Jump to content

Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/546

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պատմաբաններ Պ. Մուրադյանը, Ա. Մելքոնյանը, քիմիկոսներ Շ. Բադանյանը, Ս. Դավթյանը, թունելաշինարար Մ. Դանդուրովը, անասնաբույծ-ընտրասերումնաբաններ Հ. Մադոյանը, Վ. Զորանյանը, Գ. Գիլոյանը, գինեկոլոգ Ռ. Աբրահամյանը, գեներալ-լեյտենանտներ Հ. Օվանօղլյանը, Մ. Աբրահամյանը, Վյաչեսլավ և Վաղարշակ Հարությունյանները, ոստիկանության գեներալ-մայորներ Հ. Մարտիրոսյանը, Հ. Հունանյանը, ըմբշամարտի աշխարհի չեմպիոն (1982-83) Բ. Փաշայանը, ինչպեսնաև գիտության, մշակույթի, սպորտի և ռազմական գործի բազմաթիվ այլ գործիչներ:

Ասպինձայի շրջանը կազմել է Սամցխեի արևելյան հատվածը: XV-XVII դդ. այստեղ հայտնի էին Թմուկ (Թմկաբերդ), Ասպինձա (Ասպնջակ), Խերթվիս (Խըրթըզ) գրեթե զուտ հայաբնակ բերդաքաղաքները, 2 տասնյակից ավելի գյուղեր և ավաններ: Օսմանյան տիրապետության ժամանակ հայերի թիվը խիստ նվազել է. 1824-ին հայեր են բնակվել միայն Խիզաբավրա, Բնելա, Վարգավ, Խերթվիս գյուղերում (ավելի ուշ աստիճանաբար վրացացել են): Ներկայումս (2003) շրջանում ապրում է 2780 հայ, հիմնական մասը (2300)՝ Դամալայում, մասամբ՝ համանուն շրջկենտրոնում, Ածղվիթա, Ռուսթավ, Տոլոշ գյուղերում: Դամալայի հայերը Կարինի նահանգից գաղթած վերաբնակներ են: 1918-ին այստեղ բնակություն են հաստատել նաև Արդահանից եկած մի քանի հայ ընտանիքներ:

1918-ի թուրքական հարձակման ժամանակ Դամալան չի գաղթել, դիմադրել է՝ տալով 500-ից ավելի զոհ:

Գյուղն ունի միջնակարգ դպրոց, որտեղ սովորել է 460 (1985), 417 (1999), 366 (2002) աշակերտ: 1990-ական թթ. արտագաղթը զգալիորեն ավելացել է: Գյուղում կանգուն է Ս. Խաչ եկեղեցին (1843): Հայտնի են Թմկաբերդ նաև Խիզաբավրայի Ս. Սրտի Հիսուսի (հայ կաթոլիկ) և Ս. Խաչ (XII-XIII դդ.), Վարգավի Ս. Աստվածածին (հայ կաթոլիկ, 1890), Թոկի՝ XII-XIII դդ., Թմոգվիի (Թմուկ) ժայռափոր եկեղեցիները: Դամալայում են ծնվել գրող Վ. Սաղաթելյանը, լրագրող Տ. Ֆարմանյանը և ուրիշներ:

Բոլնիսի շրջանը համապատասխանում է պատմական Գուգարքի Բողնոփոր և Քվիշափոր գավառներին: Մինչև XVIII դ. 1-ին կեսը եղել է գրեթե զուտ հայաբնակ: Ամայացել է Նադիր շահի ավերիչ արշավանքների և թրքախոս քոչվորների ասպատակությունների հետևանքով: Այժմյան հայ բնակիչների նախնիները հաստատվել են 1789-ից (Մելիք Աբով Մելիք Բեգլարյանի առաջնորդությամբ Ղարաբաղից եկած վերաբնակների հետևորդներն են): Հայերը՝ մոտ 5 հզ. մարդ, կենտրոնացած են Բոլնիս քաղաքում, Բոլնիս-Խաչեն և Կիանեթ գյուղերում, ապրում են նաև Կազրեթ ավանում, Բալիճ (վրացախոս), Դարպաս (վրացախոս), Սամծերիս, Փոլադաուրի գյուղերում: Բոլնիսում, Բոլնիս-Խաչենում և Կիանեթում կան հայկական դպրոցներ (Կիանեթում՝ ոչ լրիվ միջնակարգ), որոնցում սովորում է 416 աշակերտ (2002), միայն Բոլնիս-Խաչենում՝ 389:

Բոլնիս Խաչենում կանգուն են Ս. Աստվածածին (1884) և Կարմրավոր (1721) եկեղեցիները: Այդ գյուղում են ծնվել Ղ. Աղայանը (որտեղ 1965-ից գործում է նրա տուն-թանգարանը), երաժշտագետ Մ. Աղայանը, կոմպոզիտոր Թ. Հովհաննիսյանը, ՌԳԱ ակադեմիկոս, օվկիանոսագետ Մ. Խուբլարյանը, ֆիզմաթ գիտությունների դոկտոր Հ. Մինասյանը, Խորհրդային Միության հերոս Ա. Ռոստոմյանը, հասարակական, պետական աշխատող Ա. Դանիելյանը (2000-ից՝ ԼՂՀ վարչապետ), հունահռոմեական ոճի ըմբշամարտի 2001-ի աշխարհի չեմպիոն Վ. Գալստյանը և ուրիշներ: Հայաստանաբնակ բոլնիսխաչենցիները հիմնադրել են համանուն հայրենակցական միություն (նախագահ՝ Ա. Մանուչարյան), որը հնարավոր օգնություն է կազմակերպում գյուղին և հատկապես դպրոցին: Փոքրաթիվ հայեր են բնակվում (հիմնականում վրացախոս) նաև հարևան Դմանիսի շրջանի (պատմական Կանգարք) համանուն շրջկենտրոնում, Մամուլա, Մաշավերա (Գորնջուկ), Մեծ Գոմարեթ, Մեծ Դմանիս և Վարդիսուբան գյուղերում:

Բորժոմի շրջանի հայաբնակ գյուղերն անցյալում ընդգրկված են եղել Ախալքալաքի գավառի կազմում, բնակիչները հիմնականում Կարինի նահանգից եկած վերաբնակներ են: Ներկայումս (2003) զուտ հայաբնակ են Չխարոլան, Մոլիթը և Տաբածղուրին (Կարմիր վանք), վրացախառը'