Պիզա, Ֆլորենցիա և այլն) միջև, Ի. են տեղափոխվել բազմաթիվ հայ առևտրականներ ու նավաստիներ: XIII—XIV դդ. Ի-ի քաղաքներում հիշատակվում է շուրջ 40 հայկական եկեղեցի ու մենաստան, որոնք ժամանակի ընթացքում հայ վանականության վերացումով անցել են լատին կրոնական կարգերի: Եկեղեցիներին կից գործել են հիվանդանոցներ և Հայոց տներ, հայ պանդուխտների և ուխտավորների հյուրանոցներ, որոնք կոչվել են նաև «Հոգետուն»: XV դարից սկսած՝ վանքերում իտալացիների անխտիր ընդունման և հայրենի երկրի հետ կապերի թուլացման հետևանքով այդ վանքերն օտարացել կամ քայքայվել են, իսկ հայերի զգայի մասը՝ ձուլվել:
Ի-ի հայ համայնքները վերստին աշխուժացել են XVII դ.: Դա պայմանավորված էր մի կողմից Հայաստանի տարածքում մղվող թուրք-պարսկական պատերազմների հարուցած արտագաղթով, մյուս կողմից՝ Արևելք-Եվրոպա առևտրական հարաբերություններում հայ վաճառականների դերի մեծացմամբ: 1582-1610-ին Պարսկաստանից Ի. ուղարկված վեց պատվիրակությունների ղեկավարներն էլ եղել են հայ խոջաներ (Կիրակոս, Սերման, Շիոշ, Սաֆար և ուրիշներ): Տոսկանայի մեծ դուքս Ֆերդինանդ 1-ը 1591-ին մի հրովարտակով հայերին հրավիրել է Լիվոռնո՝ առևտրական գործերով: XVI-XVIII դդ. Վենետիկում առևտրական պաշտոնական գործարքներին մասնակցել են ավելի քան 2 հզ. հայ առևտրականներ: Հայ վաճառականներն Արևելքից Ի. են բերել պարսկական մետաքս (որի արտահանության մենաշնորհը պատկանել է իրենց), դամասկոսյան դիպակներ, գոհարեղեն, համեմունք, մոմ և այլ ապրանքներ: Ի-ում հայերն աչքի են ընկել նաև որպես նավաստիներ, նավապետներ, նավաշինարարներ:
Հայ մշակույթի ամենանշանակալի երևույթներից մեկը տեղի է ունեցել Ի-ում. 1512-ին Վենետիկում Հակոբ Մեղապարտի ջանքերով լույս է տեսել հայերեն առաջին տպագիր գիրքը՝ «Ուրբաթագիրքը», իսկ 1513-ին՝ հայերեն անդրանիկ օրացույցը՝ «Պարզատումարը»: 1584-ին Հռոմում տպագրվել է «Տոմար Գրիգորյանը»: Ի-ում են գործել հայ տպագրիչներ Աբգար Թոխաթեցին, Հովհաննես Տերզնցին, Հովհաննես Անկյուրացին: Բացի Վենետիկից և Հռոմից, հայերեն գրքեր են տպագրվել նաև Ֆեռարայում, Միլանում, Լիվոռնոյում, Պավիայում, Պադուայում: 1717-ից Վենետիկի Ս.Ղազար կղզում հաստատվել է Մխիթարյան միաբանությունը, որն առ այսօր ծավալում է գիտական, գրական ու կրթական լայն գործունեություն: 1836-1997-ին Վենետիկում գործել է Մուրատ-Ռափայելյան վարժարանը: Ի-ում առաջին հայերեն պարբերականը՝ Ղ. Ինճիճյանի «Տարeգրութիւնքը», լույս է տեսել 1799-ին: 1843-ից անընդմեջ հրատարակվում է «Բազմավեպ» հայագիտական հանդեսը:
Առաջին աշխարհամարտի տարիներին ցեղասպանությունից փրկված հայ գաղթականների համեմատաբար փոքր խմբեր են հաստատվել Ի-ում:
1920-30-ական թթ. հայերը կենտրոնացել են Հռոմ, Թուրին, Միլան, Վենետիկ քաղաքներում: 1913-ին Ի. գաղթած բանաստեղծ Հրանտ Նազարյանցը Բարիում հիմնել է «Նոր Արաքս» թաղամասը, որտեղ բնակություն հաստատած հայ գաղթականները զբաղվել են արևելյան գորգագործությամբ, հիմնել են արհեստավորական միություն: 1922-1923-ին Հռոմի Պիոս XI պապը հյուրընկալել է 400 հայ որբուհիների: Այդ տարիներին Մխիթարյանների հովանավորությամբ գործել է Պադուայի մոտ գտնվող Ֆիեսսո դ’Արտիկո գյուղի որբանոցը, որը 1925-ին փոխադրվել է Միլան՝ վերածվելով «Արհեստից վարժարանի»: Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939-1945) նախօրեին իտալահայ համայնքը (առևտրականներ, գործարանատերեր, բժիշկներ, մտավորականներ) դարձել էր ավելի կազմակերպված, տնտեսապես՝ ավելի բարեկեցիկ: 1950-ական թթ. սկզբին Միլանում ստեղծվել է Իտալիայի հայոց միությունը, 1958-ից գործում է Ս. Քառասուն մանկունք հայ առաքելական եկեղեցին:
1975-ից Ի-ում բնակություն են հաստատել հայ գաղթականների նոր խմբեր Թուրքիայից, Լիբանանից և Պարսկաստանից: 1986-ին Ի-ում բնակվել է շուրջ 2 հզ.: Ներկայումս (2003) Ի-ում հայերի թիվը շուրջ 3 հզ. է: Համայնքին ազգային խնդիրների շուրջ համախմբում են նաև Իտալիայի հայ մշակութային միությունը, ՀԲԸՄ և ՀՄԸՄ մասնաճյուղերը, Պո-Արաքս մշակութային ընկերակցությունը, Հայ դաաի հանձնախում-