Jump to content

Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/165

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գրանցել են Տալլինի և Տարտուի հայկական մշակութային ընկերությունները: Երկու ընկերություններին կից բացվել են հայկական կիրակնօրյա դպրոցներ: 1989-ին Տալլինում լույս է տեսել Հայկական մշակութային ընկերության «Վահագն» թերթի առաջին համարը: Գործում է եկեղեցի, եթեր է հեռարձակվում «Ծիծեռնակ» ռադիոհաղորդումը:

1988-ի Սպիտակի երկրաշարժից հետո էստոնահայ համայնքի և Է-ի հասարակայնության ջանքերով Հայաստան են ուղարկվել առաջին անհրաժեշտության ապրանքներ և դրամական միջոցներ:

1990-ական թթ. սկզբին հայ համայնքի ներկայացուցիչները մասնակցել են երկրի անկախության վերականգնման համար էստոնական ժողովրդի ծավալած քաղաքական պայքարին: Յու. Վարդանյանը ընտրվել է Է-ի ժողովրդական ճակատի 1-ին համագումարի պատգամավոր, իսկ Ռ. Գրիգորյանը՝ Ժողովրդական ճակատի վարչության անդամ:

1999-ին Տալլինում բացվել է Հայ մշակույթի կենտրոն (գտնվում է քաղաքի կենտրոնական մասում, Ֆրանսիական մշակութային կենտրոնի և էստոնացի լեհերի «Պոլոնիա» ընկերության հետ միևնույն շենքում): Է-ի Հայկական ազգային միության՝ հինգ տարով վարձակալած տարածքում գործում է կիրակնօրյա հայկական դպրոցը, բացվել է գրադարան:

ԵԿԵՂԵՑԻ
Հայաստանյայց առաքելական եկեղեցու Է-ի կրոնական համայնքը (Ս. Գրիգորի ծուխ) պաշտոնապես գրանցվել է 1993-ի նոյեմբերին, Տալլինում: Նույն թվականին անդամակցել է Է-ի եկեղեցիների խորհրդին: 1994-ին Է-ի ավետարանական եկեղեցու խորհուրդը Է-ի հայ համայնքին է հանձնել (անհատույց օգտագործման, 99 տարով) Տալլինի Ս. Իանի անկելանոցի շենքը (XVI–XVII դդ.), որը վերակառուցվելուց հետո գործում է որպես հայկական եկեղեցի: Եկեղեցական խորհուրդը գլխավորում է Կարեն Տեր-Հովհաննիսյանը: Համայնքի հոգևոր ղեկավարությունն իրականացնում է Սանկտ Պետերբուրգի հայոց հոգևոր հովվությունը, որն ընդգրկված է Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի կազմում:

ԴՊՐՈՑ
Է-ի առաջին հայկական դպրոցը (կիրակնօրյա) գործում է 1989-ից՝ Տալլինի հայկական մշակութային ընկերությանը կից (հիմնադիր-տնօրեն՝ Տալլինի մանկավարժական ինստիտուտի դոցենտ, բանասեր Արտեմ Դավիդյանց):

Կիրակնօրյա դպրոց է գործում նաև Տարտուի հայկական ազգային միավորմանը կից (հիմնադիր՝ Տարտուի համալսարանի դասախոս Ռաֆիկ Գրիգորյան): Դպրոցն ունի երկու խումբ՝ հայերենին տիրապետողների և չտիրապետողների համար:

Տալլինի և Տարտուի հայկական դպրոցների աշակերտների ընդհանուր թիվը ներկայումս շուրջ 50 է: Դասավանդվում են հայերեն և էստոներեն, հայ ժողովրդի պատմություն ևն:


ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿՅԱՆՔ
Է-ում հայ քաղաքական կուսակցություններ չկան: Համայնքի հասարակական կյանքը կազմակերպում են Տալլինի և Տարտուի Հայկական ազգային միավորումները: Նրանց գործունեությունը համադրում է Է-ի Հայկական ազգային միությունը (պաշտոնապես գրանցվել է 1998-ին). միության վարչության նախագահն է Գարիկ Իկնոյանը՝ Է-ում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսը:

Տալլինի Հայկական ազգային միավորում, սկզբնապես կոչվել է Տալլինի և Էստոնիայի հայերի միավորում, այնուհետև մինչև 1997-ը՝ Տալլինի հայկական մշակութային ընկերություն, ստեղծվել է 1987-ին, գրանցվել 1988-ին: Վարչության նախագահն է (հիմնադրման օրվանից) Արտեմ Դավիդյանցը: Նպատակն է սատարել հայոց լեզվի և մշակույթի պահպանմանը էստոնահայերի միջավայրում, նրանց հաղորդակից դարձնել էստոնական մշակույթին, նպաստել հայ և էստոնական ժողովուրդների բարեկամության սերտացմանը: Ընկերությունը կազմակերպում է միջոցառումներ՝ նվիրված Հայաստանի պատմության նշանակալից տարեթվերին: Հանրապետական մամուլում հրապարակում է հոդվածներ Հայոց ցեղասպանության և արցախահայության պայքարի վերաբերյալ: