Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/211

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պատրիարքությունները, դրանց փոխարեն հաստատել Թուրքիայում բնակվող բոլոր հայ առաքելականների համար մեկ կաթողիկոս-պատրիարքություն՝ Երուսաղեմ նստավայրով։ Կաթողիկոս-պատրիարքի պաշտոնը հանձնվել է 1915-ին Երուսաղեմ աքսորված Կիլիկիայի հայոց կաթողիկոս Սահակ Խապայանին։ 1918-ին, Առաջին համաշխարհային պատերազմում օսմանյան պետության պարտությունից հետո, Կիլիկիայի կաթողիկոսությունն ու Կ․ Պոլսի և Երուսաղեմի պատրիարքությունները շարունակել են իրենց գոյությունը։

Երուսաղեմի հայոց պատրիարքությունը բարգավաճել է Եղիշե Դուրյան պատրիարքի (1921-30) և նրա գործընկեր Բաբկեն արք․ Կյուլեսերյանի օրոք։ Նրանք վերաբացել են Ժառանգավորաց վարժարանը, հիմնել գրադարան (1929), որն այժմ կոչվում է Գալուստ Կյուլպենկյանի անունով և պարունակում ավելի քան 100 հզ․ կտոր գիրք, բազմաթիվ թերթերի և պարբերականների հավաքածուներ։ 1929-ին Երուսաղեմի հայոց պատրիարքությունը, Ամենայն հայոց կաթողիկոսության հավանությամբ, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանն է զիջել Սիրիայի, Լիբանանի և Կիպրոսի թեմերը։ Ներկայումս Երուսաղեմի պատրիարքության իրավասության տակ են միայն Իսրայելի և Հորդանանի հայկական եկեղեցիները։ Հին քաղաքի պարիսպներից դուրս պատրիարքությունն ունի գերեզմանոց, Ս․ Փրկիչ եկեղեցին, Նահատակների հայկական եկեղեցին Մուսրարայում, Բեթղեհեմի Ս․ Ծննդյան տաճարի մի մասը, Ս․ Նիկողոսի վանքը՝ Յաֆայում, Ս․ Գևորգը՝ Ռամլայում, Ս․ Գրիգոր (փոքրիկ) եկեղեցին՝ Արևմտյան Երուսաղեմում և Ս․ Եղիայի եկեղեցին՝ Հայֆայում։ Պատրիարքությունն իրավազոր է Ս․ Գերեզմանի (որտեղ թաղված է եղել Հիսուս Քրիստոսը) հայկական մասի, ինչպես նաև Գեթսմանիի Ս․ Մարիամ Աստվածածին եկեղեցու և Ձիթենյաց լեռան վրա գտնվող Համբարձման մատուռի հանդեպ։

Երուսաղեմի հայոց պատրիարքն է Թորգոմ արք․ Մանուկյանը (1990-ից)։

Դպրոց XIX դ․ Երուսաղեմում հիմնվել և հայոց պատրիարքարանի նյութական միջոցներով գոյատևել են երկսեռ մի մանկապարտեզ, տղաների Մեսրոպյան և աղջիկների Գայանյանց վարժարանները։ Այս վարժարանները հաճախող աշակերտների թիվը շատ սահմանափակ է եղել։ Երուսաղեմաբնակ հայերի զգալի մասը եղել է արաբախոս, նրանց զավակները հաճախել են օտար վարժարաններ։ Միաժամանակ պատրիարքարանը հայկական նախակրթարաններ է հովանավորել Բեթղեհեմում, Յաֆայում, Դամասկոսում, Բեյրութում և Լաթաքիայում։ Մեծ եղեռնից հետո Երուսաղեմում ապաստանած շուրջ 1000 հայ որբերի համար՝ ՀԲԸՄ-ն հաստատել է ժամանակավոր մի որբանոց։ Նախակրթական նոր դպրոցներ են հաստատվել Հայֆայում և Ամմանում։ 1950-ից Երուսաղեմում գործում է հայ կաթոլիկ համայնքին ենթակա մի մանկապարտեզ։

Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարան, կրոնական գիշերօթիկ ուսումնական հաստատություն՝ պատրիարքարանի տնօրինության ներքո։ Հիմնվել է 1843-ին, Ռամլայում՝ Զաքարիա Կոփեցի պատրիարքի օրոք։ Մեկ տարի անց տեղափոխվել է Երուսաղեմ։ Պատրաստում է եկեղեցու սպասավորներ։ Ժամանակավորապես փակվել է 1851-65-ին։ 1857-ին Զաքարիա Զմյուռնիացի պատրիարքն ավարտել է վարժարանի նոր շենքի կառուցումը։ Վերստին փակվել է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին և վերաբացվել 1920-ին։ Սովորողների թիվը տարեկան 30-35 էր։ 1976-ին Ալեք Մանուկյանի բարերարությամբ կառուցվել է վարժարանի նոր, մինչև 100 աշակերտ տեղավորող շենքը։ Այս շենի կառուցումից հետո աշակերտության թիվը զգալիորեն ավելացել է, հետագայում կրկին նվազել, երբ թուրքական պետությունն արգելել է թուրքահայ երիտասարդներին սովորել Երուսաղեմում։ 1992-ի դեկտեմբերից մինչև 1997-ը վարժարանում սովորելու համար Հայաստանից եկել է 60 աշակերտ։ 2001-ին ունեցել է շուրջ 50 աշակերտ։

Ներկայումս վարժարանն ունի երկու բաժին, երկրորդական վարժարան (4 տարի) և ընծայարան (3 տարի)։ Առաջինում դասավանդվում են գրականություն, լեզու, պատմություն և այլ առարկաներ, երկրորդում՝ աստվածաբանություն, իմաստասիրություն, եկեղեցական, մեթոդական և այլ առարկաներ։ Ուսուցչական կազմը՝ շուրջ 20 հոգևորական և աշխարհական։ Վարժարանում դասավանդել են Եղիշե արք․ Դուրյանը, Թորգոմ արք․ Գուշակյանը, Բաբկեն արք․ Կյուլսերյա-