Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/213

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

քայլերը կատարել Վահե Օշականն ու Վահրամ Մավյանը։

Հայ թատերական առաջին միջոցառումը 1926-ին Երուսաղեմում կազմակերպել են Հայկ և Էմմա Արծիվները տեղի թատերասերների հետ։ 1938-ին Մ․ և Ռ․ Մարությանները բեմադրել են Ջակոմետտիի «Ոճրագործի ընտանիքը» պիեսը։ 1944-ին Բ․ Աբովյանը ներկայացրել է Մ․ Տեր-Առաքելյանի «Սայաթ-Նովա» օպերան (երգեհոնով նվագակցել է ապագա նշանավոր դիրիժոր Օ․ Դուրյանը, մասնակցել են նաև Ս․ Գարագաշյանը, Ե․ Պոյաճյանը, Զ․ Չաքըրյանը և ուրիշներ) և Ա․ Աբեղյանի «Մարվող ճրագներ» պիեսը։ Հայ երիտասարդաց միությունն ունեցել է իր «Գաբրիել Սունդուկյան» թատերախումը․ բեմադրել են Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկանները», Նաիրի Զարյանի «Արա Գեղեցիկը» ևն։ Խմբի խաղացանկն ավելի հարստացել է 1980-ական թվականներին։ Թատերական ներկայացումներ են տեղի ունեցել Յաֆայում և Հայֆայում։ Հայֆայի ՀԵՄ-ի թատերախումբը ներկայացրել է Ա․ Շիրվանզադեի «Նամուսը», «Պատվի համարը», որոնց մասնակցել են Խ․ Ճիվահիրճյանը, Պ․ և Ա․ Տուզյանները, Շ․ Պուլպուլյանը և ուրիշներ։

Տպագրություն և մամուլ

Երուսաղեմը հայ տպագրության խոշոր կենտրոններից է։ 1833-ին Զաքարիա Կոփեցի պատրարքի ջանքերով հիմնադրվել է հայկական տպարան։ Հրատարակությունների զգալի մասը պատմական, կրոնական, եկեղեցական և Երուսաղեմի վերաբերյալ պատմատեղագրական բնույթի է։ Տպագրվել են հայ պատմիչների գործեր, թարգմանական երկեր, պատմաբանասիրական, գրականագիտական ուսումնասիրություններ, ինչպես նաև հայերեն պարբերականներ։ Երուսաղեմում լույս է տեսել 12 անուն պարբերական, «Սիոն», «Կյանք և գիտելիք» (1933), «Պատգամավոր» (1933-49, ունեցել է հայատառ թուրքերեն հավելված), «Ամսօրյա շրջաբերական» (1938), ՀԵՄ (1940-1945, 1977-ից), «Հայ դիտակ» (1946), «Եռամյա տեղեկագիր» (1946-47), «Երուսաղեմ» (1946-48), «Չամ-թաղ լուրեր» (1949), «Նոր Սիոն» (1972), «ՀՄԸՄ տեղեկատու» (1980-ից) և «Հայ դատ» (1981-ից)։ Հայֆայում հրատարակվել են «Ներքին հանդես» (1944) և «Միություն» (1945-47) պարբերականները։

«ՀԵՄ եռամսյա», Հայ երիտասարդաց միության պաշտոնաթերթ։ Լույս է տեսնում 1977-ից, Երուսաղեմում։ Խմբագիրներ՝ Վարուժան Տիրատուրյան, Հակո Անդրեասյան, Վիգեն Լեփեճյան։ Տպագրում է գրական, քաղաքական բնույթի հոդվածներ, մշակութային և մարզական լուրեր։ Լուսաբանում է Երուսաղեմի հայ համայնքի կյանքը, Հայաստան-սփյուռք հարաբերությունները։

