դես են եկել Ժասմենը, Ս. Արմենյանը, Վ. Փափազյանը, Լ. Քալանթարը, Ս. Քափանակյանը, Կ. Ալվարյանը, Մ. Սաղյանը: Թատրոնի գլխավոր ռեժիսոր է եղել Ա. Հովսեփյանը, գլխավոր նկարիչ՝ Ա. Հովհաննիսյանը: Բեմադրվել են հայ դասական, ժամանակակից, ինչպես և ռուսական, եվրոպական դրամատուրգիայի լավագույն երկերից: Թատերախմբում են եղել նաև Լ. և Ա. Երամյանները, Խ. Հարությունյանը, Ա. Արզումանյանը, Ա. Բադալյանը, Գ. Հարությունյանը, Թ. Սահակյանը և այլք: Թատրոնը փակվել է 1949-ին:
Ճարտարապետություն: Հայ ճարտարապետներն ու շինարարները գործուն մասնակցություն են ունեցել Բաքվի կառուցապատմանը: Հատկապես նշանակալի է ճարտարապետներ Գ. Տեր-Միքելյանի, Վ. Սարգսյանի (Սարկիսով), Ն. Բաևի, Հ. Տեր-Հովհաննիսյանցի (Քաջազնունի), Ֆ. Աղալյանի ավանդը: Նրանց կառուցած բնակելի տները, հասարակական ու մշակութային շինությունները կանգուն են ցարդ և զարդարում են Ա-ի մայրաքաղաքը: Մայիլովների (Մայիլյաններ) թատրոնի շքեղ շենքում (ճարտ. Ն. Բաև, 1913) այժմ Բաքվի օպերայի և բալետի թատրոնն է: Վեհաշուք կառույց է եղել Ս. Թադեոս և Բարդուդիմեոս հայկական եկեղեցին (ճարտ. Հ. Տեր-Հովհաննիսյանց, 1910-11), Գ. Տեր-Միքելյանի նախագծով կառուցվել են Հասարակական ակումբի շենքը (այժմ՝ Ա-ի ֆիլհարմոնիա, 1910-12), ծննդատունը (1899), Թիֆլիսի առևտրական բանկի Բաքվի բաժանմունքի շենքը (1902-03, այժմ՝ «Մանկական աշխարհ» խանութ), Առևտրի ուսումնարանը (1905-10, այժմ՝ Ա-ի մանկավարժական ինստիտուտ), Ֆիզիոթերապետիկ ինստիտուտը (1928-35, Փարիզում արժանացել է «Մեծ մրցանակի» և ոսկե մեդալի), Յուզբաշյանի, Աղամյանների, Սաղիխովների եկամտաբեր բնակելի տները ևն: Վ. Սարգսյանի նախագծերով կառուցվել է 10-ից ավելի շենք նավթագործների բանավաններում: Ն. Բաևը 1911-18-ին եղել է Բաքվի գլխավոր ճարտարագետը. բացի Մայիլյանների թատրոնից, նրա նախագծերով կառուցվել են հիվանդանոցային ավան (19 լազարեթ՝ 24 մասնաշենքով), մի շարք դպրոցներ, գիմնազիա, Սալիմանովի, Շերեմետևի և այլոց բնակելի տները, երկաթուղու Սաբունչի կայարանը (1927), Սեմաշկոյի անվան վիրաբուժական հիվանդանոցը, Արմենիքենդի մի ամբողջ թաղամաս, որ նրա անունով կոչվել է «Բաևի» ևն: Ճարտարապետ Ֆ. Աղալյանի նախագծով կառուցվել են գիմնազիա, ծննդատուն, գանձատուն, Բանվորական տունը ևն:
Երաժշտություն: Ա-ի հայության երաժշտական կյանքում մեծ դեր են ունեցել աշուղները: Նրանք շրջել են բնակավայրից բնակավայր, մասնակցել աշուղական մրցումների: Հայտնի են աշուղներ Փարսիի (XVI դ.), Դոնիի (XVIII դ.), Ղազարի (XIX դ.) անունները, ստեղծագործել և երգել են թուրքերեն: Հատկապես նշանավոր էր աշուղ Դոնին, որը համարվել է այդ շրջանի աշուղների վարպետը՝ ուսուցիչը: Նրա երգերն ունեցել են հերոսական բնույթ, նվիրված են եղել Ասրի, Ջավադ, Ռոստոմ մելիքների քաջագործություններին: XIX դ. է ապրել ու հայերենով ստեղծագործել աշուղ Սեյաղը (Պետրոս Մաղաթյան): XIX դ. վերջին երաժշտական կյանքը կենտրոնացել է Բաքվում: 1885-ին իր երգչախմբով ելույթներ է ունեցել Կարա-Մուրզան, 1886-ին Մակար Եկմալյանը հայկական եկեղեցում ղեկավարել է իր Պատարագը, 1908-ին դասախոսություններով և երգչախմբով հանդես է եկել Կոմիտասը: Անտոն Մայիլյանի նախաձեռնությամբ և խմբագրությամբ հրատարակվել է «Թատրոն և երաժշտություն» (1910-