Jump to content

Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/392

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

օգնել Հայաստանի Հանրապետության որբերին և գաղթականներին: Հանգանակությանը մասնակցել են Մանչեստրի, Լոնդոնի, Հնդկաստանի բարերարները:

Լոնդոնի հայ երիտասարդաց միություն, հիմնադրվել է 1953-ին: Քաղաքական որևէ հոսանքի չի պատկանել: Ունեցել է բազմաթիվ անդամներ: Միությունը (բեղուն տարիներն էին 1953-75-ը) ունեցել է երգչախումբ, պարախումբ, թատերախումբ, ֆուտբոլի թիմ, հրատարակել է «Սարդարապատ» (անգլերեն, հայերեն) և «Փրոֆայլ» (անգլերեն) պրակները, կազմակերպել մայրենի լեզվի դասընթացներ, դասախոսություններ, Մեծ եղեռնի հիշատակի սգոհանդեսներ, ցույցեր, ներկայացրել բողոքագրեր Մ. Բ-ի խորհրդարան: Նախկին ուսանողները ուսումնառությունն ավարտելուց հետո մեկնել են Լոնդոնից, եկած նոր ուսանողները չեն կարողացել փոխարինել հներին, ինչի հետևանքով 1984-ին միության աշխատանքները դադարել են:

Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՀԴ) Լոնդոնի տեղական կազմակերպություն, հիմնվել է 1960-ին: Կուսակցության փաստական (ոչ պաշտոնական) հովանու տակ էր գործում 1988-ին բացված Հայ կենտրոնը (2000-ին դադարել է գործելուց): 1989-ից Կենտրոնը հրատարակել է «Փարոս» պարբերականը: 1990-ին (ՀՀԴ 100-ամյակի տոնակատարության օրերին) հիմնվել է Համազգային մշակութային միության Լոնդոնի մասնաճյուղը:

Կարևոր աշխատանք է կատարում ՀՀԴ Լոնդոնի Հայ դատի հանձնախումբը (ատենապետ՝ Ժորժ Բեդիրյան): 1980-ական թթ. հրատարակել է մի շարք տեղեկատուներ և պարբերականներ հայերեն և անգլերեն («Մոմենթըմ», «Նյուզ լեթըր», «Բանբեր» ևն): Կապեր է հաստատում Մ. Բ-ի խորհրդարանականների հետ, աշխատում Հայոց ցեղասպանության ճանաչման և հայանպաստ որոշումների ընդունման ուղղությամբ:

Դարաբաղյան շարժմանը սատարելու նպատակով 1993-ին Լոնդոնում Ռուբեն Գալչյանի նախաձեռնությամբ ստեղծվել է «Ղարաբաղին զորակից հանձնախումբը», որն իր կազմակերպած բողոքի ցույցերի, հրատարակած տեղեկությունների և ասուլիսների միջոցով երկրի հասարակայնությանը ծանոթացրել է Արցախում և Հայաստանում ծավալվող իրադարձություններին:

Հայ տուն, կազմակերպվել է 1962-ին, Լոնդոնում՝ հայ համայնքի խորհրդի և բարերարների մասնակցությամբ (գնվել է հինգհարկանի հարմարավետ շենք): Ծառայում է որպես հայերի հավաքատեղի, որտեղ կազմակերպվում են հասարակական և մշակութային միջոցառումներ, ունի հարուստ գրադարան: Հայ տունը պաշտոնապես ճանաչված է Մ. Բ-ի կառավարության կողմից: Հարկաբաժիններից մեկը 1988-ին ժամանակավորապես զբաղեցրել էր «Օգնություն Հայաստանին» (Aid Armenia) կազմակերպությունը: Այժմ Հայ տան շենքի մի մասը զբաղեցնում է Մ. Բ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանատունը:

Ռամկավար ազատական կուսակցության (ՌԱԿ) Լոնդոնի տեղական կազմակերպություն, հիմնվել է 1965-ին: Մինչ այդ համայնքում գործել են Վերակազմյալ հնչակյաններն ու Սահմանադրական ռամկավարները, որոնք հետագայում համալրել են ՌԱԿ-ի շարքերը:

1976-ին կուսակցության հովանու ներքո հիմնվել է Թեքեյան մշակութային միության Լոնդոնի մասնաճյուղը, որին կից գործում են Տիկնանց հանձնախումբը և Երիտասարդական միությունը, ինչպես նաև «Թեքեյան ավանդ» կազմակերպությունը և Հայ իրավանց խորհուրդը:

1979-94-ին լույս է տեսել ՌԱԿ-ի տեղական կազմակերպության «Էրեբունի» պաշտոնաթերթը (հայերեն, անգլերեն):

«Անահիտ» տիկնանց միություն, կազմակերպվել է 1974-ին, Լոնդոնում: Նպատակն է համախմբել հայ կանանց, պահպանել հայ ընտանիքի ավանդույթները, նյութապես աջակցել Հայ եկեղեցուն և կարիքավոր հայ ուսանողներին:

Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ) Լոնդոնի մասնաճյուղ, հիմնվել է 1980-ին՝ մի խումբ սկաուտ երիտասարդների ջանքերով: Ունի 300-ից ավելի անդամ, իրականացնում է երիտասարդ սերնդի հայեցի դաստիարակությանն ուղղված բազմաթիվ ծրագրեր, կազմակերպում մարզական միջոցառումներ: Հրատարակել է «Այգ» պարբերականը: