Jump to content

Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/61

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Հովհաննես Շիրազ» գրական խմբակը (Լոս Անջելես), «Համաստեղ» (Բոստոն), «Նիկոլ Աղբալյան» (Սան Ֆրանցիսկո) գրադարանները: 1987-ից Լոս Անջելեսում գործում է միության երաժշտական բաժինը:

Միությունն ԱՄՆ-ում ունի Արևմտյան և Արևելյան շրջանային վարչություններ: Մասնաճյուղեր են գործում Նյու Յորքում, Նյու Ջերսիում, Բոստոնում, Դետրոյտում, Չիկագոյում, Վաշինգտոնում, Ուստրում, Ֆիլադելֆիայում, Փրովիդենսում, Լոս Անջելեսում, Սան Ֆրանցիսկոյում, Գլենդելում, Ֆրեզնոյում, Մոնթեբելոյում, Փասադենայում, Լա Քրեսենթայում, Բրբանկում, Օրինջ Քաունթիում, Սան Ֆեռնանդո հովտում:

1993-ից «Ասպարեզ» օրաթերթում լույս է տեսնում «Համազգայինի տեղեկատու» ամենամսյա հավելվածը: Նյու Յորքի մասնաճյուղի գրական հանձնախումբը հրատարակում է «Մենք» պարբերաթերթը (հայերեն, անգլերեն): Ունի նաև ռադիոժամ:

Հայ մարմնամարզական միության (ՀՄՄ) ԱՄՆ-ի մասնաճյուղ, մարզական-երիտասարդական, սկաուտական կազմակերպություն: Գործում է ՍԴՀԿ հովանու ներքո՝ 1921-ին Հալեպում հիմնված ՀՄՄ կազմում: Ունի սկաուտական, մարզական խմբեր (բասկետբոլ, վոլեյբոլ թենիս ևն): 1979-ից ՀՄՄ-ի մասնաճյուղ է գործում Լոս Անջելեսում, ավելի ուշ՝ նաև Փասադենայում, Գլենդելում:

Հայ մշակութային հիմնարկ, հիմնվել է Առլինգտոնում (Բոստոն)՝ Վ. Թոփալյանի նախաձեռնությամբ: Նպատակը հիմնարկը արժեքավոր հրատարակություններով հարստացնելն է: Պարունակում է շուրջ 25 հզ. տարբեր հրատարակություններ (հայերեն, անգլերեն, ֆրանսերեն), հայ մամուլի ամբողջական հավաքածու, հին հայկական գորգեր, սափորներ:

Հիմնարկն ունի պետական ճանաչում. հոգածությունը ստանձնել է «Միրաք» հաստատությունը:


ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Ամերիկահայ գիտնականները նշանակալի ավանդ ունեն ԱՄՆ-ի գիտության և տեխնիկայի զարգացման գործում: Դեռևս 1843-ին Յեյլի համալսարանում ուսանած քիմիկոս Քրիստափոր Տեր-Սերոբյանը ստացել է ամերիկյան դոլարի հատուկ կանաչ և սև գույները: Միհրան Ղասաբյանը 1903-ին Ֆիլադելֆիայում հիմնադրելէ ԱՄՆ-ի առաջին ռենտգենյան լաբորատորիան: Պրոֆեսոր Վարազդատ Գազանճյանը դեմքի և ծնոտի պլաստիկ վիրաբուժության առաջին մասնագետներից է ԱՄՆ-ում: Տիեզերական հետազոտությունների ամերիկյան ծրագրին իր մասնակցությունն է բերել Արմիկ Գանտոյանը: Նրա պաշտոնավարած հաստատության լաբորատորիաներում է պատրաստվել «Կուրիեր 1-Բ» արբանյակը, որն արձակվել է 1960-ին: Ա. Գանտոյանը նաև ինքնաթիռների անօդաչու վայրէջքի ռադիոտեխնիկական սխեմայի հեղինակն է:

Տիեզերագիտության և աստղագիտության բնագավառում հայտնի անուններ են Դոնալդ Մինասյանը, Ջոն Կիրակոսյանը, Պոլ Սլեպյանը, Երվանդ Թերզյանը: Ակնառու է Առնոլդ Նիկողոսյանի ավանդը տիեզերական բժշկագիտության զարգացման գործում: Ամերիկյան աստղագնացների խմբում է Ջեյմս Բաղյանը: Հայազգի առաջին տիեզերագնացը, որպես բժշկակենսաբանական հետազոտությունների մասնագետ, թռիչք է կատարել «Դիսքավերի» (1989, մարտ) և «Կոլումբիա» (1991, հունիս) տիեզերանավերով: Միհրան Կյուլյանը 1967-ին Չիկագոյի համալսարանի լաբորատորիայում ստացել է ԴՆԹ (դեզօքսիռիբոնուկլեինաթթու): Անվանի գիտնականներից են մաթեմատիկոսներ Երվանդ Կողբետլյանցը, Կարլ Կարապետյանը, Տիգրան Էրքիլեթյանը, Հովարդ Նահիկյանը, Ֆրեդ Ասատուրյանը, Ալեքսանդր և Սմբատ Աբյան եղբայրները, Արա Ավագյանը, Հարություն Դադուրյանը, Արմեն Զեմանյանը, Արշակ Հաճյանը, կիրառական մաթեմատիկայի բնագավառում՝ Գևորգ (Ջորջ) Ադամյանը, հաշվողական տեխնիկայի բնագավառում՝ Էմին Ավագյանը, ֆիզիկոսներ Կարապետ Գապաքճյանր, Տիրան Թոմպուլյանը, Վազգեն Բարսեղյանը, Էնդրյու Նարկիզյանը, Նորման Բալաբանյանը, Ռիչարդ Գալստյանը, Արմեն Գաբրիելյանը, Տիգրան Կաբակչյանը, Հայկ Գաֆաֆյանը (ֆիզիկոս, մաթեմատիկոս, լեզվաբան), քիմիկոսներ Մանասե Սևակը, Քենեթ Ամիրյանը, մանրէաբան Արծրունի Փախչանյանը, մարդաբաններ Մարտին Աճեմյանը, Ջոն Պասմաճյանը, բժիշկ-գիտնականներ Ջոն Նազարյանը, Միհրան Բարունակյանը, Վերոնիկա Արմաղանը, Սիմոն Սիմոնյանը, սրտաբան Արամ Չոբանյանը, հոգեբույժներ Հայկազ Գրիգորյանը, Կարո Այվազյանը, վիրաբույժներ Համբարձում Քելեկյանը, Տիգրան Բերբերյանը, Ջոն Աբաջյանը, Նյու Յորքի անզգայացման կլինիկայի ղեկավար, ԱՄՆ-ի ակադեմիայի պատվավոր անդամ Վիրջինիա Աբգարը: Բժշկության բնագավառում մագնիսական ռեզոնանսի եղանակի կիրառման ոլոր-