907 բանաձևի ընդունումն ու նրա կենսունակության ապահովումը (այս բանաձևն արգելում էր ԱՄՆ-ի կառավարության ուղղակի օգնությունը Ադրբեջանին` Հայաստանն ու Ղարաբաղը շրջափակման ենթարկելու համար. կասեցվել է 2001-ի վերջին):
Վաշինգտոնի հայ համայնքը ձևավորվել է XIX դ. վերջին-XX դ. սկզբին, երբ այստեղ են հաստատվել Արևմտյան Հայաստանից գաղթած հայեր: Հիշատակվում է 1887-ին Իրանից Վաշինգտոն եկած Տիգրան Վարժապետյանի անունը. զբաղվել է արևելյան ապրանքների առք ու վաճառքով, 1890-ին հիմնել «Վարժապետյան և ընկերություն» վաճառատունը: Վաշինգտոն եկած (1895-ին) հաջորդ հայը Պողոս Գասպարյանն է, որը հիմնել է Արևելյան գորգերի նորոգման ընկերություն: Գաղութը ստվարացել է 1894-96-ի համիդյան ջարդերից և Առաջին համաշխարհային պատերազմից հետո այստեղ ապաստանած հայ գաղթականների հաշվին: 1885-1910-ին Վաշինգտոնում բնակվող հայերից հայտնի էին ԱՄՆ-ի գաղտնի ծառայության թարգմանիչ Արամ-Քերամ Մինասյանը, դոկտորներ Նշան Հինդլյանը, Նազարեթ Քյուրքչյանը, Դոլմաջը, Միհրան Նագաշյանը, նավատորմի մեխանիկ Բաստեքյանը, գործարարներ Մովսես Հեքիմյանը, Ավագ-Հակոբ Փանոսյանը, Իչիլյանը:
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Վաշինգտոնում հաստատվել են ԱՄՆ-ի այլ քաղաքներից և Միջին Արևելքի երկրներից եկած հայեր:
1940-ական թթ. Վաշինգտոնում կար 200 հայ ընտանիք: Գործում էին ՀՀԴ, ՍԴՀԿ, ՀԲԸՄ (1915-ից), Տիկնանց օգնության ընկերությունը, Հայ Կարմիր խաչը (1931-ից), ՀՕՄ-ը, Վարդանանց ասպետներ կազմակերպությունը (1942-ից), Վարդանանց դուստրերի Տիգրանուհի օթյակը (1953-ից), Հայ երիտասարդաց դաշնակցության Անի մասնաճյուղը:
1960-70-ական թթ. վաշինգտոնահայ համայնքը համալրել են Լիբանանից, Սիրիայից, Եգիպտոսից, Իրանից, իսկ 1990-ական թթ.` նաև Հայաստանից գաղթած հայերը: Ներկայումս (2003) Վաշինգտոնում բնակվում է շուրջ 8 հզ. հայ: Հիմնականում գործարարներ են, պետական, գրասենյակային ծառայողներ, մասնավոր ընկերություններում աշխատող մասնագետներ, նաև արհեստավորներ, առևտրականներ ևն: Առաջին եկեղեցական ծառայությունը Վաշինգտոնում մատուցվել է 1923-ին` ավետարանական եկեղեցում: 1963-ին կառուցվել և օծվել է Ս. Աստվածածին եկեղեցին: Համայնքում գործում են նաև Ս. Մարիամ (էջմիածնապատկան), Ս. Խաչ (անթիլիասապատկան) եկեղեցիները` կից շաբաթօրյա դպրոցներով: Առաջին հայկական տարրական դպրոցը բացվել է 1932-ին` Ս. Հովհաննես եկեղեցու աղոթասրահում: Ներկայումս գործում է Շնորհալի դպրոցը (ունի 100 աշակերտ):
Գործում են նաև հայ քաղաքական կուսակցությունների տեղական կազմակերպություններ, համագաղութային և բարեգործական միությունների մասնաճյուղեր, Հայ-ամերիկյան մշակութային միությունները, ՀԲԸՄ տեղեկատվական գրասենյակը, «Արարատ» տարեցների միությունը, Հայ եկեղեցու երիտասարդաց կազմակերպությունը, Հայ ակումբը` իր մարզական և ընկերային խմբերով, Բալթիմորի հայ մշակութային ընկերությունը: Վաշինգտոնում են Ամերիկայի հայկական համագումարի կենտրոնական գրասենյակը և Հայ դատի հանձնախմբի մասնաճյուղն իր գրասենյակով: Գործում են նաև «Վասպուրական» և «Հայկական» ժողովրդական պարախմբերը:
1980-ին հիմնվել է Ամերիկայի հայ ուսանողների ակումբների ֆեդերացիան: 1996-ից գործում է "ANI" ("Armenian National Institute" - «Հայկական ազգային ինստիտուտ») հաստատությունը, որը զբաղվում է հայերի ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթեր հավաքելու, ուսումնասիրելու և օտարներին ներկայացնելու աշխատանքով: 2000-ին Վաշինգտոնի կենտրոնական մասում գնվել է շենք` Հայոց ցեղասպանության թանգարանի համար: Վաշինգտոնի հրապարակներից մեկում կանգնեցված է Ֆրիդ Սողոյանի «Մայր երկիր» («Հայաստան») հուշաքան-