՝ Հայկ Ժամկոչյան, գրական խմբագիրներ՝ Արշամ Տատրյան, Հրանտ Տատրյան, տնօրեն-խմբագիր՝ Սարգիս Պալայան: Լուսաբանում է գաղութի ազգային կյանքը, տպագրում լուրեր Հայաստանից և Արցախից: Համակիր է Հնչակյան կուսակցության քաղաքական գծին:

«Սավառնակ», ազգային, քաղաքական երգիծաթերթ: Լույս է տեսել 1919-71-ին, Կահիրեում: Տնօրեն-խմբագիր՝ Երվանդ Մսրլյան: Երգիծական նյութերով հանդես է եկել ազգային հոգսերին անտարբեր հայ հասարակական գործիչների և կազմակերպությունների դեմ, ծաղրել եգիպտահայ գաղութի կենցաղի թերությունները: Մեծ տեղ է հատկացրել Խորհրդային Հայաստանի մշակույթի, տնտեսության, գիտության հարցերին: Տպագրել է հայ գրողների ստեղծագործություններ:

«Փյունիկ», ազգային, գրական և քաղաքական հանդես: Լույս է տեսել 1899-ին՝ Կահիրեում, 1901-03-ին՝ Ալեքսանդրիայում, 1909-ին՝ Կ. Պոլսում: 1901-ից՝ շաբաթաթերթ, 1903-ի հուլիսից՝ օրաթերթ: Խմբագիր՝ Սմբատ Բյուրատ: 1-ին համարի խմբագրական հոդվածում նպատակ է դրվել «...վառ պահել միշտ մեծ զգացումը՝ մայր հայրենիքի վերակենդանացման օրինավոր հույսը հայ գաղթականության սրտի մեջ..., ազատասիրության ձգտումները բանականության հետ հաշտեցնել..., հանրության իրական շահերը պաշտպանել, անհատները վարժեցնել կամքի, կորովի և ձեռներեցության»:

«Փունջ», մանկական երկշաբաթաթերթ: Լույս է տեսել 1925-ին, Ալեքսանդրիայում, ապա Կահիրեում՝ մինչև 1946-ը: Հրատարակիչ՝ Մելքոն Քարամյան, խմբագիրը՝ Լևոն Աճեմյան: Նպատակն էր «հայ մանուկին ընթերցանության համար նյութեր մատակարարել»:

Գրկ. Գարտաշյան Ա., Նիւութեր Եգիպտոսի հայոց պատմութեան համար, Կահիրե, 1943: Աղազարմ Նազարեթ, Նոթեր Եգիպտոսի հայ գաղութին վրա, Կահիրե, 1911: Մսրլյան Գ., Ականավոր հայեր Եգիպտոսի մէջ, Կահիրե, 1947: Տեր-Միքայելյան Ն., Եգիպտահայ գաղութը 10-15-րդ դարերում, Բեյրութ, 1980: Նույնի, Եգիպտահայ գաղութը 16-18-րդ դարերում, Կահիրե, 1995: Ալպոյաճյան Ա., Արաբական Միացյալ Հանրապետության Եգիպտոսի նահանգը և հայերը, Կահիրե, 1960: Աբրահամյան Ա. Գ., Համառոտ ուրվագիծ հայ գաղթավայրերի պատմության, հ. 1-2, Ե., 1964-67: Թոփուզյան Հ., Եգիպտոսի հայկական գաղութի պատմություն (1805-1925), Ե., 1978: