Jump to content

Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/36

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վոր և Միջին Արևելքի երկրներից ու Հայաստանից: Ներկայումս (2003) Լոս Անջելեսում և շրջակա քաղաքներում (Մոնթեբելո, Գլենդել, Փասադենա, Հոլիվուդ, Էնսինո, Բևեռլի Հիլզ, Սանտա Մոնիկա) բնակվում է շուրջ 600 հզ. հայ (միայն 200 հզ. բնակչություն ունեցող Գլենդելում հայության թիվը շուրջ 60 հզ. է): Լոս Անջելեսի համայնքն ամենահայահոծն է ԱՄՆ-ում: Սկզբնական շրջանում հայերի մեծ մասը զբաղված էր գյուղատնտեսության և արդյունաբերության մեջ: Ներկայումս մեծ թիվ են կազմում մտավորականները (ճարտարագետներ, դասախոսներ, բժիշկներ, փաստաբաններ, արվեստագետներ), նաև խոշոր արդյունաբերողները, գործարանատերերն ու առևտրականները: Համայնքի ազգային կյանքը կազմակերպում են եկեղեցին, ազգային կուսակցությունների տեղական կազմակերպությունները, հայրենակցական, մշակութային, կրթական ու մարզական միությունները:

Լոս Անջելեսը Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ-ի Արևմտյան թեմի կենտրոնն է. գործում են 25 առաքելական (17-ը` էջմիածնապատկան, 8-ը` անթիլիասապատկան), 6 ավետարանական, 1 կաթոլիկ եկեղեցիներ: 1964-ին բացվել է առաջին ամենօրյա դպրոցը` Սրբոց նահատակաց Ֆերահյան ազգային երկրորդական վարժարանը, այնուհետև` Մեսրոպյան ազգային վարժարանը, Ռոզ և Ալեք Փիլիպոս, Մանուկյան-Դեմիրճյան, Վահան և Անուշ Շամլյան, Մխիթարյան հայրերի, Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա, Արշակ Տիգրանյան, Շառլոթ և Էլիզ Մերտինյան ավետարանական, Ալֆրեդ և Մարգարիտ Հովսեփյան (Ս. Գրիգոր Լուսավորիչ), Հայ քույրերի, Արի Կիրակոս Մինասյան, «Մաշտոց» երեկոյան և շաբաթօրյա հայոց լեզվի վարժարանները, Էմմանուել Աստվածաշնչի, Մաշտոց քոլեջները, Աստվածաբանական բարձրագույն դպրոցը: Գործում են նաև մեկօրյա դպրոցներ: 1976-92-ին գործել է Լա Վեռնի Ամերիկահայ միջազգային քոլեջը: Կալիֆոռնիայի նահանգային համալսարանում (UCLA) գործում են Գրիգոր Նարեկացու անվան հայագիտական և Հայ կրթական հիմնարկության Հայ ժողովրդի արդի պատմության ամբիոնները:

XIX դ. վերջին-XX դ. սկզբին մուտք գործելով ԱՄՆ` հայ ազգային-քաղաքական կուսակցությունները (ՍԴՀԿ, ՀՀԴ, ՌԱԿ) իրենց տեղական կազմակերպություններն են հիմնել նաև Լոս Անջելեսում: Հնչակյան կուսակցության հովանավորությամբ են գործում Նոր սերունդ մշակութային, Հայ մարմնամարզական, Հայ երիտասարդական («Կայծ») միությունները, ՀՀԴ հովանավորությամբ` Համազգային հայ կրթական և մշակութային ընկերակցությունը, Հայ դատի հանձնախումբը, Հայ օգնության, Հայ մարմնակրթական ընդհանուր միությունները, Հայ երիտասարդաց դաշնակցության մասնաճյուղը, ՌԱԿ-ի հովանավորությամբ` Թեքեյան մշակութային միությունը, Արմենական երիտասարդաց շարժումը, Հայ իրավանց խորհուրդը: Բարեսիրական գործունեություն են իրականացնում ՀԲԸՄ Լոս Անջելեսի մասնաճյուղը, հայրենակցական միությունների կենտրոնական գրասենյակները կամ մասնաճյուղերը: Գործում են նաև Ամերիկայի հայկական համագումարի Լոս Անջելեսի գրասենյակը, Ամերիկահայ քաղաքացիների լիգայի մասնաճյուղը, Հայ կրթական հիմնարկությունը, Միացյալ հայկական ֆոնդը, Կալիֆոռնիայի հայ գործատերերի միությունը, Հայ գործատերերի զարգացման և վարժողական կենտրոնը, Հայկական արվեստի, Հայ դրամագիտական, Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների, Ամերիկահայ հիվանդապահների ընկերակցությունները, Հայ թատրոնի ընկերությունը, Հայկազյան քոլեջի տիկնանց օժանդակ մարմինը, Դավթյան-Մարիամյան կրթական հաստատությունը, Մխիթարյան կրթական, ԱՐՓԱ հիմնարկները, Ամերիկահայ թատերաերաժշտական, Հայ համալսարանականների, Հայ ընտանեկան, Հայ-ամերիկյան տարեցների, Կալիֆոռնիայի ամերիկահայ բժշկական, Հայաստանի բուհերի շրջանավարտների «Վահագն», Հայ իրավաբանների, Հայ պարարվեստի, Հայ արհեստավարժների, Բժշկական օգնություն հայերին, Կալիֆոռնիայի հայ ատամնաբուժական, Իրանահայ, Պոլսահայ միությունները, Հայկական ֆիլմի հիմնարկությունը, Լարք երաժշտական ընկերակցությունը: Առողջապահական խնդիրներով են զբաղվում Հոլիվուդի հայկական դարմանատունը, «Արարատ» ծերանոցը և «Արարատ» կազդուրման տունը (կից գործում է Էսքիջյան թանգարանը): Մշակութային գործունեություն են ծավալում «Վարդան Աճեմյան», «Անդրանիկ», «Վարդան», «Նորք», «Հեքիաթն է կանչում» (մանկական) թատերախմբերը, երգչախմբեր, պարախմբեր, գործում է Վանուշ Խանամիրյանի անվան պարարվեստի դպրոցը:

Լոս Անջելեսում առաջին հայ պարբերականը` «Նօր օրը», լույս է տեսնում 1921-ից: Հրատարակվում են «Ասպարեզ», «Լրաբեր», «Քաջ Նազար», «Նոր կյանք», «Մասիս», «Կամարակ», «Նավասարդ», «Փարոս», «Հայ կյանք», «Նոր Հայաստան», «Հայ բույժ», «Այգ», «Լույս», «Համայնապատկեր», «Առագաստ»,