Հայ գաղթականները փորձառություն և հմտություն են ձեռք բերել նաև այլ արհեստներում, հատկապես ավտոմեքենաների սպասարկման և նորոգման բնագավառում: Հետագայում նրանք հիմնել են իրենց արհեստանոցները: 1920-30-ական թթ. Ս-ի վարորդների մեծամասնությունը հայեր էին: Բացվել են ավտոմեքենաներ սպասարկող արհեստանոցներ: Տիգրան Թոքմաքյանն առաջինը Հալեպում հիմնել է մարտկոցների վերալիցքավորման արհեստանոց: Հայերը սկսել են մասնագիտանալ ավտոմեքենաների մասերի նորոգման և պատրաստման գործում: Փորձառու խառատ Հակոբ Սերոբյանը հրատարակել է ձեռնարկ սկսնակ արհեստավորների համար՝ «Գործնական առաջնորդ խարատներու և ֆրեզայի աշխատաւորներու համար և օգտակար այլ գիտելիքներ այլ մեքենական արհեստներու մասին» (Հալեպ, 1931):
1930-ական թթ. Հալեպում հիմնվել է Պարսումյան-Գարայան կերպասեղենի ֆաբրիկան, որն ունեցել է մինչև 260 աշխատող: Արտադրանքը սպառվել է ոչ միայն Ս-ում, այլև արտահանվել է Իրաք, Եգիպտոս և Հորդանան: Արտադրությունը գործել է մինչև 1960-ական թթ.:
1930-ական թթ. սկզբներին Հալեպում Հեդվիգ Քյուլի (Բյուլ Մայրիկ) նախաձեռնությամբ հիմնվել է կարպետների արտադրության արհեստանոց, որտեղ աշխատել են գաղթական հայ աղջիկներ ու կանայք: 1940-60-ին՝ Հալեպում և Ցագուպիեում, իսկ 1960-80-ին Յագուպիեում և Ջիդեյդիում գործել են Անդրանիկ Քելլեյանի գորգագործական ձեռնարկությունները:
Ս-ի հայ գաղթօջախի համար ծանր հարված էր 1938-39-ին Թուրքիայի կողմից Ալեքսանդրետի սանջակի բռնազավթումը (զբաղեցնում էր երկրի հյուսիսարեմտյան հատվածը): Դրա հետևանքով շուրջ 35 հզ. Հայեր տեղահանվել և հասաաավել են ինչպես Ս-ի այլևայլ բնակավայրերում, այնպես էլ հարևան Լիբանանում: Հայաթափվել են Մուսա լեռան բնակավայրերը (1936-37-ին՝ 10 հզ. բնակիչ), Ալեքսանդրետը [Բեյլանի գյուղերի հետ (Աթիկ, Սովուք-սու, Սովուք-օլուք, Նարգիզլիք կամ Նարկիզլիկ ևն) 1936-37-ին՝ 16 հզ. բնակիչ], Անտիոքի, Կրըկխանի և Ռիհանիեի շրջանները (1936-37-ին՝ 9 հզ. բնակիչ): Ս-ի կազմում է մնացել միայն նախկին սանջակի հարավային փոքր հատվածը՝ Քեսաբը: 1940-50-ական թթ. աստիճանաբար մարել են Ազագի, Ամուտայի, Այն Արուսի, Այն Դիաուրի (Այն Տիվար), Արաբ Բունարի, Աֆրինի, Բաբի (Պապ), Դըրբեսիայի (Տըրպեսիե), Թել Բրաքի, Թել Քյոչեքի, Թինայի, Համայի, Հոմսի, Մամբիջի (Մանպուճ), Մեյդան Էքբեզի, Չաթալ-Թեփեի, Ջարաբլուսի (Ճարապլուս), Ջիսր-Շուղուրի (Ճըսր) համայնքները, որտեղից հայերը կամ տեղափոխվել են ավելի խոշոր հայկական կենտրոններ, կամ հայրենադարձվել են (1946-48-ին): Սիրիահայերի արտագաղթը շարունակվել է նաև հետագա տասնամյակներին (ԱՄՆ, Կանադա, Լիբանան ևն):
1940-50-ական թթ. Ս-ում գործել են մի շարք հայկական ֆիրմաներ. «Անթուան Օհանյան» (Հալեպում, զբաղվել է մեքենաների, պահեստամասերի, մեխանիկական արհեստանոցների ու տարբեր արդյունաբերական ձեռնարկությունների համար սարքավորումների ներմուծմամբ), «Խանգոզյան եղբայրներ» (հիմնվել է 1927-ին, ներմուծել է գյուղատնտեսական մեքենաներ ու ավտոմեքենաների պահեստամասեր, ունեցել է մեխանիկական արհեստանոցներ), «Ազատ Բեդիկյան» (հիմնվել է 1920-ական թթ., զբաղվելէ հնաոճ ու ժամանակակից կահույքի արտադրությամբ և առևտրով):
Ս-ում անկախ պետականության հաստատումը (1946-ի ապրիլի 17) աննախադեպ պայմաններ է ստեղծել երկրի տնտեսության զարգացման համար: Աշխուժացել է նաև սիրիահայ գործարարների գործունեությունը: Մանր ու միջին արդյունաբերական և բաժնետիրական ընկերություններում նրանց մասնաբաժինը կազմել է կապիտալ ներդրումների 10 %-ը: 1953-ին Ս-ում գործել են 23 հայկական, 4 խառը (հայ-արաբական) ընտանեկան ձեռնարկություններ և 157 հայկական անհատական ֆիրմաներ:
1950-ական թթ. 32 հայ ձեռնարկատերեր զբաղվել են արդյունաբերական գործունեությամբ, ունեցել խոշոր և միջին ձեռնարկություններ: 1954-ին Դավիր Կակաջյանն ու Արթին Շառոյանը հիմնել են բամբակազտիչ հաստոցներ արտադրող գործարան, որն ունեցել է 15 բանվոր, թողարկել ամսական 20 հաստոց: Ա. Դեմիրճյանը հիմնել է մետաղամշակման գործարան, որն արտադրել է մեքենաների և տարբեր հաստոցների պահեստամասեր, բամբակազտիչ հաստոցներ: Հայ ձեռնարկատեր Ջորջ Միքայելյանը Հալեպում ունեցել է բամբակի զտման գործարան և բաժնետոմսեր Լաթաքիայի «Ասֆալտի քաղաքացիական ընկերությունում» և «Համայի չուգունի ձուլման ընկերությունում»: Ջ. Սիքայելյանը Հալեպի առևտրի պալատի անդամ էր: Արթուր Խոշմեթլյանը Դամասկոսում հիմնել է ակնոցի արտադրություն և կազմակերպել վաճառք, իսկ 1956-ին բացել է մասնագիտացված խանութ:
1960-ին Հալեպի առևտրական պալատում գրանցված էր հայերին պատկանող 34 արդյունաբերական ձեռնարկություն: Մինչև 1963-ը Ս-ի խոշոր քաղաքներում եղել է տնային կահույքի պատրաստման 82 մանր ձեռնարկություն, որոնցից 8-ը պատկանել է հայերին: Հայ ձեռնարկատերերն ունեցել են նաև օճառի 3 գործարան, 1 սղոցարան, 2 գորգա-