Jump to content

Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/591

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կը Հայաստանում (1977): Այդ իրադարձությունների առթիվ Կիևում հրատարակվել է ժամանակակից հայ պոեզիայի երկու ժողովածու («Հայաստանի մեղեդիները», «Սևանի լուսաբացը»), «Հայաստանի ժամանակակից արձակագիրների պատմվածքների ժողովածուն», Ա. Բակունցի «Ալպիական մանուշակ» պատմվածքը, ինչպես նաև հայ գրականությանը նվիրված «Համաստեղություն» տարեգիրքը: 1977-ին Երևանում հրատարակվել են Բորիս Օլեյնիկի և Սվետլանա Իովենկոյի բանաստեղծությունների գրքույկները, Ու-ի և ուկրաինական գրականության մասին հայ գրողների բանաստեղծությունների, ակնարկների, հոդվածների, հուշերի ու նամակների՝ Ս. Ամիրյանի կազմած ժողովածուն. «Բարև, Ուկրաինա» խորագրով (ռուսերեն): Ուկրաինացի գրողների ստեղծագործությունները թարգմանել են Ս. Կապուտիկյանը, Գ. Էմինը, Հ. Հովհաննիսյանը, Վ. Դավթյանը, Լ. Միրիջանյանը, Ա. Սահակյանը և ուրիշներ:

1980-ին Կիևում հրատարակվել է «Խորհրդահայ պոեզիայի անթոլոգիա» (կազմել ու խմբագրել են Վ. Կոչևսկին և Գ. Թաթոսյանը), 1984-ին Երևանում լույս է տեսել «Եղբայրական քնար» ժողովածուն (կազմող՝ Գ. Հովնան), որը բովանդակում է ուկրաինացի բանաստեղծների՝ Հայաստանին նվիրված բանաստեղծությունների թարգմանությունները:

Ճարտարապետություն և կերպարվեստ: Կիևի Ս. Սոֆիայի տաճարում պահպանվել են Գրիգոր Լուսավորչի, Հռիփսիմեի պատկերներով որմնանկարների պատառիկներ, XVI-XVII դդ. հայերեն 22 արձանագրություններ, կցագրերի տեսքով՝ Կիևի մեծ իշխան Յարոսլավ Իմաստունի սարկոֆագի (XI դ.) կափարիչին: Հայկական հոգևոր-մշակութային կարևոր կենտրոններ էին Կամենեց-Պոդոլսկը, Լվովը՝ հայկական եկեղեցիներով, ամրոցաշինական ու աշխարհիկ յուրատիպ կառույցներով, թաղամասերով, փողոցներով, գրչատներով, որտեղ ընդօրինակվել ու ծաղկվել են բազմաթիվ ձեռագրեր: Լվովում են գործել մանրանկարիչներ Գրիգոր Լվովցին, Ղազար Բաբերդցին, XVII դ. ժամանակի նշանավոր նկարիչներ Պավել և Շիմոն Բոգուշները, Բարոնչների գերդաստանից՝ քանդակագործ Տադեուշ Բարոնչը և ուրիշներ (տես Լեհաստան): Հայկական ճարտարապետության ավանդույթներով XIII-XV դդ. Թեոդոսիայում կառուցվել է «Հայոց բերդ» պարիսպը և 8 եկեղեցի, Արմյանսկում՝ Ս. Աստվածածին (1861-63), Յալթայում՝ Ս. Հռիփսիմե (1909) եկեղեցիները, Սուրխաթում՝ Ս. Խաչ (1358), Բախչելի գյուղում՝ Ս. Փրկիչ (XV դ.) վանքերը, դպրոցներ (Ղարասուբազարում՝ կից թատրոնով, 1824, Թեոդոսիայում՝ Խալիբյան վարժարանը, 1858), աղբյուրներ Թեոդոսիայում՝ Ս. Ստեփանոսի եկեղեցու բակում (1491), Ծատուրի (Քափանակի, 1588) ևն: Ղրիմի հայ գրչության տարբեր կենտրոններում ձևավորվել է Ղրիմի մանրանկարչության դպրոցը (տես Ղրիմ բաժինը): XX դ. 2-րդ կեսից Ու-ի կերպարվեստում իրենց ներդրումն են ունեցել գեղանկարիչներ Ա. Ասվադովը, Վ. Սողոյանը, Ե. Լևխանյանը (բնանկարների լվովյան շարք), Մ. Բարոյանը, քանդակագործներ Թ. Բարսեղյանը, Ա. Նազարյանը, Ֆ. Սողոյանը, ճարտարապետ Սուրեն Փարաջանովը և ուրիշներ:

Երաժշտություն: 1873-ին թատերական գործիչ և կոմպոզիտոր Մ. Կրոպիվնիցկին բազմաձայն երգչախմբի համար ներդաշնակել է հայկական պատարագը, կոմպոզիտոր Գ. Կոզաչենկոն երգչախմբի համար մշակել հայկական ժողովրդական երգեր:

Կոմպոզիտոր Ա. Շտոգարենկոն, օգտագործելով հայկական ժողովրդական երգերի («Հոյ Նազան իմ» և «Շողեր ջան») մեղեդիները, ստեղծել է «Հայկական էսքիզներ» լարային կվարտետը (1958), Ա. Տեր-Ղևոնդյանը, Վ. Տիգրանյանը՝ Ու-ին նվիրված վոկալ երկեր, Ա. Աճեմյանը, Ս. Ջրբաշյանը՝ երգեր, հայ և ուկրաինացի կոմպոզիտորները՝ երգեր հայ և ուկրաինացի բանաստեղծների տեքստերով: Ու-ի հայ երաժիշտներից են օպերային երգչուհիներ Մ. Ալավերդյանը, Ա. Ժամագործյանը, Թ. Կալուստյանը, դիրիժորներից են Գ. Կարապետյանը, Վ. Փիրադյանը:

Թատրոն և կինո: 1668-ին Լվովի հայ կաթոլիկ սեմինարիումում բեմադրվել են ներկայացումներ: 1922-ից Խարկովում գործել է հայկական ակումբ, որն ունեցել է երաժշտական և թատերական խմբեր, 1924-ից՝ Խարկովի հայկական թատրոնը: Թատերախմբի հետ հյուրախաղերով հանդես են եկել Վ. Փափազյանը, Ա. Արմենյանը, Ց. Ամերիկյանը և ուրիշներ: 1933-ին թատրոնը դարձել է պետական (գլխավոր ռեժիսոր՝ Բ. Գարեմով): Թատրոնում պիեսներ են բեմադրել Վ. Փափազյանը, Կ. Ալվարյանը, Ֆ.