«Սիոն», կրոնական, պատմաբանասիրական, գրական ամսագիր, Երուսաղեմի հայոց պատրիարքության պաշտոնական հրատարակություն։ Լույս է տեսնում 1866-ից, Երուսաղեմում (1878-1926-ին ընդհատվել է)։ Խմբագիրներ՝ Տ․ Սավալանյան (հիմնադիր), Մ․ Մուրադյան, Ս․ Խապայան, Բ․ Կյուլեսերյան, Տ․ Ներսոյան, Թ․ Գուշակյան, Շ․ Գալուստյան, Ա․ Գալայճյան, Ե․ Տերտերյան և Թ․ Մանուկյան։ Արժեքավոր են ամսագրում տպագրված՝ Հայ եկեղեցու ազգային դիմագիծը հաստատող ուսումնասիրությունները։ Կրոնական նյութերից զատ, ամսագրում տեղ են գտնում նաև պատմությանը, բանասիրությանը, լեզվագիտությանը, մատենագիտությանը, հայ մշակույթին, գրչությանը վերաբերող հոդվածներ։ Հեղինակել են Եղիշե Դուրյանը, Գարեգին Հովսեփյանը, Ներսես Ակինյանը, Սիրարփի Տեր-Ներսեսյանը և ուրիշներ։ Ամսագրի գրական բաժնում ներրկայացվում է հայ գրական ստեծագործություններ, մասնավորապես բանաստեղծություններ։ Անդրադառնում է նաև գաղութահայ կյանքին, աջակցում հայապահպանությանը, հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդմանը։

Գրկ․ Հովհաննես Հաննա (Երուսաղեմացի), Գիրք պատմութեան սրբոյ եւ մեծի քաղաքիս Աստուծոյ Երուսաղէմս․․․, ԿՊ, 1731։ Բառնաբաս Գանձակեցի, Յաջորդութիւն պատրիարքացն Երուսաղէմի․․․, ԿՊ, 1872։ Տեր-Հովհաննեսյան Ա․, Ժամանակագրական պատմութիւն Ս․ Երուսաղէմի, հ․ 1-2, Երուսաղեմ, 1890։ Սավալանյանց Տ․, Պատմութիւն Երուսաղէմի, հ․ 1-2, Երուսաղեմ, 1931։ Աղավնունի Մ․, Միաբանք եւ այցելուք Հայ Երուսաղէմի, Երուսաղեմ, 1929։ Նույնի, Հայկական հին վանքեր և եկեղեցիներ սուրբ երկրին մէջ, Երուսաղեմ, 1931։ Օրմանյան Մ․, Հայկական Երուսաղէմ, Երուսաղեմ, 1931։ Նշանյան Մ․, Տպարան առաքելական աթոռոյն Ս․ Յակոբեանց Երուսաղէմի, Երուսաղեմ, 1933։ Մանուկյան Ս․, Հայ Երուսաղէմ, Բոստոն, 1948։ Մամուրի Հ․, Հայերը Երուսաղեմի մեջ ամենահին ժամանակներից մինչև մեր օրերը [Ա․տ․], 1963։ Կյոքճյան Վ․, Հայ Երուսաղէմը դարերու մեջ, Երուսաղեմ, 1965։ Sanjian A. K., The Armenian Communities in Syria under Ottoman Dominion, Cambridge, Mass, 1965; Antreassian A., Jerusalem and the Armenians, Jerusalem, 1969; Hintlian K., History of the Armenians in the Holy Land, Jerusalem, 1976, second edition, 1989; Armenian Art Treasures of Jerusalem, New Rochelle, New York and Oxford, 1979; Azarya V., The Armenian Quarter of Jerusalem, London, Los Angeles and Berkeley, 1984; Tsimhoni D., Christian Communities in Jerusalem and the West Bank Since 1948, Westport, Conn. and London, 1993; The Armenians in Jerusalem and the Holy Land, Lenven, 2002; Krikorian G., Through the Armenian Needle, Antelias, 2002.