ԼԱՏՎԻԱ
Լատվիայի Հանրապետություն, պետություն Արևելյան Եվրոպայում: Տարածքը՝ 64,6 հվ.կմ²: Բնակչությունը՝ 2,5 մլն (1997): Մայրաքաղաքը՝ Ռիգա (920 հզ.): Հայերի թիվը՝ շուրջ 4,5 հզ.:
Դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի Հանրապետության և Լատվիայի Հանրապետության միջև հաստատվել են 1992-ին:
Առաջին հայ բնակիչները Լ-ում հաստատվել են XIX դ.: Զբաղվել են հիմնականում առևտրով: 1897-ին Վիձեմի նահանգում բնակվել է 49 (որոնցից 36-ը՝ Ռիգայում), Կուրզեմի նահանգում՝ 15 հայ: 1913-ին Ռիգայում ապրել է 121 հայ, որոնք եկել էին Թուրքիայից և Իրանից, Ռուսաստանի Ելիզավետպոլի նահանգից ու Կարսի մարզից:
XX դ. սկզբին Ռիգայի պոլիտեխնիկական ինստիտուտում սովորել է հայ ուսանողների մի մեծ խումբ: Նրանք հիմնել են իրենց «Սևան» ուսանողական միությունը: 1900-02-ին Ռիգայի պոլիտեխնիկական ինստիտուտում քիմիա է ուսանել Ստեփան Շահումյանը: 1920-30-ական թթ. Լ-ում գործել է «Կովկաս» միությունը, որի կազմում հիմնականում եղել են հայեր և վրացիներ: Լ-ում (երբ դեռ Խորհրդային Միության կազմում չէր) բնակվել են նաև հայ քաղաքական վտարանդիներ Խորհրդային Միությունից:
1941-45-ի պատերազմի ժամանակ զորապետ Հովհաննես Բաղրամյանը, որպես Առաջին մերձբալթյան ռազմաճակատի հրամանատար, իրականացրել է Ռիգայի, Լիեպայայի, Ելգավայի ազատագրման գործողությունները: Հետպատերազմյան տարիներին շատ հայ զինվորականներ բնակություն են հաստատել Լ-ում: Ներկայումս (2003) Լ-ում բնակվում է 3 հզ. (ոչ պաշտոնական տվյալներով՝ 4,5 հզ.) հայ, որոնք հաստատված են հիմնականում Ռիգայում, նաև Լիեպայա, Յուրմալա, Ելգավա, Վենտսպիլս, Վալմիրա, Դաուգավպիլս քաղաքներում: Նրանք մեծ մասամբ մտավորականներ են՝ ճարտարագետներ, լուսավորության, առողջապահության բնագավառների աշխատողներ, արդյունաբերական ձեռնարկությունների ղեկավարներ, պետական ծառայողներ, գործարարներ, նկարիչներ, երաժիշտներ ևն:
Լ-ում հայ համայնք ստեղծելու առաջին քայլերը կատարվել են 1988-ի նոյեմբերին, երբ մի խումբ հայ մտավորականների նախաձեռնությամբ գումարված Լ-ի հայության համընդհանուր համագումարում հիմնվել է հայ ազգային մշակութային կազմակերպություն՝ Լատվիա-հայկական ընկերությունը (ԼՀԸ), որի նախագահ է ընտրվել գիտության վաստակավոր գործիչ Սուրեն Գասպարյանը: Հաջորդաբար ընկերության նախագահներ են ընտրվել դաշնակահար, երգահան, արվեստագիտության դ-ր Րաֆֆի Խարաջանյանը, իրավաբան Սուրեն Վարդանյանը, ճարտարագետ Սպարտակ Տեր-Ավետիսյանը, ձեռնարկատեր Եղիշե Հարությունյա-