Jump to content

Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/344

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԿՈՒԲԱ

Կուբայի Հանրապետություն, պետություն Վեստ Ինդիայում (Ամերիկա): Տարածքը՝ 110,9 հզ. կմ²: Բնակչությունը՝ 11,2 մլն (1998): Մայրաքաղաքը՝ Հավանա (2,3 մլն): Հայերի թիվը՝ շուրջ 80:

Դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի Հանրապետության և Կաբայի Հանրապետության միջև հաստատվել են 1992-ին:

Կ-ում հայերը բնակություն են հաստատել Առաջին համաշխարհային պատերազմից (1914-18) հետո: Նրանք Արևմտյան Հայաստանի գավառներից և Կ. Պոլսից եկած գաղթականներ էին, որոնք ձգտում էին անցնել ԱՄՆ: Սակայն ԱՍՆ-ի իշխանությունների հարուցած դժվարությունների պատճառով հարկադրված Կ-ում ապրել են մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջը: Երբ նրանց տրվել է ներգաղթի իրավունք (1945-47), շատերը մեկնել են ԱՄՆ, ինչի հետևանքով գաղութը կազմալուծվել է: 1920-40-ական թթ. Կ-ում կար շուրջ 500 հայ՝ կենտրոնացած Հավանայում, նաև Լաս Տունաս, Վիլա Հոլգին քաղաքներում: Համայնքը ղեկավարել է Գաղութային միությունը: Գործել են ՀՀԴ տեղական կազմակերպությունը, ՀՕԿ-ի և ՀՕՄ-ի մասնաճյուղերը, Հայուհյաց միությունը, մալաթիացիների, տիգրանակերտցիների, պաղինցիների և այլ հայրենակցական միությունների մասնաճյուղեր, Հայ առաջադիմական միությունը, որը հիմնադրվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին և աջակցել երկրի հակաֆաշիստական պայքարին, միջոցներ հանգանակել «Սասունցի Դավիթ» տանկային շարասյան ու կարմիր բանակի օգնության հիմնադրամի համար: Գաղութում գործել է հայկական դպրոց:

Կ-ում հայերն զբաղվել են տարբեր արհեստներով՝ ներկարարությամբ, կոշկակարությամբ, եղել են նաև մանր առևտրականներ ու պաշտոնյաներ: Հայերը Կ-ում գործածության մեջ են դրել մածունը: Կ-ի մամուլում տպագրվել են հայերի շահերը պաշտպանող և Հայ դատը լուսաբանող հոդվածներ: Երկրում հայտնի անուն է բանաստեղծ, մանկագիր, դերասան Դավիթ Չերիսյանը, որի գործերից մի քանիսն արժանացել են գրական մրցանակների և թարգմանվել հայերեն: 1960-ական թթ. Կ-ում մնացել էր շուրջ 100 հայ: Ներկայումս Կ-ում կազմակերպված հայ համայնք չկա. շուրջ 80 հայ ապրում է Հավանա, Լաս Տունաս և այլ քաղաքներում:

Վարդան Մաաթևոսյան (ԱՍՆ)