Jump to content

Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/163

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մինչև Ե-ում զինվորական վարչակարգի հաստատումը (1974) եթովպահայ համայնքն ապրել է ազգային կազմակերպված կյանքով՝ իր տնօրինության տակ ունենալով ազգապատկան հողատարածքներ ու կալվածքներ: Գործել են ՀԲԸՄ Ե-ի մասնաճյուղը (1908-ից), Բարեսեր (1940-ից) և Եկեղեցասեր (1965-ից) տիկնանց միությունները, ՀՕԿ-ի մասնաճյուղերը: 1943-ին ստեղծվել է «Արարատ» մարմնամարզական միությունը (վերակազմվել է 1965-ին), ունեցել է երկհարկանի շենք, բարեկարգ մարզահրապարակ, բասկետբոլի և վոլեյբոլի խմբեր: Կազմակերպվել են «Արարատ» երգի-պարի խումբը (Շնորհիկ և Տիգրան Որբերյանների ղեկավարությամբ), «Կոմիտաս» երգչախումբը, «Հայ բեմ» թատերախումբը (1931-ին ներկայացրել է Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբարը»): 1932-ին Ե-ում ներկայացումներով հանդես են եկել Հ. և Է. Արծիվները: 1924-ին Ադիս Աբեբայում գործել է Երուսաղեմից տեղափոխված փողային նվագախումբը՝ Գևորգ Նալբանդյանի, ապա Հ. Մանուկյանի ղեկավարությամբ: 1944-ին Ադիս Աբեբա է հրավիրվել Ներսես Նալբանդյանը, որը հիմնել է «Մուրադյան» երգչախումբը, տվել համերգներ, երաժշտական ներկայացումներ: 1944-ից երաժշտամանկավարժական գործունեություն է ծավալել Հակոբ Նալբանղյանը: Առաջին երաժշտական դպրոցը (կոնսերվատորիան) Ադիս Աբեբայում հիմնվել է 1946-ին (1962-65-ին տնօրենն էր Հ. Նալբանդյանը):

Հետագա տարիներին, Ե-ից հայերի արտագաղթն ուժեղանալուն զուգընթաց, ազգային-մշակութային կյանքն անկում է ապրել:


ՄԱՄՈՒԼ

Ըսա որոշ աղբյուրների՝ XX դ. սկզբին Ադիս Աբեբայում Գևորգ Ազնավորյանը հիմնել է տպարան և հրատարակել «Եթովպիայի սուրհանդակ» շաբաթաթերթը:

Ե-ում լույս են տեսել նաև «Նոր ծաղիկ» (1932) գրական-գեղարվեստական և գիտական կիսամսյա հանդեսը (տեղեկություններ է տպագրել գաղութի իրադարձությունների, մայր հայրենիքի մասին), «Փյունիկ» (1958-62) ամսագիրը:

Գրկ. Հակոբ-Գրիգ, Եթովպիա հայ եկեղեցին և հայերը, քննադատական ուսումնասիրութիւն, Վնտ., 1927: Բաթաբան Հ., Արդի Եթովպիան եւ հայ գաղութը, Վնտ., 1930: Թուրշյան Հ., Հաբեշ կրոնական գործիչ Ս. Եվստաթեոսը և Հայ եկեղեցին, «Էջմիածին», 1956, N 4-6: Նույնի, Հայ-Հաբեշական եկեղեցական առնչություններ, «Էջմիածին», 1956, N 8-9, N 11-12: Львова Э., Армянская колония в Эфиопии (по материалам полевых исследований), "Диаспоры", 2000, N 1—2; Рankhurst R., The History of Ethiopian-Armenian Relations: Ancient Times, “Revue des e tudes armeniennes,” P., vol. 12, 1977, vol. 13, 15, 1978-1979.

Արամ Սարգսյան