Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/453

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մոսկվայում: Շնորհված արտոնություններն ու առանձնաշնորհումները նպաստել են հայկական գաղութների տնտեսական զարգացմանն ու ստվարացմանը: Մյուս կողմից՝ գրեթե ամբողջ XVIII դ. ընթացքում Պարսկաստանի քաղաքական անկայուն վիճակը ազդակ է դարձել, որ հայ վաճառականական կապիտալի ներկայացուցիչներն ապաստան փնտրեն Ռ-ում:

Ռ-ի հայկական գաղութներում կարևոր դիրք ունեցող հայ բուրժուազիան, որը նկատելի դեր էր խաղում երկրի տնտեսական կյանքում, ձեռք է բերում նաև քաղաքական կշիռ, նրա ազդեցիկ ներկայացուցիչները դառնում են ազգային-ազատագրական շարժման ղեկավարներ: Մեծանում է հատկապես Մոսկվայի և Պետերբուրգի հայկական գաղթավայրերի դերը: Այստեղ են մշակվում և կառավարությանը ներկայացվում Հայաստանի ազատագրության և հայկական պետականության վերականգնման նախագծերը:

Հայկական գաղութների մշակութային կյանքի կարևոր դրսևորումներից էին լուսավորական շարժումը և տպագրական գործի ծավալումը: Ինչպես հայրենի, այնպես էլ թարգմանական գրականության հրատարակումը նպաստում էր ազգային ինքնագիտակցության զարթոնքին և ամրապնդմանը:

Ռ-ում հայերը կարևոր դեր են խաղացել նաև մանուֆակտուրային արտադրության ծավալման գործում: 1721-ին նորջուղայեցի հայ Իգնատի Ֆրանցե Շերիմանը ռուս ազնվական ֆաբրիկատերերի հետ հիմնադրել է Մոսկվայի առաջին մետաքսագործական ֆաբրիկաներից մեկը, իսկ մեկ տարի անց առանձնացել է և ստեղծել սեփական մանուֆակտուրա: 1758-ին նրա որդի Զաքար Շերիմանը այդ ֆաբրիկան վաճառել է Լազարյանների ընտանիքին: Ռ-ի հայ վաճառականներից Բարսեղ Խաստատովը 1755-ին հիմնել է ռուսական առաջին բաժնետիրական ընկերությունը՝ արտասահմանի հետ առևտուր անելու նպատակով: XVIII դ. 2-րդ կեսին Մոսկվայի երեք մետաքսագործական ֆաբրիկաներ պատկանել են հայերին, իսկ երկուսում հայերը եղել են բաժնետերեր: Մոսկվայում բնակություն են հաստատել նաև շատ հայ ազնվականներ, որոնք հետագայում ծառայության են մտել ռուսական բանակ:

1736-ից հայերը մշտական բնակություն են հաստատել Հյուսիսային Կովկասում՝ Ղզարում: 1779-ին Ղրիմից գաղթած հայերը Դոն գետի աջ ափին հիմնադրել են Նոր Նախիջևան քաղաքը (այժմ՝ Դոնի Ռոստով քաղաքի մի շրջանը): Շրջակայքում հիմնվել են Չալթր, Մեծ Սալա, Սուլթան Սալա, Թոփթի, Նեսվիտա հայկական գյուղերը, որոնք կազմել են գաղթավայրի անբաժան մասը:

XVIII դ. վերջին սկսվել է հայ վերաբնակիչների նոր հոսք Ռ-ի հարավային գավառներ՝ Արևելյան Նախակովկաս: Նրանց զգալի մասը բնակություն է հաստատել արդեն գոյություն ունեցող հայկական գաղութներում (Ղզլար, Մոզդոկ, Աստրախան), մի մասն էլ հիմնել է նոր գյուղեր: Դզլարի շրջանում հիմնվել են հայկական երեք գյուղ՝ Դերբենտսկոյեն, Մալախոլինսկոյեն (Մալախոլիզ) և Կարաջալիլը: Միաժամանակ հիմնվել են Կասաևա Յամա (Եդեսիա), Շելկոզավոդսկոյե գյուղերը և Սվյատոյ Կրեստ (Սուրբ Խաչ) քաղաքը: Աստրախանի և Հյուսիսային Կովկասի հայկական գաղութները համալրել են նաև Ղարաբաղից եկած հայերը:

Ռ-ի հայ համայնքներին իշխանությունները շնորհել են ոչ միայն տնտեսական, այլև իրավական արտոնություններ: XVIII դ. սկսած՝ մի շարք համայնքներ (Աստրախան, Ղզլար, Մոզդոկ) ստացել են ինքնավարություն, որն իրագործվել է հայկական դատարանի կամ մագիստրատի միջոցով: Ինքնավարության այդ մարմինները պահպանվել են մինչև 1840-ական թթ.: Ռուսահայ շատ գաղութների ներքին կյանքը կարգավորվել է 1760-ական թթ. ստեղծված «Աստրախանի հայոց դատաստանագրքով»:

Ռուսահայերի կյանքում կարևոր դեր է ունեցել Հայ եկեղեցին: 1717-ին կազմավորվել է Ռ-ի բոլոր հայերին միավորող Հայաստանյայց առաքելական եկեղեցու Աստրախանի թեմը: Հայկական եկեղեցիներ գործել են գրեթե բոլոր հայաշատ բնակավայրերում:

XVIII դ. վերջից Ռ-ի հայկական գաղութներում ստեղծվել են դպրոցներ: Առավել հայտնի էին Նոր Նախիջևանի Ս. Խաչ վանքի դպրոցը՝ առաջինը Ռ-ում, Աստրախանի Աղաբաբյան դպրոցը, Մոսկվայի Լազարյան ճեմարանը: Հայկական դպրոցներ են գործել նաև Եկատերինոդարում, Ստավրոպոլում, Արմավիրում, Մոզդոկում, Ղզլարում, Կիսլովոդսկում և այլուր:

Ռ-ում առաջին հայ պարբերականը «Արևելյան ծանուցմունք» շաբաթաթերթն է (լույս է տեսել Աստրախանում, 1816-ին): Տարբեր տարիների հայերեն թերթեր և ամսագրեր են հրատարակվել Մոսկվայում (ավելի քան 20 անուն), Նոր Նախիջևանում (20 անուն), Սանկտ Պետերբուրգում (5 անուն), Պյատիգորսկում (6 անուն) ևն:

Առաջին հայկական տպարանը Ռ-ում հիմնադրվել է 1780-ական թթ. սկզբին՝ Սանկտ Պետերբուրգում: Հայտնի էր Մոսկվայի Լազարյան ճեմարանի տպարանը: XVIII դ. վերջից մինչև XX դ. 20-ական թթ. Ռ-ում գործել է 24 հայկական տպարան:

Հայկական գաղութների կազմավորման գործընթացը շարունակվել է նաև XIX դ. 1-ին կեսին: 1839-ին չերքեզահայերը հիմնադրել են Արմա-